Առողջապահության նախարարը՝ պարտադիր բժշկական ապահովագրության, անվճար վիրահատությունների, բուժզննումների և դեղորայքի մասին․ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

10.11.2025, 10:15
Անվճար ստենտավորում, կատարակտի վիրահատություն, պարտադիր բուժզննումներ և ապահովագրության ծածկույթով դեղորայք․ արդեն շուտով այս ամենն իրականություն կդառնա։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բացառիկ հարցազրույցում պարզաբանել է ապահովագրության բոլոր նրբությունները
Առողջապահության նախարարը՝ պարտադիր բժշկական ապահովագրության, անվճար վիրահատությունների, բուժզննումների և դեղորայքի մասին․ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Անվճար ստենտավորում, կատարակտի վիրահատություն, պարտադիր բուժզննումներ և ապահովագրության ծածկույթով դեղորայք․ արդեն շուտով այս ամենն իրականություն կդառնա Հայաստանի 1 մլն 700 հազար բնակչի համար: «Նովոստի-Արմենիա»-ի հետ բացառիկ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչպես է գործելու առողջության պարտադիր ապահովագրության համակարգը և ինչու այն պետք է փոխի մարդկանց վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ: 

«Նովոստի-Արմենիա»․ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը խոստանում է պատմական իրադարձություն դառնալ։ Խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ դուք հայտարարեցիք, որ համակարգի բոլոր ասպեկտները կարգավորող օրինագիծը Հայաստանի ԱԺ–ի կողմից կընդունվի մինչև տարեվերջ։ Արդյո՞ք այն արդեն ներկայացրել եք կառավարության հաստատմանը։

Ա. Ավանեսյան․ կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել։ Աշխատանքն իրականացվում է ամենօրյա ռեժիմով, և օրինագիծը մոտ ժամանակներում կներկայացվի Ազգային ժողով։

«Նովոստի-Արմենիա»․ կոնկրետ ի՞նչ բժշկական ծառայություններ կներառվեն միասնական բազային ապահովագրական փաթեթում: Պլանավորու՞մ եք, արդյոք, ընդլայնել օրինակ՝ թանկարժեք վիրահատությունները կամ քրոնիկ հիվանդությունների բուժումը ծածկելու համար:

Ա. Ավանեսյան. ապահովագրական փաթեթը ներառում է ծառայությունների բավականին լայն շրջանակ: Մենք ուսումնասիրել ենք, թե ինչ հիվանդություններով են հաճախ հիվանդանում Հայաստանի բնակիչները, և որքան է այդ հիվանդություններից մահացության մակարդակը: Դրանց թվում են, առաջին հերթին, սրտանոթային հիվանդությունները, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը: Մենք սահմանել ենք ապահովագրական փաթեթում ներառվող առավել կարևոր բժշկական ծառայությունների ցանկը։ Ներկայումս փաթեթը ներառում է նաև շատ թանկ վիրահատություններ։ Բազմաթիվ սրտաբանական ծառայություններից մենք ընտրել ենք ամենաանհրաժեշտները, որոնք պետությունն այս պահին կարող է իրեն թույլ տալ, և ներառել ենք փաթեթում։ Օրինակ՝ սրտի երկու ստենտ տեղադրվում է անվճար: Ապահովագրական փաթեթը կներառի կատարակտի հեռացման վիրահատություն, սուր ապենդիցիտի վիրաբուժական միջամտություններ, վնասվածքաբանական վիրահատություններ: Այն նաև կներառի պարտադիր լաբորատոր և որոշ գործիքային հետազոտություններ՝ որոշակի պարբերականությամբ: Ամբողջ ապահովագրական համակարգը շեշտը դնում է հիվանդությունների կանխարգելման և քրոնիկ հիվանդությունների ժամանակին բուժման վրա:

«Նովոստի-Արմենիա»․ այսինքն՝ մարդը պետք է ամեն տարի անցնի պարտադիր բուժզննում։

Ա. Ավանեսյան. այո, տարեկան հետազոտությունները և որոշակի հաճախականությամբ սկրինինգային ծրագրերին մասնակցությունը պարտադիր կլինեն: Սա արվում է, որպեսզի քաղաքացին ժամանակին արձագանքի առողջական խնդիրներին։ Մենք վաղ փուլում կբացահայտենք խնդիրները՝ շատ ավելի ծախսարդյունավետ լուծումներ գտնելու համար:

«Նովոստի-Արմենիա»․ հայտնի է, որ առողջության ապահովագրության համակարգում սկզբնական փուլում կներառվեն 18 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամներն և սոցիալապես անապահով անձինք։ Հնարավո՞ր է, որ ժամանակի ընթացքում պետությունը սուբսիդավորի նաև այլ խոցելի խմբերի, օրինակ՝ գործազուրկների առողջության ապահովագրությունը:

