ԱՊՀ երկրներում միմյանց նորից ճանաչելու գործընթաց է նկատվում. Սմբատյան
– Կարծում եմ, որ այսօր ֆորումները շատ պահանջված միջոցառումներ են, և հենց հիմա են նրանք դարձել հատկապես ֆունկցիոնալ: Ես արդեն ասել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ վերջերս ԱՊՀ երկրներում միմյանց նորից ճանաչելու գործընթաց է նկատվում:
Շուտով մենք կնշենք ԱՊՀ-ի 20-ամյակը, արդեն 20 տարի է մենք անկախ պետությունների կարգավիճակում ենք, արդեն կան ինստիտուցիոնալ գործող երկրներ, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդեն անհնար է վերադարձնել անցյալը, Խորհրդային Միությունը: Այսօր հաճախ հնչում է «ինտեգրացիա» բառը, սակայն եթե մենք միմյանց հանդեպ հետաքրքրություն չունենանք, անիմաստ է օգտագործել այդ բառը և ընդհանրապես գնալ ինտեգրման: Եթե մենք հետաքրքիր չլինենք միմյանց համար և չհարգենք միմյանց, ապա անիմաստ է շփվել, բարեկամություն անել և նայել դեպի ապագա: Նշանակում է` կարևոր է հետաքրքրվածությունը, պետք է առկա լինեն ամեն երկրի պրագմատիկ շահերը:
Անհրաժեշտ է հարգել միմյանց, չպետք է լինի ավագ և կրտսեր եղբայր հասկացությունը, դա ավարտվել է: Կան երկրներ և ժողովուրդներ` սեփական մշակույթով: Եթե կա ցանկություն, հարգանք, ապա նրանք կշփվեն և կինտեգրվեն տարբեր ոլորտներում:
Հենց հումանիտար ոլորտը, մշակույթը, կրթությունը, գիտությունը, երիտասարդներին վերաբերող հարցերը, սպորտն են հնարավորություն տալիս ուսումնասիրել միմյանց տարածության վրա, և եթե կան համատեղ հետաքրքրություններ, ապա այդ հարաբերությունները կարող են զարգանալ: Դա կարող է լավ հիմք դառնալ արդեն այլ ոլորտներում հետագա ինտեգրման համար:
«Նովոստի-Արմենիա» - Այսօր այդ գործընթացը նկատելի՞ է:
Ա. Սմբատյան – Այսօր ես այդ գործընթացը զգում եմ և ոչ միայն Բելառուսում: Բելառուսը բացարձակապես այլ երկիր է, որտեղ բավականին ուժեղ են ընկալվում դաշնակցային հասկացությունները:
Ոչ ոք չէր կարող մտածել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան և Ռուսաստանը մտերիմ գործընկերներ կդառնան: Այդ մասին նույնիսկ մտածելն անհեթեթություն էր, այն պայմաններում, երբ գրեթե 50 միլիոն մարդ էր զոհվել: Այսօր այդ երկրներն ամենամտերիմ գործընկերներ են, և նման օրինակները շատ են` Հունաստան-Թուրքիա (Հյուսիսային Կիպրոս), Եվրամիություն-Սերբիա (Կոսովո): Կարող եմ բերել Ռուսաստանի և Ճապոնիայի օրինակը, որոնց միջև տարաձայնություններ կան Կուրիլյան կղզիների կապակցությամբ, սակայն այդ երկրները շփվում են, հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, շատ բարձր ապրանքաշրջանառություն կա և նորմալ միջպետական հարաբերություններ: Այսինքն, կարող է հակամարտություն լինել, սակայն ժողովուրդները պետք է շփվեն, հարգեն միմյանց, գործեն քաղաքակիրթ ձևով: Չէ՞ որ մենք ապրում ենք XXI դարում: Այ, դուք էլ պետք է հասնեք նրան, որ ԱՊՀ բոլոր երկրները սկսեն հարգել միմյանց, շփվել, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բանի հասնել:
