Ադրբեջանը չի գնա Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի. հայ քաղաքագետ

01.07.2008, 14:48
Ադրբեջանը չի գնա Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի. հայ քաղաքագետ

Ադրբեջանը չի գնա Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների և կարող է համարձակվել միայն բլից-կրիգի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանում պարբերաբար հայտարարում են ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին։ Այսպես, անցյալ շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտարարել էր, որ իր երկրի ԶՈւ-ն պատրաստ է ազատագրել, այսպես կոչված, «օկուպացված տարածքները»։ Հունիսի 26-ին Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ նմանատիպ հայտարարություններ էր արել նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանում «օկուպացված տարածքներ» են համարում Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտին, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը։

Ինչպես կարծում է քաղաքագետը, եթե Ադրբեջանի ռազմական ծրագրերը հովանավորող երկրները, մասնավորապես, ԱՄՆ-ն, Թուրքիան և Իսրայելը ադրբեջանական կողմին որևէ հավաստիացումներ չտան, ապա նա չի համարձակվի պատերազմ սկսել և կսահմանափակվի այնպիսի գործողություններով, ինչպիսին էր 2008 թ.-ի մարտի 4-ին տեղի ունեցածը՝ «հարձակում-ստացվեց-չստացվեց-կտեսնենք» սկզբունքով։

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է Լևոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջավոր մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում՝ ետ է շպրտվել նախկին դիրքերը՝ կրելով զոհեր։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-