Ա. Ավանեսյան. մենք նման պլաններ չունենք, քանի որ դա մեր քաղաքականության մասը չէ: Մենք խրախուսում ենք աշխատանքը: Եթե անձը ներառված չէ սոցիալական ապահովության համակարգում, որը ներկայումս բարեփոխվում է, ապա նա պետք է ինքը վճարի իր ապահովագրության համար:

«Նովոստի–Արմենիա»․ ապահովագրական փաթեթը ներառու՞մ է դեղերը։

Ա. Ավանեսյան. այո՛։ Ստացիոնար բուժման դեպքում առողջության ապահովագրությունը օրական ծածկում է մինչև 50,000 դրամի դեղորայքի ծախսը։ Եթե անհրաժեշտ լինի ավելին, շահառուն ինքը կվճարի լրացուցիչ գումարը։ Քիմիաթերապիայի և օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքում մենք սահմանել ենք տարեկան սահմանաչափ՝ 1 մլն 200 հազար դրամ։ Սրանք ընդունելի սահմանաչափեր են, քանի որ բոլորս հասկանում ենք, որ որքան բարձր լինեն դրանք, այնքան բարձր կլինի ապահովագրավճարը։ Հետևաբար, կարևոր է սկսել այս փաթեթից և մեր քաղաքացիներին տրամադրել ծառայությունների գոնե բազային շրջանակը։

«Նովոստի-Արմենիա» ․ գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից շատերը չեն դիմում բուժհաստատություններ, այդ թվում՝ ֆինանսական պատճառներով։ Ակնհայտ է, որ պետության կողմից սուբսիդավորվող առողջության ապահովագրության ներդրումից հետո բժիշկների մոտ այցելությունները կտրուկ կավելանան ամբողջ երկրում, հատկապես մարզերում՝ հաշվի առնելով մասնագետների պակասը։ Ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում լուծել այս իրավիճակը։

Ա. Ավանեսյան. հիվանդների հոսքը նաև կնպաստի մեր մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը: Այսինքն մարզային բժշկական կենտրոնները կստանան ավելի շատ առավելություններ բնակչության համար բուժծառայության հասանելիության աճի արդյունքում և կկարողանան ներգրավել նոր մասնագետներ, բարձրացնել աշխատավարձերը։ Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ ծառայությունների շրջանակի ընդլայնումը միաժամանակ նպաստում է, որ բուժկենտրոնները թարմացնեն իրենց սարքավորումները, ավելանան կադրային ներուժի հնարավորությունները։

«Նովոստի–Արմենիա»․ ինչպես և ով է ապահովելու ապահովագրությամբ տրամադրվող բուժծառայությունների որակի վերահսկումը, պացիենտների իրավունքների պաշտպանությունը։

Ա. Ավանեսյան. առաջին հերթին, իհարկե, Առողջապահության նախարարությունը, Առողջության ապահովագրության հիմնադրամը և կարգավորող մարմինները։ Նրանք կմշակեն և կիրականացնեն քաղաքականություն որակի ոլորտում։ Ավելին, մենք արդեն ունենք Էթիկայի հանձնաժողով, որը դիտարկում է մեր քաղաքացիների բողոքները։ Շատ կարևոր է, որ որակի ցուցանիշներն ու չափորոշիչները հստակ ասհմանվեն և վերահսկվեն։ Մենք կհրապարակենք հիվանդանոցների աշխատանքի որակի չափորոշիչների ամբողջական պատկերը, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան տեսնել, օրինակ, թե կոնկրետ հիվանդանոցն ինչ արդյունքներ ունի ներհիվանդանոցային վարակների առումով կամ ինչպիսին են քաղաքացիների դժգոհության և բավարարվածության ցուցանիշները։ Մրցակցությունը կստիպի բժշկական կենտրոններին աշխատել որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

«Նովոստի-Արմենիա»․ կարո՞ղ ենք ակնկալել, որ երբ խորհրդարանն ընդունի առողջության ապահովագրության մասին օրինագիծը, մենք կունենանք 30 հիվանդությունների կոնկրետ ցանկ, որոնց բուժումն իրականացվելու է ապահովագրական փաթեթի շրջանակում։