Կարծում եմ, որ նման բան հնարավոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի դիմակայության հարցում, քանի որ այդ երկրներում ևս կան մարդիկ, ովքեր մտածում են իրենց երեխանեի, ապագա սերունդների մասին: Ամեն դեպքում պատմությունն իրենը անում է, մենք պետք է հավատանք դրան և մտածենք ապագա սերունդների մասին: Վաղ թե ուշ այդ հարցը կլուծվի, հավատացեք: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ եթե այսօր ինչ-որ բացասական բան կա, ապա պետք է գտնվեն մարդիկ, ովքեր շփվում են, դա ժողովուրդների շփման քաղաքակիրթ ձև է:
«Նովոստի-Արմենիա» - Ձեր հիմնադրամի շրջանակներում ինչպիսի՞ մեդիա-նախագծեր եք պատրաստվում իրականացնել:
Ա. Սմբատյան – Առաջին հերթին հետաքրքիր նախագծերից մեկը ԱՊՀ մամուլի ակումբի բացումն է: Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեի, որ նման բան չկար: Մենք լուրջ մամուլի ակումբ կբացենք: Հնարավորություններ կստեղծենք, որպեսզի հետխորհրդային տարածքի և ոչ միայն այդ տարածքի բոլոր լրագրողները կարողանան այնտեղ շփվել, կարծիքներ կիսել: Պետք է հարմարավետ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ պարզապես շփվեն և արտահայտեն իրենց կարծիքը, կիսեն այն դիմացինի հետ: Միայն մեդիատարածքի միջոցով կարելի է ինչ-որ բանի հասնել: Սակայն դրան հասնելու համար մի կարևոր մանրուք կա. մենք պետք է հասնենք նրան, որ հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները միմյանց մասին քիչ բացասական բաներ գրեն: Պարզապես պետք է պայմանավորվել, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Հասկանու՞մ եք` մարդկային հարաբերությունները նուրբ մատերիա է: Երբ ԶԼՄ-ների միջոցով բացասական լիցք է հաղորդվում, ապա դա անմիջապես վանում է, ետ է մղում:
Ոչ մի կերպ չի ստացվում անել այնպես, որ լավը նկատեն: Այսօր հեռուստատեսությունը ցուցադրում է արյուն, մահ, պոռնոգրաֆիա, թմրանյութեր, սպանություններ: Մի՞թե ԱՊՀ երկրներում միայն բացասական բաներ կան: Ախր այնտեղ մարդիկ են ապրում` սեփական մշակույթով: Դրանք հետաքրքիր երկրներ են: Ես եղել եմ այդ երկրներում և շատ հետաքրքիր բաներ եմ տեսել: Իսկ Բելառուսը իսկական բացահայտում էր: Տեսեք, թե ինչպիսին է Մինսկը, ինչպիսի մարդիկ կան, բոլորը ժպտում են: Տեսեք, թե ինչպես են վերաբերվում քաղաքին: Իսկ մենք դա չգիտենք:
«Նովոստի-Արմենիա» - Կա՞ն, արդյոք, այլ հետաքրքիր նախագծեր:
Ա. Սմբատյան – Շատ լավ նախագիծ ունենք` ցանցային համալսարան` Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի հիման վրա: Մենք ԱՊՀ բոլոր երկրներից բաղկացած կոնսորցիում ենք ստեղծել, որտեղ ներառված է նաև Երևանի պետական համալսարանը: Նախագծով նախատեսվում է, որ մագիստրատուրա ընդունվելուց և առաջին կուրսն ավարտելուց հետո երիտասարդները տեղափոխվում են սովորելու կամ Մոսկվա, կամ Բելառուս, հնարավոր է նաև` Նովոսիբիրսկ և Սանկտ Պետերբուրգ: Սա շատ հետաքրքիր գործընթաց է: Փորձնական նախագիծ է իրականացվում, հիմա մենք դեռ նոր են սկսում փորձարկումը: Կարծում եմ` ամեն ինչ կստացվի:
