Հայաստանը շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան կցանկանար Ադրբեջանը. քաղաքագետ
Հայաստանը շատ ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան կցանկանար Ադրբեջանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
«Այս արժեքը համաշխարհային նշանակություն ունի», - ասել է նա։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը՝ քաղաքագետը նշել է, որ դա «պետության բարդույթավորվածության դրսևորումն է, որին ճակատագրի կամքով և հաջող աշխարհագրական դիրքի շնորհիվ հաջողվում է փող աշխատել, սակայն ոչ այն իրական հեղինակությունը, որը կարող էր ունենալ այդ երկիրը համաշխարհային հանրությունում»։
«Միայն փողով իրական հեղինակություն ձեռք չես բերի։ Դրա երաշխավորն են այն տասնյակ գիտնականները, երաժիշտները և այլ հայ գործիչները, որոնք ամբողջ աշխարհում հռչակել են Հայաստանի մշակույթն ու արվեստը», - ասել է նա։
Նույն համատեքստում քաղաքագետը բարձրացրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը չթույլատրելու պատճառով աշխարհի շատ երկրների հետ Ադրբեջանի պայքարի թեման։
«Ադրբեջանը ավելի ջանադրաբար է պայքարում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, քան ինքը՝ Թուրքիան, հենց այն պատճառով, որ հասկանում է՝ վաղ թե ուշ ինքն էլ պետք է պատասխան տա», - պարզաբանել է Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի կարծիքով, «ամեն անգամ Ադրբեջանի նավթադոլարը զիջում է դիրքերը արդարության առաջ»։
«Միայն սա բավական է, որպեսզի Ադրբեջանի և նրա առաջնորդի մոտ անլիարժեքության բարդույթ առաջանա։ Այստեղից էլ՝ բոլոր նման հարձակումները՝ ապաշնորհ, անպետք, որոնք միայն վատթարացնում են երկու ժողովուրդների փոխհարաբերությունները», - եզրափակել է Մելիք-Շահնազարյանը։
2008 թ. հունվարի 13-ին Ադրբեջանի նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որը վտարել է մյուս ժողովուրդներին, որտեղ իշխում է ռազմական և հակաժողովրդավարական ռեժիմը։ Լեռնային Ղարաբաղը վերահսկում է հանցագործ խումբը, որը հաստատել է ռազմական, քրեական ռեժիմ»։-0-

