Էյլենկրիգ. երջանիկ եմ, քանի որ հենց երաժշտության Աստծո հետ եմ նվագել

11.11.2015, 17:57
Հայտնի ջազմեն, վիրտուոզ շեփորահար, ռուս ամենապահանջված երաժիշտներից մեկը` Վադիմ Էյլենկրիգը, երկու համերգ է տվել Երևանում։
Էյլենկրիգ. երջանիկ եմ, քանի որ հենց երաժշտության Աստծո հետ եմ նվագել
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ջազմեն, վիրտուոզ շեփորահար, ռուս ամենապահանջված երաժիշտներից մեկը` Վադիմ Էյլենկրիգը, երկու համերգ է տվել Երևանում։ Էյլենկրիգը ելույթ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր հարթակներում և գործակցում է Լարիսա Դոլինայի, Սերգեյ Մազաևի, Դմիտրի Մալիկովի,  Uma2rmaH խմբի և ուրիշների հետ։ Նրա նվագով հիանում են բազմաթիվ երկրպագուներ, իսկ ջազ մամուլն Էյլենկրիգին անվանում է «ռուս Քրիս Բոտտի»։ Այդ ամբողջ ջազի, իր դաջվածքների և Ուիթնի Հյուսթոնի մասին Էյլենկրիգը պատմել է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

- Ջազը ձեզ համար...

– ազատություն է... Շարադրման, գիտակության, ներքին ազատություն։ Ի տարբերություն դասական երաժշտության, որտեղ քեզ ոչ միայն նոտաներ են տալիս, այլ նաև գրում են, թե ինչ պետք է նվագես և ինչ` զգաս։ Անկասկած, դասականը հզոր երաժշտություն է, և միանգամայն հնարավոր է, որ ես պարուրաձև պտույտ կատարել և կրկին ցանկանամ դասական նվագել։ Բայց դա կլինի դասական երաժշտության իմ ընկալումը։

– Դուք «Մեծ ջազ» ինքնատիպ մի նախագծի հաղորդավարն եք։ Ինչո՞վ է ձեզ գրավել այդ նախագիծը և հաղորդավարի դերը։

– Նախագիծն ինձ գրավել է նոր ամպլուայում ինքս ինձ փորձելու համար։ Սա ծավալուն, շատ պիտանի նախագիծ է։ Հեռուստատեսությունում ընդհանրապես այսպիսի օրիգինալ նախագիծ չի եղել։ Սովորաբար բոլոր նախագծերը համարվում են ֆրանշիզներ, որտեղ գրվում է ամեն ինչ, նույնիսկ հերոսների զգացողությունները։ Բացի այդ, «Մեծ ջազը» մասսայականացնում է իմ ժանրը։

– Դուք մի բեմում եք ելույթ ունեցել ամենահայտնի երաժիշտների հետ։ Ո՞վ է ձեր վրա ամենամեծ տպավորությունը թողել։

– Բոլորը։ Ամեն մեկի մասին ինչ–որ լավ բան կարող եմ ասել։ Բայց, օրինակ, հիշում եմ, թե որքան բախտս բերեց Էլ Ջերոյի հետ աշխատելիս։ Ավելի բաց, բարեհամբույր մարդ կյանքում չէի հանդիպել։ Հիշում եմ, որ համերգից առաջ մոտեցա և ասացի. «Էլ, քո երաժշտությունը կատարյալ է, և ես վախենում եմ այն փչացնել»։ Ինչին նա պատասխանեց. «Վադիմ, այդ ի՞նչ ես ասում։ Մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե նվագես մեզ հետ»։ Մինչ օրս հիշում եմ, թե ինչպես բեմ դուրս գալուց առաջ լսում էի այն հիթերը, որոնք լսել եմ ուսանողական տարիներին, հիշում էի, ինչպես էի սիրահարվում այդ երաժշտության ներքո և կարծում էի, թե դա Աստված է։ Ես լսում էի, թե ինչպես է նա երգում, և լալիս էի...