Սակայն կա էլ ավելի խոշոր նախագիծ` Մոսկվայի պետական համալսարանի բազայի վրա: Դա ԱՊՀ երկրների լրագրության մագիստրոսական դասընթացներն են: ԱՊՀ երկրների մեկական ներկայացուցիչ կարող է ուսանել մագիստրոսական դասընթացներում: Սա ևս շատ հետաքրքիր է, որպեսզի նրանք կարողանան ուսումնասիրեն ԱՊՀ երկրներն ու գրեն նրանց մասին:
Մտածում եմ հաջորդ տարի դիմել Անատոլի Տորկունովին (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր)` ինստիտուտում ԱՊՀ երկրների համար մագիստրոսական դասընթացներ անցկացնելու նպատակով, բայց որ բացի անգլերենից և ռուսերենից այնտեղ ուսումնասիրվեն նաև ԱՊՀ երկրների լեզուներից մեկը: Նման կերպ մենք միմյանց համար հետաքրքրություն են ստեղծում, ի դեպ, դա ապագայում հաջողություն է ապահովում նաև բիզնեսի ոլորտում: Իմ կարծիքով` այդ նախագծերը շատ պահանջված են:
Մեզ մոտ Լրագրողների դպրոց է գործում, որտեղ մեր գործընկերն է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լրագրողական միությունների կոնֆեդերացիայի հետ մրցույթ ենք անցկացնում, այս ամենը մեծ հետաքրքրություն է վայելում: Կարծում եմ, որ եթե մենք գոյություն ունեցող մեդիատարածքը փոխանցենք ԱՊՀ երկրներ, ապա հսկայական արդյունքների կհասնենք: Ես դրանում բացարձակապես համոզված եմ:
«Նովոստի-Արմենիա» - Իսկ այս տարի ի՞նչ նախագծեր է ծրագրում իրականացնել ՀՀՄՀ-ն Հայաստանում:
Ս. Սմբատյան – Հայաստանում Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթ անցկացվեց, որի գործընկերն էր մեր հիմնադրամը: ԱՊՀ երկրներից շատերն էին ցանկանում մասնակցել մրցույթին: Դա մասնագիտական մրցույթ է: Մրցույթին մասնակցեցին Ավստրալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կորեան ներկայացոնղ ջութակահարներ և թավջութակահարներ:
Այս տարի հուլիսին Հայաստանում կանցկացվեն Դելփյան խաղերը, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 500-600 մարդ:
Աշնանը Հայաստանում թարգմանիչների ֆորում կանցկացվի, որն արդեն ավանդական է դարձել: Մենք մեծ թվով նախագծեր ունենք: Մինչ ՀՀՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնին իմ նշանակումը Հայաստանն ակտիվորեն աշխատում էր Հիմնադրամի հետ, և ՀՀՄՀ-ն միշտ աջակցել է նրան: Հարկ է նշել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, համապատասխանաբար, ՀՀՄՀ-ի և ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի անդամներ են:
«Նովոստի-Արմենիա» - Հաջորդ տարի նշվում է ԱՊՀ-ի 20-ամյակը: Ինչպե՞ս է Հիմնադրամը մասնակցելու այդ տարեթվին նվիրված միջոցառումների իրականացմանը:
Ա. Սմբատյան - Հաջորդ տարին Պատմամշակութային ժառանգության տարի է հայտարարված, և դա ԱՊՀ-ի 20-ամյակի համատեքստում է: Դրանք շատ լուրջ միջոցառումներ են և քննարկվում են բոլոր ոլորտների համատեքստում: Մենք բոլորս կհավաքվենք և կորոշենք, թե ինչպիսի նախագծերի է Հիմնադրամը աջակցելու և ֆինանսավորելու: Կարծում եմ, որ մենք միջոցառումները կանցկացնենք բարձր մակարդակով:-0-

