Դժվար թե գտնվի մի խելամիտ պետություն, որը շահագրգռված լինի Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ

22.12.2010, 19:17
Դժվար թե գտնվի մի խելամիտ պետություն, որը շահագրգռված լինի Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ
Դժվար թե գտնվի մի խելամիտ պետություն, որը շահագրգռված լինի Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ

Չեմ կիսում ծայրահեղական գնահատականները՝ ոչ չափազանցված ակնկալիքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ, ոչ էլ այդ անիրագործելի հույսերից բխած հառաչանքներն ու ամեն ինչ սկզբից սկսելու տենդագին կոչերը, չգիտես, թե ինչպես, բայց գրեթե զրոյից: Գլխավոր խնդիրների շուրջ կողմերի այդքան բևեռացված դիրքորոշումների դեպքում դժվար է նույնիսկ դանդաղ, բայց կանոնավոր առաջընթաց ակնկալել ղարաբաղյան բանակցություններում: Սակայն պետք էլ չի խուճապի մատնվել, երբ ակնհայտ են խոչընդոտներն ու արգելքներն այդ ճանապարհին: Եթե սա հարավային հոգեկերտվածքն է, ապա պետք են նաև ձմեռվա սառնամանիքները: Այո, մեծ դժվարություններն ակնհայտ են, բայց կախարդական միջոցներ չկան, և, որքան էլ դժվար լինի ընթացքը, անհրաժեշտ է շարունակել բանակցությունները: Անշուշտ, կարելի է թեթևացնել սկզբունքների համաձայնեցումը և համաձայնության գալը, բայց դա կախված է ավելի շատ կողմերից, քան միջնորդներից: Բացարձակապես պարզ է, որ Երևանի առաջարկած ուժի չկիրառման մասին համաձայնագիրը կարագացներ վիճելի հարցերի լուծումը, բայց Բաքուն չի ցանկանում դա:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն Իլհամ Ալիևը թիվ մեկ խնդիր է համարում յոթ շրջանների վերադարձն Ադրբեջանին: Բայց նրա սպառնալիքները հայերին չեն զրկում Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի պահելու առիթից: Բաքվում փաստացիորեն արգելված է «խորանալ» այն հարցում, թե ո՞վ երկարաձգեց պատերազմը մինչև 1994 թվականի մայիսը և բազմաթիվ հողերի կորուստը: Ամեն որդի չէ, որ կարող է ընդունել հոր սխալները, առավել ևս, իշխանության ղեկին լինելու դեպքում:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս, ըստ Ձեզ, կարելի է համատեղել ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը:

Վ.Կազիմիրով. Այս երկու սկզբունքները ծայրահեղ կարևոր եմ համարում, թեև տարբեր դրանք տարբեր ուղղվածություն ունեն: Դրանք տարբեր ոլորտների համար են՝ առաջինը պետության ներքին գործերի համար է, երկրորդը՝ միջպետական հարաբերությունների: Ցավոք, ոմանք չեն տարբերում այդ սկզբունքների կիրառման ոլորտները, իսկ մյուսներն էլ ոչ առանց շահադիտության խառնաշփոթ են մտցնում:

Միաժամանակ յուրաքանչյուր սկզբունք ամենևին էլ բացարձակ արժեք չէ: Չէ՞ որ մենք դրանք դիտարկում ենք ոչ թե վերացականության մեջ, այլ պատմական, աշխարհագրական և այլ հանգամանքների պրիզմայով: Կարո՞ղ են, արդյոք, այդ սկզբունքները նմանապես գործուն լինել ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ միջազգային կյանքի այնպիսի տեկտոնիկ երևույթների դեպքում, ինչպես պետությունների և նույնիսկ գերտերության փլուզումը, առավել ևս հենց իր տարածաշրջանում: Պարզ է, որ պայմանները միանգամայն տարբեր են: Դարաշրջանից, տարածաշրջանից և մի շարք այլ կոնկրետ պայմաններից էլ կախված են այդ սկզբունքներից յուրաքանչյուրի կիրառումն ու գործուն լինելը:

Եթե տարածքային ամբողջականության սկզբունքը գործեր նաև ներքաղաքական տեսանկյունից բացարձակ ուժով, ինչպես ճգնում են ներկայացնել Բաքվում, ապա, ինչպե՞ս կարող էին փլուզվել ԽՍՀՄ-ն ու Հարավսլավիան: Բոլորովին ակնհայտ է, որ այս ոլորտում, այս դարաշրջանում ու այս տարածաշրջանում զգալիորեն գործուն է բոլորովին այլ գործոն: Չի կարելի մի արշինով չափել բոլոր մայրցամաքներն ու տարբեր տասնամյակները: Կոնկրետ հանգամանքների հաշվի առնելն անաչառության օրենքն է:

