428.41
4.27
396.05
+5
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսից հետո կայունության հայեցակարգը կդառնա տնտեսական քաղաքականության ֆունդամենտալ հայեցակարգը. Հերգնյան

10:56
11 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տնտեսությունը գտնվում է բավականին բարդ վիճակում կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի հետևանքով։ Փորձագետները տալիս են տարբեր կանխատեսումներ։ Ի՞նչ է սպասվում հայկական տնտեսությանը, ինչպիսի՞ն են զարգացման կանխատեսումները, որքա՞ն արդյունավետ են կարանտինի պայմաններում կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Այս մասին խոսել է EV Consulting խորհրդատվական ընկերության ղեկավար Մանուկ Հերգնյանը «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունների #SaveBusiness հատուկ նախագծի շրջանակում։ 

Հարց. կորոնավիրուսի պայմաններում համաշխարհային շուկայում տիրող իրավիճակն ու միտումները սրընթաց փոխվում են։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կփոխվի աշխարհը կորոնավիրուսի համավարակից հետո։  

Մ. Հերգնյան. նախևառաջ անհասկանալի է, թե երբ կավարտվի համավարակը։ Ենթադրում եմ, որ մեկ կամ երկու տարի ստիպված ենք լինելու ապրել և աշխատել ինչ–որ չափով սահմանափակ ռեժիմում` գիտակցելով, որ համավարակը պահպանվում է մինչև չստեղծվի պատվաստանյութ, դեղորայքային բուժում կամ ձեռք չբերենք մասսայական իմունիտետ։ Իհարկե, կարծում եմ, այդ ընթացքում տնտեսական սահմանափակումները չեն լինի այնքան խիստ, որքան հիմա է։ Ամեն ինչ կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից։ Սակայն իմ նշած ժամանակահատվածում մենք կապրենք միմյանց հաջորդող սահմանափակումների և′ մեղմացումների ցիկլերով։ 

Հարց. իսկ ի՞նչ է սպասվում կորոնավիրուսից հետո։ Ինչպե՞ս է զարգանալու տնտեսությունը, ի՞նչ միտումներ են սպասվում։ 

Մ. Հերգնյան. այս հարցում ենթադրություններ անելն ավելի բարդ է, սակայն որոշ միտումներ արդեն կարելի է կանխատեսել։ Առաջինը, կարծում եմ, որ ինչպես տնտեսական քաղաքականության, այնպես էլ բիզնեսի կազմակերպման ֆունդամենտալ հայեցակարգը կդառնա կայունության հայեցակարգը (արտաքին ցնցումներին դիմակայելու ունակությունները)։ Դա կապված կլինի նրա հետ, որ առաջին հերթին գլոբալացման միտումը կդադարի, կլինի դեգլոբալիզացիայի միտում, մատակարարումների լոկալ շղթաների ձևավորում` երբեմն անգամ ի հաշիվ արտադրողականության։ Բիզնեսի արժեշղթաները, կկողմնորոշվեն լոկալ մատակարարումների ուղղությամբ։ Երկրորդը, կարագանա կենսագործունեության բոլոր ոլորտների թվայնացման միտումը։ Կոնկրետ ոլորտում ձևավորված և համեմատաբար դանդաղ ընթացող թվայնացման միտումները հիմա կզարգանան սրընթաց, և դա կնկատվի բոլոր ոլորտներում` սկսած կրթությունից մինչև բժշկություն և այլ բնագավառներ։ 

Հարց. այսինքն, տնտեսությունն աստիճանաբար հարմարվելու՞ է նոր իրողություններին, ավելի շատ անցում է կատարելու՞ առցանց ռեժիմ։ 

Մ. Հերգնյան. ոչ բոլոր ոլորտները կգնան առցանց ռեժիմ, սակայն կարագանան այն միտումները, որոնք վերջին 10–15 տարում միտված էին գործունեության տարբեր ոլորտների թվայնացմանը, այդ թվում` տնտեսական։ Բազմաթիվ ընկերություններ կորոշեն կատարել արմատական թվային վերափոխում։ Բանն այն է, որ նրանք պարզապես չեն ունենա այլ ելք։ 