Ա. Ավանեսյան. իհարկե։ Ապահովագրական փաթեթում ներառված ծառայությունների ցանկը հասանելի կլինի բջջային հավելվածում։ Յուրաքանչյուր շահառու կկարողանա տեսնել, թե որ վիրահատություններն են ներառված և որ մասն է ծածկվելու ապահովագրության հաշվին։ Մենք կբացառենք խառնաշփոթը և չափազանցված սպասումները։ Ապահովագրության ոչ մի բազային համակարգ չի ներառում բոլոր ծառայությունները։ Կարևոր է հասկանալ, թե որ ծառայություններն են ներառված և ինչ ծավալով։

«Նովոստի-Արմենիա» ․ ի՞նչ կլինի այն քաղաքացիների հետ, ովքեր ծրագրի մեկնարկին չեն հասցնի գրանցվել համակարգում։

Ա. Ավանեսյան. մարդիկ կստանան առաջարկ, կընդունեն այն և կգրանցվեն համակարգում: Դա շատ պարզ կլինի անել՝ առանց թղթաբանության կամ վերջնաժամկետների:

«Նովոստի-Արմենիա»․ հայտնի է, որ ապահովագրական փաթեթի արժեքը տարեկան 129,600 դրամ է։ Ինչպե՞ս է հաշվարկվել այս գումարը, և արդյո՞ք այն կվերանայվի՝ կախված գնաճից կամ դեղերի գների արժեքից։

Ա. Ավանեսյան. գումարը հաշվարկվել է մանրամասն ֆինանսական վերլուծության հիման վրա: Նախևառաջ, ինչպես արդեն նշեցի, մենք սահմանել ենք ամենատարածված հիվանդությունները: Այս ցանկի հիման վրա հաշվարկել ենք այն բանի հավականաություն, թե շահառուներից (իսկ դա 1 մլն 700 հազար մարդ է) քանիսին անհրաժեշտ կլինեն կոնկրետ բժշկական ծառայություններ։ Ձևավորվել են պահուստային ֆոնդեր։ Ինչ վերաբերում է վերանայմանը, ապա, իհարկե, համակարգը մշտապես զարգանալու է, հնարավոր է, որ ներառվեն նոր ծառայություններ։ Բայց դա ապագայի հարց է։ Մեր խնդիրն է սկսել։ Չէ՞ որ նույնիսկ բազմամյա պրակտիկա ունեցող երկրները մշտապես վերափոխում են իրենց ապահովագրական համակարգերը, վերանայում են, կատարելագործում։ Մենք էլ այդպես կաշխատենք։

«Նովոստի–Արմենիա»․ օգտագործվու՞մ են, արդյոք, արհեստական բանականությունն ու նորարարությունները Հայաստանի առողջապահության համակարգում։

Ա. Ավանեսյան. իհարկե։ Այսօր դժվար է պատկերացնել ապահովագրական համակարգերն առանց մեծ տվյալների մշակման և այլ գործիքների։

«Նովոստի-Արմենիա» ․ ախտորոշումն աշխարհի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Հայաստանում ընդունվել են «Բժշկական օգնության և բնակչության սպասարկման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնք խստացնում են բժշկական լաբորատորիաների գործունեության նկատմամբ վերահսկողությունը։ Ի՞նչ է արվում ճշգրտությունը բարելավելու և սխալները բացառելու համար։

Ա. Ավանեսյան. ձեր նշած արհեստական ​​բանականությունը ժամանակակից հետազոտությունների ամենակարևոր գործիքներից մեկն է: Ախտորոշիչ ծառայությունների ստանդարտացումը այստեղ կարևորագույն նշանակություն ունի, որպեսզի լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները նույնական լինեն։ Անհրաժեշտ է դրանք թվայնացնել, որպեսզի կարողանանք համեմատել և հասկանալ, թե արդյոք որակի վերահսկողության հետ կապված խնդիր ունենք, թե ոչ։ Ապահովագրության ամենակարևոր տարրերից մեկն է թույլ չտալ միջոցների գերածախս ծառայությունների վրա։ Մեզնից շատերին դուր է գալիս անցնել նույն հետազոտությունը 3–4 անգամ, ռեսուրսներն անիմաստ ծախսվում են։ Ապահովագրության շրջանակում մենք խիստ հետևելու ենք, որպեսզի լաբորատոր և գործիքային հետազոտությունները երկու անգամ չիրականացվեն։

«Նովոստի-Արմենիա»․ ամփոփելով առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մեր կարևոր զրույցը՝ ի՞նչ ուղերձ կհղեիք Հայաստանի բնակիչներին։

Ա. Ավանեսյան․ առողջապահական համակարգը, կառավարությունը և հասարակությունը համատեղ իրականացնում են լայնածավալ փոփոխություններ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք ամենակարևորին՝ մեր քաղաքացիների առողջության բարելավմանը։