Հարավային Սուդանի հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար. փորձագետ

09.02.2011, 10:41
Հարավային Սուդանի հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար. փորձագետ
Հարավային Սուդանի հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Սուդանի հանրաքվեն կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Սակայն եթե նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ևս մեկ հանրաքվեի անցկացման մասին համաձայնություն ձեռք բերվի, ապա ադրբեջանական կողմը կառաջադրի իր պայմանները, թե ինչպես և ինչ ձևաչափով պետք է անցկացվի այդ հանրաքվեն», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասել է Մարկարովը:

«Իհարկե, այս գործընթացը հարկավոր է դիտարկել նմանատիպ գործընթացների համատեքստում, որոնք հանգեցրեցին Արևելյան Թիմորի, Էրիթրեայի անկախությանը, սակայն հարկավոր է նաև նշել, որ բոլոր այս դեպքերում անկախությանը ձգտող այս կամ այն շարժումների ճանաչման վրա լուրջ ազդեցություն է ունեցել միջազգային հանրությունը», - ավելացրել է Մարկարովը:

Փորձագետի խոսքերով՝ եթե խոսենք նախադեպի մասին, ապա բոլոր նմանատիպ նախադեպերն օգնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Սակայն նա նշեց, որ հարկավոր է հաշվի առնել, որ ադրբեջանական դիրքորոշումը զգալիորեն տարբերվում է Խարթումի իշխանությունների դիրքորոշումից:

Հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Իբրահիմ Հալիլի խոսքերով՝ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի մասնակիցների ավելի քան 98 տոկոսը, ովքեր քվեարկել են երկրի հարավում, արտահայտվել են Հարավային Սուդանի բաժանման օգտին:

Քվեարկությանը մասնակցել է հանրաքվեին գրանցված մասնակիցների ավելի քան 97,5 տոկոսը (ավելի քան 3,8 մլն մարդ), որոնցից 98,83 տոկոսը (ավելի քան 3.792 մլն) քվեարկել են Հարավի և 1,17 տոկոսը (44 հազար 888) միասնության օգտին:

2005 թվականին 20-ամյա քաղաքացիական պատերազմից հետո երկրի Հյուսիսը ներկայացնող կառավարական ուժերը Համապարփակ խաղաղ համաձայնագիր են ստորագրել Հարավի ապստամբների հետ։ Դրա պայմանների համաձայն՝ նավթով հարուստ Հարավային Սուդանի ինքնորոշման հարցը պետք է լուծվի 2011 թվականի հունվարի 9-ին մեկնարկած հանրաքվեի միջոցով

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-