Եվս մեկ ուժեղ միտում կլինի ամենօրյա տնտեսական կյանքում վարքագծի նոր նորմերի ուղղությամբ։ Որոշումներից մեկը կվերաբերի ֆիզիկական շփման սահմանափակմանը։ Այս համատեքստում բազմաթիվ երկրներ արդեն սկսել են կատարել փորձարկումներ` սկսած ռեստորանային բիզնեսի նկատմամբ նոր պահանջներից մինչև օդանավերի շահագործման և միջազգային չվերթերի կազմակերպման նոր ձևերը։ Անհրաժեշտ կլինեն ֆիզիկական հեռավորության պահպանման նոր չափանիշներ, չափորոշիչներ և նորմեր, որոնք կսահմանափակեն մարդկանց ֆիզիկական շփումները, և դա կվերաբերի ինչպես արտադրությանը, այնպես էլ սպասարկման բոլոր ոլորտներին։ 

Այն երկրները, որոնք շատ արագ կանցնեն նոր չափանիշներին և նորմերին, որոնք հույսը չեն դնի միայն բնակչության վարքագծի ինքնաբուխ փոփոխության վրա, այլ կսահմանեն նմանատիպ պարտադիր նորմեր, հաղթանակած դուրս կգան այս իրավիճակից, քանի որ կկարողանան հավասարակշռել սեփական բնակչության առողջության պահպանությունն ու հոգատարությունը տնտեսական նպատակահարմարության հետ։ 

Խիստ կարանտին կարող է սահմանվել միայն կարճաժամկետ։ Կարծում եմ` բազմաթիվ կառավարություններ 2–3 ամիս կարանտինից հետո կորոշվեն էապես մեղմել այդ միջոցները, քանի որ տնտեսական հետևանքները կլինեն կործանարար, և անհնար կլինի երկար պահպանել նման ռեժիմ։ Այդ պատճառով հաջողությունը կախված կլինի այն բանից, թե ինչպես երկրները կգտնեն հավասարակշռություն, ինչպես նաև նրանից, թե երկրներում վարքագծային ինչ նոր նորմեր հաջողությամբ կներդրվեն։

Հարց. որքանո՞վ է հայկական տնտեսությունը պատրաստ նոր նորմերի ներդրմանը` թվայնացում, հեռահար աշխատանք։ 

Մ․Հերգնյան. այսպես ասենք, Հայաստանը համատարած պատրաստ չէ նոր մոտեցումներին։ Եթե, օրինակ, նայենք կրթական ոլորտին, թե որքան արագ նրա մի զգալի մասը անցավ հեռավար ուսուցման թվային ձևաչափին, ապա կարելի է նշել, որ դա բավականին հաջող արվեց։ Բայց եթե մնացածին նայենք, ապա մենք այնքան էլ հաջող չենք աշխատում, և անհրաժեշտ են վարքագծային նորմեր տարբեր ոլորտներում, որոնք այդ թվում կապված են արտադրության և ծառայությունների հետ։ Այս հարցում կառավարության քաղաքականությունը և նոր նորմերը էական կլինեին նոր ձևաչափերի խթանման համար։ 

Հարց. այս ամենն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության և նրա վերջնական ցուցանիշների վրա։ Ո՞ր ոլորտները կկարողանան վերականգնվել, ո՞ր ոլորտները կկարողանան ավելացնել իրենց մասնաբաժինը ՀՆԱ-ում։ 

Մ․Հերգնյան. բարդ է մեկ տարվա կանխատեսումներ անել, բայց, հավանաբար, տարին կփակենք ՀՆԱ-ի բացասական աճի տեմպով։ Ի դեպ, ԱՄՀ-ի վերջին կանխատեսումը նույնպես դա է արտացոլում, բայց այստեղ հարցը տվյալ ցուցանիշի մակարդակն է։ Լավատեսական սցենարի դեպքում մենք մոտ կլինենք զրոյական ցուցանիշին, իսկ զարգացման վատատեսական սցենարի դեպքում՝ մինուս 7-8%-ին մոտ, հնարավոր է, նույնիսկ ավելի շատ։ 

Շատ բան կախված կլինի համաճարակի զարգացման դինամիկայից, իսկ դա ոչ ոք չի կարող կանխատեսել։ 

