Իրանի նախագահի այցը Հայաստան կակտիվացնի երկկողմանի նախաձեռնությունների զարգացման տեմպերը. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան կակտիվացնի արդեն իսկ համաձայնեցված երկկողմանի նախաձեռնությունների զարգացման տեմպերը։ Այս մասին երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտարարեց անկախ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Նրա խոսքով, այսօր դժվար է պատկերացնել այցի բոլոր հետևանքները, առավել ևս, որ այցն անսպասելիորեն ընդհատվել է, թեև, ամենայն հավանականությամբ շատ կարևոր պատճառով։
«Սակայն պարզ է, որ մոտ ժամանակներս Հայաստանում ակնհայտ կլինեն նախօրոք պայմանավորված նախաձեռնությունների զարգացման լուրջ տեմպերը, որոնց թվում ընդգրկված են նավթավերամշակման գործարանի, ՀԷԿ կառուցումը, Իրանի մասնակցությունը այս կամ այն համատեղ նախագծերում»,- ասաց Շաքարյանցը։
Միաժամանակ, նա չբացառեց ՀԱՊԿ-ն, Շանհայի կազմակերպության կամ Կասպյան հնգյակի շրջանակներում ընդունված որոշումների հետ կապված նախագծերի իրագործման հնարավորությունը։
«Հայաստանն այսպես, թե այնպես արդեն իսկ կապված է անվտանգության այս համակարգերի հետ, և շատ բան կախված կլինի նյուանսային իրադարձություններից, քանի որ հիմա դրությունը չափազանց վտանգավոր է, և քուրդ ապստամբների մի պայթյունից կարող է կախված լինել ոչ միայն Քուրդիստանի կամ Թուրքիայի հետագա ճակատագիրը, այլև երկրագնդի մեծ մասի»,- ասաց Շաքարյանցը։
Երկուշաբթի Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Այցի ընթացքում Մահմուդ Ահմադինեժադն իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է տնտեսական և քաղաքական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ -0-

