Պետք է աշխատանք տանել, որպեսզի Հարավային Կովկասի երկրների երիտասարդության՝ բարեկամանալու և համագործակցելու ցանկությունը քաղաքական իրականություն դառնա
Ժնևի միջազգային հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի (Graduated Institute of International Studies of Geneva) տնօրեն Դենիել Ուորների բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը
«Նովոստի-Արմենիա» - Պարոն Ուորներ, լինելով Հարավային Կովկասի երկրների երիտասարդ պետական ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակից՝ Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Ինչպե՞ս կբնութագրեիք իրավիճակը տարածաշրջանում։
Դ. Ուորներ - Ես կարծում եմ, որ տարածաշրջանի և ոչ մի երկրի համար ստեղծված իրավիճակը չի կարող բավարար համարվել։ Տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, և այն հարցը, թե կարո՞ղ են, արդյոք, երեք տարբեր ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, ինչ-որ կերպ համագործակցել։ Իմ կարծիքով՝ չկան սառեցված հակամարտություններ, կան սառեցված լուծումներ։ Եվ ես հուսով եմ, որ այս երկրների երիտասարդությունը կկարողանա գտնել լուծումներ, որոնք նախորդ սերունդները չեն տեսել։ Ամեն անգամ, երբ ինձ հաջողվել է մի տեղում հավաքել այս երեք երկրների երիտասարդներին, նրանք փայլուն կերպով լեզու են գտել միմյանց հետ։ Եվ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի այդ ոգևորությունը, միմյանց ճանաչելու և ընկերանալու այդ ցանկությունը, որը կա երիտասարդության մեջ, քաղաքական իրողություն դառնա։
«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ գաղափարների շուրջ կարող են համախմբվել տարածաշրջանի երկրները՝ նկատի ունենալով առկա բազմաթիվ հակասությունները։
Դ.Ուորներ - Կարելի է սկսել ամենահասարակ հարցերից, օրինակ, էներգետիկ անվտանգությունից, շրջապատող միջավայրի պահպանությունից, միգրացիայից։ Այս բոլոր խնիդրները պահանջում են ընդհանուր մոտեցում, համագործակցություն, և դրանց շնորհիվ մենք կարող ենք սովորական գոյատևումից անցնել համագործակցության։
«Նովոստի-Արմենիա» - Որոշ քաղաքագետներ կարծում են, որ տարածաշրջանում հակամարտությունների լուծմանը խանգարում են գերտերությունները, որոնք օգտագործում են «բաժանիր և տիրիր» սկզբունքը։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։
Դ.Ուորներ - Չեմ կարծում, թե որևէ գերտերություն շահագրգռված լինի տարածաշրջանում պատերազմ ծավալելով։ Եվ ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի որևէ պետություն ունենա պատերազմ սկսելու համար բավարար ներուժ։ Իմ կարծիքով՝ բոլորը շահագրգռված են, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանը բարգավաճի, լինի կայուն և միասնական։
«Նովոստի-Արմենիա». Ինչու՞ է այդ դեպքում միջազգային հանրությունը աչք փակում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանգրով նախատեսված սպառազինությունների քվոտան գերազանցելու վրա։
Դ.Ուորներ. Ես չեմ հավատում, որ ադրբեջանական կառավարությունը պատրաստվում է պատերազմի։ Ես, անշուշտ, հասկանում եմ Ձեր մտահոգությունը, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սպառազինության համար, և Հայաստանը ստիպված է հավասարություն պահպանել տարածաշրջանում։ Բայց պետք է նշել, որ ռուսական զորքերի թիվը Հայաստանում նույնպես տպավորիչ է։
«Նովոստի-Արմենիա» - Սակայն ռուսական զորքերը Ղարաբաղում հակամարտության վերսկսման դեպքում չեն մասնակցի գործողություններին։
Դ.Ուորներ. Ով պատերազմի համար առիթ է փնտրում, նա կգտնի այն։ Բայց եթե փնտրում է հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհներ, ապա դրանք կգտնի։
«Նովոստի-Արմենիա» - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ շուտ լուծվել։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունում ակտիվությունը կսկսվի 2012 թվականից հետո, և դրանում գլխավոր դերը պետք է խաղա երկու երկրների նոր սերունդը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ։
Դ.Ուորներ - Ես չեմ կարող ասել, թե երբ դա տեղի կունենա։ Ես շատ ուրախ եմ, որ Շվեյցարիան ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցային գործընթացում՝ սահմանի բացման առիթով։ Եվ ես ենթադրում եմ, պարզապես ենթադրում եմ, որ սահմանների բացման այս բանակցությունների ժամանակ, անկասկած, խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասին։
«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս կմեկնաբանեիք Վրաստանի հայաբնակ բնակավայր Ջավախքում ստեղծված լարված իրավիճակը։ Չի՞ կրկնում, արդյոք, ներկայիս վրացական իշխանությունն իր նախորդների սխալները ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
Դ.Ուորներ - Իշխանությունը Վրաստանում կայուն չէ։ Շատ կարևոր է, որպեսզի այնտեղ կայունություն հաստատվի, և որպեսզի վրացական իշխանությունները սկսեն հոգ տանել այդ պետության սահմաններում բնակվող բոլոր քաղաքացիների մասին և լավ հարաբերություններ հաստատեին հարևան երկրների հետ։ Այդ պատճառով էլ մենք Վրաստանում սեմինարներ ենք անցկացնում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի հարցերով։ -0-