«Նովոստի-Արմենիա». Խնդրի կարգավորման առաջարկված սկզբունքներից մեկը Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է ժողովրդի իրավաբանորեն պարտադրող կամարտահայտման ճանապարհով: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի հանրաքվեի անցկացման մեխանիզմը, այլ կերպ ասած, ո՞վ պետք է դրան մասնակցի:

Վ.Կազիմիրով. Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իսկ ավելի ճիշտ, ընտրողները, ներառյալ մինչև 1988 թվականն այնտեղ ապրած ադրբեջանցիները (միջազգային փորձը ցույց է տալիս, որ անկախության կամ այլ կարգավիճակի օգտին քվեարկել են Քվեբեկը, այլ ոչ ողջ Կանադան, Էրիթրեան, ոչ թե Եթովպիան, Կատալոնիան, և ոչ Իսպանիան և այլն): Բայց պետք է իրատես լինել՝ նկատի առնել, որ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ մինչև քվեարկությունը կապված է մեծ ռիսկերի հետ և նույնիսկ կարող է ձախողել քվեարկությունը: Նրանք պետք է Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան, երբ արդեն պարզ լինի, թե ինչ իշխանություն է այնտեղ: Բայց միաժամանակ նրանք պետք է ձայնի իրավունք ունենան: Չէ՞ որ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ մի անգամ չէ, որ ընտրատեղամասեր են ստեղծվել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչների համար:
 
Այդ փորձը կարող է կիրառվել քվեարկության նրանց «հեռահար» մասնակցության համար: Իհարկե, անհրաժեշտ է համաձայնեցնել կամարտահայտման բոլոր պայմանները, ներառյալ ցանկացած ընտրության իրական ազատության ապահովումը, ոչ թե «վզակապով» քվեարկության ծաղրանկար ստեղծել: Բայց առայժմ չեմ հավատում, Բաքուն իսկապես կկատարի նման կամարտահայտման անցկացման պարտավորությունները, այդ պատճառով չի կարելի «վաղվան» թողնել կամարտահայտման ժամկետի և պայմանների հստակեցումը՝ սա հենց համաձայնագրի անբաժան մասն է:

«Նովոստի-Արմենիա». Ղարաբաղյան հակամարտության կողմերին վստահության քայլեր պե՞տք են:

Վ.Կազիմիրով. Վստահության քայլերը, անկասկած, պետք են և օգտակար, բայց այստեղ իդեալիզմը չի օգնի՝ պետք է դրանց զուտ իրատեսորեն մոտենալ: Դրանց կիրառման համար նախևառաջ պետք է մաքրել շինհրապարակն անցյալի աղբից: Իմ կարծիքով, միջնորդները պետք է բարձրացնեն պահանջները կողմերի նկատմամբ պաշտոնապես ընդունած պարտավորությունների կատարման հարցում:

Նրանք գիտեն, որ առայժմ գրեթե ուշադրություն չեն դարձնում նրան, որ նրանցից մեկը վաղուց խախտում է իր ստանձնած պարտավորությունները: Պատերազմի տարիներին կողմը չորս անգամ տապալել է ժամանակավոր հրադադարի ռեժիմները, անդորրի ժամանակ հրաժարվեցին շփման գծից զորքերի բաժանման երկու տարբերակներից, չի ընդունում 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի անժամկետայնությունը, անտեսում է 1995 թվականի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրը: Ես այս ամենը, չնայած իր պաշտոնատար և լիազորված անձանց ստորագրությունների: Բայց այս ամենի մասին լռում են:

Նրանից հարցնելու փոխարեն համանախագահները խոսում են վստահության քայլերի անհրաժեշտության և հրադադարի ռեժիմի ամրապնդման լրացուցիչ քայլերի մասին: Ի՞նչ վստահության մասին է խոսքը, եթե կողմը վաղուց գործով ցույց է տվել, որ արժանի չէ դրան:

