Միջազգային իրավունքի մեկ սկզբունքի բացառումը հօգուտ մյուսի նշանակում է դադարեցնել համաշխարհային զարգացումը. Զատուլին

27.12.2008, 12:23
Միջազգային իրավունքի մեկ սկզբունքի բացառումը հօգուտ մյուսի նշանակում է դադարեցնել համաշխարհային զարգացումը. Զատուլին
Միջազգային իրավունքի մեկ սկզբունքի բացառումը հօգուտ մյուսի նշանակում է դադարեցնել համաշխարհային զարգացումը. Զատուլին

Հայտնի ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ  գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Միջազգային իրավունքի մեկ սկզբունքի բացառումը հօգուտ մյուսի նշանակում է դադարեցնել համաշխարհային զարգացումը։ Այս մասին Զատուլինն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների մասին։

Նա նշեց, որ այս հարցում միջազգային պրակտիկան դասավորվում է՝ ելնելով ուժերի հավասարակշռվածությունից, իրավիճակից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

«Իրականում տարբեր շահագրգիռ կողմեր միայն դիմում են միջազգային իրավունքի օգնությանը՝ որպես փաստարկի, եթե կարծում են, որ միջազգային իրավունքը տվյալ կոնկրետ դեպքում իրենց օգտին է», - կարծում է Զատուլինը։

Նրա խոսքերով, միջազգային հարաբերությունների այդ երկու սկզբունքներն իրենց սահմանումներով մրցակցում են միմյանց հետ, սակայն մեկ սկզբունքի բացառումը հօգուտ մյուսի նշանակում է դադարեցնել համաշխարհային զարգացումը։

Զատուլինի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները տարբեր աստիճանով կիրառել են իրենց տեսակետներն այդ խնդրի առնչությամբ։

Քաղաքագետը նշեց, որ Կոսովոյի հարցում Ռուսաստանը հավատարիմ էր մնում այն սկզբունքին, համաձայն որի նախկինում չճանաչված պետությունների ճանաչման հարցերը պետք է լուծվեն՝ հաշվի առնելով այն երկրի կարծիքը, որը նախկինում իր մեջ էր ներառում այդ տարածքը։

Ըստ Զատուլինի, Ռուսաստանը չի ճանաչել և մոտ ժամանակներս չի պատրաստվում ճանաչել Կոսովոն՝ որպես անկախ պետություն։

«Միաժամանակ, ինչպես մեզ թվում է, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի դեպքը սկզբունքորեն այլ է: Քանի որ խոսք եղավ Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակումից հետո որակապես նոր իրավիճակի մասին։ Դա այն բանի վառ ապացույցն էր, որ Վրաստանը չի դիտարկում խաղաղ գործընթացը՝ որպես բացարձակ արժեք, որ նա ինքն իր ձեռքերով դուրս մղեց Հարավային Օսեթիան և Աբխազիան համատեղ կյանքից», -ասաց փորձագետը։

«Մենք այստեղ Կոսովոյի հետ նմանություն չենք տեսնում։ Սերբերը չեն հարձակվել Կոսովոյի վրա և չէին պատրաստվում հարձակվել, ինչը Կոսովոյի ճանաչման հարցը որոշ չափով պատճառաբանված կդարձներ՝ որպես նախազգուշացնող ժեստ։ Հակառակը, Արևմուտքն իր վրա պատասխանատվություն վերցրեց, մտցրեց ռազմական համակազմ, մի քանի տարվա ընթացքում փաստացի ղեկավարում էր  Կոսովոյի երկրամասը, և կողմերին հաշտեցման փոխարեն ելնում էր, ինչպես մենք այժմ հասկանում ենք, ալբանացիների՝ անկախության ու Սերբիայից բաժանվելու ծրագրերին աջակցելու ցանկությունից։ Հենց սրա հետ մենք չենք կարող համաձայնել», - նշեց Զատուլին։

Նրա խոսքերով, որպես միջազգային հարաբերությունների սկզբունքի՝ տարածքային ամբողջականության սկզբունքից լիովին հրաժարվելը կնշանակեր աշխարհը քաոսի մեջ մխրճել, այդ պատճառով դա երբեք տեղի չի ունենա։ Սակայն մյուս կողմից Զատուլինը կասկածելի է համարում տարածքային ամբողջականության սկզբունքը բոլոր դեպքերում ինքնաբավ առաջնահերթություն համարելու փորձերը։

Նա նշեց, որ նման փորձեր պատմության մեջ պարբերաբար արվել են, մասնավորապես, Նապոլեոնի պարտությունից հետո 20-30 տարի փորձ էր արվում պահպանել ստատուս-քվոն, և Ռուսաստանը այստեղ մեծ մասնակցություն ուներ։

«Դա, այսպես-կոչված, Սրբազան միության ժամանակն էր՝ միապետերն ընդդեմ հեղափոխության։ Դա վնաս հասցրեց իրեն՝ Ռուսաստանին, քանի որ նրա ազգային շահերը մոռացության մատնվեցին», - նշեց փորձագետը։

Մասնավորապես, նրա խոսքերով, Ռուսաստանը  հունգարական հեղափոխության ընթացքում փրկեց Ավստրիական միապետությունը փլուզումից, և Ավստրո-Հունգարիան ապերախտությամբ պատասխանեց Ռուսաստանին Ղրիմի պատերազմի ժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ անհնար է կանգնեցնել կյանքը։ Անհնար է ասել՝ կանգ առ պահ, դու հիասքանչ ես, և ՄԱԿ-ում այլևս ոչ ոք չի լինի բացի այն երկրներից, որոնք այսօր նրա կազմում են», - ասաց Զատուլինը։

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի ստեղծման պահին այդ կազմակերպությունն ուներ 50 անդամ, իսկ այժմ դրանք 200-ից ավելի են։ «Պարզ է, որ այդ գործընթացը կարող է զարգանալ, այդ պատճառով անիմաստ են «դա չի կարող լինել, որովհետև դա չի կարող լինել երբեք» ոգով արտահայտությունները», - ասաց Զատուլինը։

«Իրավիճակը փոխվում է, ինչ-որ մեկը թուլանում է, ինչ-որ մեկն ուժեղանում է։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, թեև դրանից մի քանի տարի առաջ մարդուն խենթ կհամարեին, եթե նա անգամ ենթադրեր նման հնարավորություն», - ավելացրեց նա։-0-