– Իսկ մեծ երաժիշտներից ու՞մ հետ եք երազում նվագել։ Կարող եք նշել նույնիսկ անցյալում եղած երաժշտի։

– Երևակայությունս այնքան չէ, որ երազեմ նվագել երաժիշտի հետ, ով այժմ ողջ չէ։ Թեև այն ժամանակ, երբ թույլ էի տալիս ինքս ինձ երազել, իմ ամենամեծ երազանքը Ուիթնի Հյուսթոնի հետ շրջագայության մեկնելն էր։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ նա հիստերիկ լիրբ է։ Ւսկ այսօր երջանիկ կլինեի, եթե ինձ զանգահարեր Թոնի Բենեթը և ասեր. «Վադիմ, կցանկանայի, որ սոլո նվագեիր իմ երգերից մեկում»։ Դա զիլ կլիներ...

– Երևանը խորհրդային ժամանակ համարվում էր ԽՍՀՄ ջազ մայրաքաղաք։ Ջազը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի։ Ծանոթ եք, արդյո՞ք, հայկական ջազին։ Համագործակցե՞լ եք հայ ջազմենների հետ։

– Այո, իհարկե։ Հայաստանում փայլուն երաժիշտներ կան։ Նրանք երաժշտության  բացարձակ այլ ընկալում ունեն։ Բացի այն, որ նրանք տիրապետում են ջազի լեզվին և ոճաբանությանը, նրանք միանգամայն ազգային տեսլական ունեն։ Նրանք ջազի մեջ ինչ–որ անձնական, ինչ–որ մեդեղային տարր են ընդգրկում... Երեկ նվագում էինք ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ, կարծում եմ` վատ չէր լինի նրա հետ մի գործ ձայնագրել։ Իմ կարծիքով, հնրա հայկական մեղեդայնությունը կարող է լավ համադրվել իմ հրեականի հետ։

– Բազմաթիվ յուրօրինակ դաջվածքներ ունեք։ Դա աչքի ընկնելու, առանձնանալու, երկրպագուների համար ավելի հետաքրքրիր լինելու ցանկությու՞ն է։

– Այսօր առանձնանալու համար դաջվածք անել պետք չէ, քանի որ դաջվածքներով մարդկանց թիվը գնալով մեծանում է։ Ես տառապել եմ այդ դաջվածքներն անելիս, քանի որ դրանք դաջել եմ այն տարիքում, երբ հիմնականում մարդիկ փորձում են դրանք դուրս բերել։ Դաջվածքը կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքն է` մտովի դրանք ինձ մոտ ավելի վաղ են եղել, քան հայտնվել են։

– Հիմնվելով Թվիթերի ձեր գրառումների վրա` կարելի է եզրակացնել, որ տարիքի խնդիրը գոնե չորս տարի առաջ անհանգստացրել է ձեզ։ Դուք վերանայե՞լ եք այդ հարցում ձեր մոտեցումը թե անհանգստանում եք մոտեցող հիսնամյակի կապակցությամբ։

– Երևի յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անցնում է փուլեր, երբ տարիքի հարցը նրան հուզում է։ Քառասուն տարեկանում ինձ այդ հարցը շատ էր անհանգստացնում, այժմ` ոչ։ 50–ն էլ ինձ չի անհանգստացնում, որովհետև հեռու է։ Ինչ–որ պահի ավելի կարևոր է, թե ֆիզիկական և ստեղծագործական ինչ վիճակում ես։ Կարևոր է ինքը` զգացումը, որ դու քո տեղում ես։ Ես երջանիկ մարդ եմ, քանի որ եթե հնարավորություն լիներ կյանքում որևէ բան փոխելու, ես չէի անի դա։

– Գեթե քառասուն տարի երաժշտությունում... Որտեղի՞ց եք ոգեշնչում ստանում։

– Ոգեշնչումն արտաքինից չէ, այն ներսից է։ Ինձ միշտ լարում են մարդիկ, ում լավ տրամադրության համար անհրաժեշտ է, որ աչքերի առաջ պատկերը փոխվի։ Դա պրիմիտիվ, պապուսական դիրքորոշում է։ Ոգեշնչման, ինչպես և սիրո աղբյուրը մարդու ներսում է...