Այս ամենը երևում է ինչպես անցյալում, այնպես էլ  իր կնիքն է դնում ապագայի վրա: Ենթադրենք, որ կարգավորման սկզբունքների վերաբերյալ տանջալի բանակցություններից հետո, այնուամենայնիվ, համաձայնագիր կստորագրվի, որ կոչում են խաղաղ /թեև ոչ ոք պատերազմ չի հայտարարել, և ավելի լավ կլիներ, որ այն կոչեին զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր/: Իսկ արդյո՞ք, այն կկատարվի: Կա արդյո՞ք համոզվածություն: Սա արդյունավետ աշխատանք է պահանջում, արդեն այժմ (թեև արդեն մի քիչ ուշ է), ոչ թե այն ժամանակ, երբ կբացահայտվի կողմերի կամ կողմերից մեկի նույն ոչ պարտադիր լինելը:

Մինչդեռ արդարացված մտահոգություն կա, որ ոչ ամեն ինչ կպահպանվի և կկատարվի: Առայժմ հնարավոր չէ հավատալ, որ սահուն կանցնի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Արդեն հիմա պարզ է, որ Բաքուն կանի հնարավոր ամենը և նույնիսկ ավելին, որպեսզի սկզբում ձգձգի, իսկ այնուհետև նաև տապալի «իրավաբանորեն պարտադրող կամարտահայտությունը»:

«Նովոստի-Արմենիա». Չե՞ք կարծում, որ Ռուսաստանը, որի շնորհիվ ստորագրվեց հրադադարի համաձայնագիրը, որոշակի բարոյական պարտավորություններ ունի հակամարտության գոտում ռազմական գործողություններ թույլ չտալու նկատմամբ:

Վ.Կազիմիրով. Ռուսաստանը, ինչպես և բազմաթիվ պետություններ, ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, միանշանակ հերքում է ռազմական գործողությունների վերսկսումը: Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի մեկին Աստանայում ընդգծեց հակամարտությունների կարգավորման հարցում ռազմական ուժի կիրառման անընդունելի լինելը: Դրա համար չէինք տարիներ շարունակ պայքարում Ղարաբաղի անդորրի համար, որ հանգիստ նայենք արյունոտ նոր ավանտյուրաներին: Սա պարզից պարզ է և մեկնաբանությունների կարիք չունի:

Բայց նմանատիպ «բարոյական պարտավորություններ» ունի նաև ԵԱՀԿ-ն, և միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ: Ավելին, կարելի է ասել, որ հրադադարի հետ կապ չունեցող պետությունները պարտավոր են փոխհատուցել դա ռազմական գործողությունների վերսկսման անընդունելիության հարցում ունեցած ավանդով:

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Կան, արդյո՞ք, նման սցենարով շահագրգռված ուժեր, այդ թվում՝ տարածաշրջանից դուրս:

Վ.Կազիմիրով. Դժվար թե Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ շահագրգռված խելամիտ պետություն գտնվի: Նույնիսկ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանով: Իհարկե, այստեղ խոսում եմ ժողովրդի և նույնիսկ հենց պետության օբյեկտիվ շահերի, և ոչ թե նրա իշխող վերնախավում ավանտյուրիզմի դրսևորումների մասին: Ադրբեջանական ժողովրդին ռազմական ավանտյուրան լավ բան չի տա: Լրացնելով անցյալի բացասական էջերը՝ նա կթունավորեր հարևան պետությունների միջև հարաբերությունները: Իսկ հաշվի առնելով Անդրկովկասի աճող նշանակությունն աշխարհի քարտեզի վրա միջազգային ծանր հետևանքներ կունենար և ամենևին էլ ոչ ադրբեջանցիների օգտին:

Ենթադրում եմ, որ Իլհամ Ալիևը քաջ գիտակցում է դա, բայց դիտավորությամբ ամեն կերպ դրամատիկ է դարձնում դրությունը և սպառնալիքներ ցանում, որպեսզի վախեցնի միջազգային հանրությանը և զիջումների հասնի հայերի կողմից առանց փոխադարձ զիջումների: Բաքվի խոսքերն այն մասին, թե համբերությունն անսահման չէ, կարելի էր տարածել այն բոլոր ժամանակահատվածների վրա, երբ նա ինքն էր ձգձգում խնդրի կարգավորումը Ղարաբաղում, և ոչ թե հայերը: Չէ որ ինչ-որ մեկն էլ էր ձգձգում պատերազմը՝ կամա թե ակամա նպաստելով բռնազավթման ընդլայնմանը:

Դժվար հավանական է ռազմական գործողությունների լայնամասշտաբ վերսկսումը, բայց ժամանակ առ ժամանակ հնարավոր են վտանգավոր միջադեպեր, դրանց ընդլայնում և լարվածության ավելացման այլ միջոցներ: Արդյո՞ք, բնութագրող չէ այն, որ Բաքուն բառացիորեն ամեն օր հանդիմանում է հայերին հրադադարի ռեժիմի խախտման համար, բայց արդեն երկար տարիներ միջադեպերի վերացման միջոցներ չի առաջարկում: Եթե դա նրան այդքան մտահոգում է, ապա ու՞ր են առաջարկությունները: Միևնույն ժամանակ Բաքուն մի ձայն անգամ չի հանում Երևանի և Ստեփանակերտի՝ 1995 թվականի փետրվարի համաձայնագրի կատարման վերաբերյալ առաջարկներին ի պատասխան: Սա արդեն բավական է դատելու համար, թե ով ով է:

«Նովոստի-Արմենիա». Ռուսաստանը վերջին ժամանակներում ավելի ակտիվ է աշխատում մյուս համանախագահներից հակամարտության կարգավորման ուղղությամբ: Կարելի՞ է պնդել, որ ռուսական կողմի առաջատար դիրքերն այս գործընթացում ավելի արդյունավետ են:

Վ.Կազիմիրով. Ռուսաստանի այս աշխատանքը համաձայնեցվում է ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ: Կասկածում եմ, թե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կկարողանային ապահովել Հիլարի Քլինթոնի և Բեռնար Քուշների կամ Միշել Ալյո Մարիի անձնական մասնակցությունը հանդիպումների մի հոծ շարքին, որոնք Դմիտրի Մեդվեդևի հանձնարարականով Սերգեյ Լավրովն անցկացրեց վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բացի այդ, Լավրովը տեղեկացնում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպումների արդյունքների մասին: Պարզապես Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար ավելի է (և ավելի ցավոտ, և ավելի անհանդուրժողական է), քան մի շարք այլ պետությունների համար:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք վերաբերվում նման խնդիրների լուծման միասնական չափանիշների մշակման հնարավորությանը:  

Վ.Կազիմիրով. Անկասկած, դրական, և ոչ միայն այն պատճառով, որ այդ խնդիրը դրվել է Աստանայում Ռուսաստանի նախագահի կողմից: Դա բխում է ժամանակակից միջազգային հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման վերաբերյալ միջնորդական աշխատանքի բազմաթիվ դասերից:

«Նովոստի-Արմենիա». Վերջերս «Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցությունը հանդես եկավ Ղարաբաղի անկախության ճանաչման օրենսդրական նախաձեռնությամբ: Ւ՞նչ եք կարծում, արդյունավետ կլինի՞ Ղարաբաղի միակողմանի ճանաչումը Հայաստանի կողմից:

Վ.Կազիմիրով. Դա պետք է քննարկեն իրենք հայերն ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում: Պարզ է միայն, որ նրանք պետք է կշռեն և դրական, և բացասական կողմերը, ինչպես նաև նման քայլի յուրաքանչյուր ակնթարթի առանձնահատկությունը: Ես անձամբ ավելի արդիական եմ համարում վստահաբար ցույց տալ, որ առանց Լեռնային Ղարաբաղի ինքնուրույն դերի չի կարելի վճռել նրա ճակատագիրը:
 
«Նովոստի-Արմենիա». Արդյո՞ք հավանական եք համարում կողմերի պարտադրումը ինչ-որ որոշումների գերտերությունների կողմից միասնական դիրքորոշումների մշակման դեպքում:

Վ.Կազիմիրով. Այո, բայց ամենավատ տարբերակի՝ ռազմական գործողությունների դեպքում, որոնք ակնհայտորեն կսպառնային տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, իսկ դրա համար գոյություն ունի ՄԱԿ-ի Կանոնադրության  7-րդ գլուխը: Քայլեր անհրաժեշտ կլինեին դրանց անհապաղ կասեցման համար: Իհարկե, ոչ թե ուժով, առավել ևս, ոչ միանգամից, սկզբում պետք է անել ամեն ինչ՝ դրանք համալիր այլ միջոցներով կանխելու համար: Բացի այդ, ի տարբերություն Ակվիլայում և Մուսկոկում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի Լեռնային Ղարաբաղի նախագահների արած հայտարարությունների, Աստանայում այդ երկրների պատվիրակությունների ղեկավարների կողմից Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ միասին ընդունած փաստաթուղթը ժամանակին է հիշեցնում նաև ՄԱԿ-ի Կանոնադրության մասին: -0-