Ռուսաստանը Հարավային Կովկասի վերաբերյալ հստակ արտաքին-քաղաքական հայեցակարգ չունի
Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը Հարավային Կովկասում:
Ա. Կոլեսնիկով – Ես այնքան էլ չեմ տեսնում Ռուսաստանի Դաշնության հստակ քաղաքականությունը Հարավային Կովկասում, ավելի շուտ այդ քաղաքականությունը հիշեցնում է իրավիճակային արձանագանքներ այս կամ այն իրադարձությանը: Չկա որևէ հստակ ուղղվածություն, որը թույլ կտար առանձին կոնկրետ քաղաքականություն վարել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ: Բնականաբար, Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ: Առավել ևս հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի անկայուն հարավային կողմ՝ ի դեմս Չեչնիայի և Ինգուշեթիայի, ընդ որում՝ ծայրահեղ անկայուն: Հենց դա է պատճառը, որ Ռուսաստանին անհրաժեշտ է կայուն Կովկաս:
Կարծում եմ՝ այստեղ Ռուսաստանը մի շարք դժվար լուծելի խնդիրներ է տեսնում՝ կապված գազային հարցերի հետ, ինչը բարդացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, իմ կարծիքով, այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Այսինքն` Ռուսաստանի ղեկավարությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք չենք ցանկանում գործ ունենալ Սահակաշվիլու ռեժիմի հետ: Իմ կարծիքով՝ այս դիրքորոշումը կառուցողական չէ, քանի որ կարելի է շփման կետեր փնտրել:
«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով Վրաստանի հետ փոխհարաբերությունների բացակայությունը ինչպե՞ս է անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Ա. Կոլեսնիկով – Այս տարածաշրջանում Ռուսաստանը լավագույն հարաբերություններն ունի Հայաստանի հետ, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այստեղ որոշակի դրական իներցիա կա, որն անհրաժեշտ է պահպանել: Հայաստանի հետ որևէ լուրջ խնդիր չկա:
Ռուսաստանում գոյություն ունի ներքին խնդիր, որը կապված է, այսպես կոչված, «թշնամու կերպարի ձևավորման հետ՝ ի դեմս վրացիների», որն ավտոմատ կերպով տարածվում է բոլոր կովկասցիների վրա: Հասարակական գիտակցության մեջ ձևավորվել է որոշակի «չարիքի առանցք», որտեղ ներգրավված են Բալթյան երկրները, Լեհաստանը, Միացյալ Նահանգները, Վրաստանը: Վրացիների նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վերաբերմունքը շատ վատն է, ընդ որում, վերջին տարիներին այդ վերաբերմունքը կտրուկ վատացել է: Դա քարոզչական աշխատանքի արդյունք է: Չնայած պաշտոնական անձանց հայտարարությունների, որ իրենք ոչինչ չունեն վրացի ժողովրդի դեմ, վրացիների նկատմամբ բացասական վերաբերմունքը բնական երևույթ է: Եվ այդ վերաբերմունքը տարածվում է նաև այլ կովկասցիների, այդ թվում նաև՝ հայերի վրա: Ռուսաստանում հակակովկասյան վերաբերմունքը բավականին զգալի է:
Կովկասաֆոբիան բավականին վտանգավոր միտում է: Ձևավորվում է որոշակի անհանդուրժողական մթնոլորտ այլ ազգերի նկատմամբ: Կարելի է ասել, որ Վրաստանը դետոնատորի դեր խաղաց այդ միտման զարգացման համար: Բացի այդ, Մոսկվայում գոյություն ունի տնտեսապես ուժեղ և դինամիկ զարգացող հայկական համայնք, ինչը կենցաղային մակարդակում նույնպես կարող է դառնալ անբարյացակամության պատճառ: Կարծում եմ, որ Ռուսաստանի ներսում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը պետք է դառնա երկրի ղեկավարության արտաքին քաղաքականության մասը:
«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության գործընթացում:
Ա. Կոլեսնիկով – Կարծում եմ, որ Ռուսաստանի դերն այդ գործընթացում բավականին մեծ է: Իսկապես, էլ ո՞վ պետք է լինի Խորհրդային Միությունից ժառանգված հակամարտության կարգավորման միջնորդ: Ռուսաստանն օբյեկտիվորեն հիմնական խաղացողն է այդ հարցի միջնորդական գործունեության մեջ: Արտաքին իրադարձություններն այնպես են զարգանում, որ Ռուսաստանն, ըստ երևույթին, պետք է վերաիմաստավորի միջնորդի իր դերը, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման պարագայում:-0-

