Հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է, կարևոր և օգտակար Հայաստանի համար
ՌԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Սերգեյ Արությունովի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
«Նովոստի-Արմենիա». Պարոն Արությունով, որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։
Ս. Արությունով. Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը վաղուց հասունացած հարց է։ Այս ուղղությամբ արվել են որոշակի անվստահ փորձեր, որոնք մեծ տեղաշարժերի չեն հանգեցրել։ Այժմ, թվում է, որ այս հարցին ավելի լրջորեն են սկսել մոտենալ։ Կարծում եմ՝ լիովին հնարավոր է, որ սահմանի բացումը տեղի ունենա, և դա Հայաստանի համար չափազանց կարևոր է ու օգտակար։
«Նովոստի-Արմենիա». Դուք նկատի ունե՞ք մոտակա հեռանկարում։
Ս. Արությունով. Այո, մոտակա և հեռավոր հեռանկարում նույնպես։ Հարցն այն է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ այն պետք է նորմալ ու բարիդրացիական հարաբերություններ ունենա Թուրքիայի հետ։ Հակառակ դեպքում շրջափակում է, առավել ևս որ այժմ ադրբեջանական կողմից սահմանը փակ է։ Իրանը շատ նեղ զարտուղի ճանապարհ է։ Կար Վրաստան, բայց այսօր տարանցումն այդ երկրով ավելի ու ավելի դժվար է դառնում, հիմա ռուսական ինքնաթիռները շրջանցում են Վրաստանի տարածքը։ Իսկ Հայաստանի համար տրանսպորտային հաղորդակցությունը կյանքի ու մահվան հարց է։
Բայց դժբախտաբար, այնպես է ստացվում, որ այս երկու երկրների միջև հարաբերությունների հաստատումը բարձրացվել է 6 տարով ավելի շուտ, քան կարելի էր բարձրացնել։
«Նովոստի-Արմենիա». Ինչո՞ւ։
Ս. Արությունով. Որովհետև վեց տարի անց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կլինի։ Մի կողմից կաճի ճնշումը հայ-թուրքական տնտեսական ու մշակութային կապերի ընդլայնման ուղղությամբ, մյուս կողմից կաճի դիմադրությունը այն շրջանների կողմից, որոնք միշտ շահագրգռված են եղել, որ շահարկվի Ցեղասպանության փաստն ու արծարծվի Թուրքիայի կողմից այն ճանաչելու պահանջների ուղղությամբ գործադրվող ճնշումը։ Դրան Թուրքիան մի շարք հասկանալի, չնայած արտակարգ զգուշությամբ թելադրվող պատճառներով գնալ չի կարող։ Եվ այս երկու իրար հակասող միտումները վեց տարի շարունակ կաճեն՝ պայքարելով իրար հետ և ինչ-որ տեղ մեկը մյուսին մարելով։
Եթե անցած լիներ 2015 թ.-ը, մենք այս իրադարձությունը պատմության արխիվ կհանձնեինք, նախապես ինչպես հարկն է այն նշելով, պահելով զոհերի հիշատակը և շարունակելով նշել դա որպես մեր նորագույն պատմության կարևորագույն ուղենիշներից մեկը։ Այդուհանդերձ, հնարավոր կլիներ հանգիստ զբաղվել հայ-թուրքական հարաբերությունների զարգացմամբ, քանի որ սրանք տարբեր դարաշրջաններ են։ Մեզ համար նոր դարաշրջանը սկսվել է ոչ 2001թ.-ին, ինչպես, ասենք ԱՄՆ-ի համար, այլ 2015թ.-ին։
Ես կարող եմ կանխատեսել, որ այս վեց տարիները քննարկումներով, հակամարտություններով ու դժվարություններով լեցուն կլինեն։ Ամբողջ վեց տարի...
«Նովոստի-Արմենիա». Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ուղղակիորեն կապվա՞ծ է արդյոք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ։
Ս. Արությունով. Արդեն 35 տարի է, ինչ գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչված չէ և սատարվում է Թուրքիայի կողմից։ Եվ ոչինչ, գոյատևում է, Ռուսաստանում անգամ անշարժ գույք է գովազդվում Հյուսիսային Կիպրոսում, չնայած հնարավոր է, որ այդ անշարժ գույքի որոշ օբյեկտների նկատմամբ նախկին հույն սեփականատերերը կարողանային պահանջներ ներկայացնել։
Ամեն դեպքում, քանի դեռ չի կարգավորվել Հյուսիսային Կիպրոսի հարցը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ փոփոխության մասին հարց չի կարող դրվել։ Իսկ երբ որևէ կերպ կարգավորվի Հյուսիսային Կիպրոսի հարցը և ընդհանուր, բոլորին ձեռնտու համաձայնագիր կնքվի, այդ ժամանակ այդ համաձայնագիրը կարող է օրինակ ծառայել Ղարաբաղյան հարցի լուծման համար։
Առայժմ այս երկու տարածքները դեռ մնում են մեկը անվանապես Ադրբեջանին պատկանող, սեփական կառավարության վերահսկողության և հայկական պետության վճռորոշ աջակցության տակ գտնվող, իսկ մյուսը անվանապես Կիպրոսի հանրապետությանը պատկանող, բայց սեփական առանձին կառավարության վերահսկողության տակ ու բացառապես թուրքական պետության աջակցության շնորհիվ գոյատևող պետություններ։ Սա կշեռքի նժարների հավասարություն է։ Ինչ-որ փոփոխություն կարող է լինել, եթե ինչ-որ բան պատահի Հյուսիսային Կիպրոսի նժարի հետ, ապա ինչ-որ բան կպատահի նաև Ղարաբաղի հետ։ Մինչ այդ թուրքական կողմից ոչ մի պահանջ պարզապես չի կարող ընդունվել, որովհետև այդ դեպքում հետևյալ պատասխանը կլինի. «Կարգավորեք Հյուսիսային Կիպրոսի հետ կապված ձեր խնդիրները, որ բոլոր գոհ լինեն, այդ ժամանակ նույն մոդելով մենք կլուծենք Ղարաբաղի հարցը»։
«Նովոստի-Արմենիա». Ասվածի համատեքստում ինչպե՞ս կարելի է ընկալել Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ մինչև Ղարաբաղի հարցը չկարգավորվի, հայ-թուրքական հարաբերությունները չեն հաստատվի։
Ս. Արությունով. Դժվար է ասել։ Կարծում եմ, որ դա Բաքվին սատարելու և նրա հետ հարաբերությունները չսրելու ձգտում է, քանի որ Բաքու-Ջեյհանն ամեն դեպքում ադրբեջանաթուրքական ձեռնարկ է։ Եվ Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար այն առաջնահերթային նշանակություն ունի, մնացածը արդեն երկրորդական է դրա համեմատ։-0-