Ինչ վերաբերում է բնագավառներին, ապա հասկանալի է, որ տուրիզմի բնագավառն ամենից շատն է տուժել։ Ակնհայտ է, որ միջազգային տուրիզմն այս տարի չի վերականգնվի, բայց կարող է վերականգնվել տեղական տուրիզմը։ Մենք նման միտումներ ենք տեսնում Չինաստանի օրինակով, որտեղ կարանտինից հետո տեղական զբոսաշրջիկների մեծ խմբեր շարժվեցին հայտնի տուրիստական ուղղություններով։ Նույնիսկ վիճակագրություն կա, որ Չինաստանում հյուրանոցների զբաղվածությունն արդեն հասել է 30%-ի։ Այս ոլորտում նման զարգացում կարելի է ակնկալել նաև Հայաստանում։ 

Ռեստորանային բիզնեսի առումով, կարծում եմ, որ ռեստորանների բացվելն արդարացված է ֆիզիկական հեռավորության նոր չափանիշների ներդրման պայմաններում։ Ոլորտը շատ դանդաղ է վերականգնվելու, քանի որ, նույնիսկ, եթե հեռավորության նորմերը պահպանվեն, մարդիկ ավելի զգուշավոր կլինեն ռեստորաններ և սրճարաններ այցելելու հարցում։ 

Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մենք լրջորեն կախված ենք մեր առևտրային և ներդրումային գործընկերների տնտեսության զարգացման դինամիկայից։ Մասնավորապես, մեր արտահանման դինամիկան մեծապես կախված կլինի նրանից, թե ինչ իրավիճակ կլինի մեր արտահանման շուկաներում։ Այդ պատճառով անհնար է կանխատեսումներ անել` միայն հիմնվելով այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվելու մեզ մոտ, բայց մենք հույս ունենք, որ նոր հավասարակշռությունը շատ արագ կձևավորվի։ 

Հարց. այսինքն՝ մեր տնտեսության վերականգնման առումով պետք է հուսա՞նք, որ մեր առևտրային գործընկերների տնտեսությունը կվերականգնվի։ 

Մ․Հերգնյան. չեմ կարծում, թե տնտեսության զարգացման տեսանկյունից արժե հույս դնել միայն մեր հարևանների և առևտրային գործընկերների վրա։ Կարծում եմ, որ դեգլոբալիզացիայի միտումը չափազանց ուժեղ կլինի։ Անհրաժեշտ է մտածել ներքին պահանջարկի մակարդակի և խթանման մասին։ Մասնավորապես, դա կարելի է անել մեծ կապիտալ ծախսերի միջոցով պետության կողմից ֆինանսավորվող ոլորտների օգնությամբ` շինարարություն և այլ ոլորտներ, որոնք կարող են խթանել ներքին պահանջարկը։ 

Հարց. ԵՏՄ երկրներում որոշում է ընդունվել պահպանել մաքսատուրքերի զրոյական դրույքաչափը գործընկերների համար։ Որքանո՞վ դա կարող է ձեռնտու լինել Հայաստանին։ Կարո՞ղ ենք արտահանման նոր նշաձող գրավել գործընկեր պետություններում։ 

Մ․Հերգնյան. սա դրական պահ է, բայց ոչ այն ֆունդամենտալ գործոնը, որը կփոխի տնտեսական զարգացման դինամիկան։ Ինչ վերաբերում է ազատ նիշաներ գրավելու հնարավորությանը, ապա, առհասարակ, ճգնաժամը միշտ նոր հնարավորություններ է ստեղծում․ եթե ինչ-որ բան քանդվում է, ապա ինչ-որ նոր բան ստեղծվում է։ Բայց խնդիրն այն է, թե ինչ է ստեղծվում նման նիշաին ոլորտներում, որոնք կարելի է զբաղեցնել, արդյոք կարելի է արագ զարգացնել համապատասխան գիտելիքներ և կարողությունները այդ նիշաները գրավելու համար։

Դժվար թե, մեզ հաջողվի արագ վերափոխվել, քանի որ դա բարդ գործընթաց է, և այն չի կարող տեղի ունենալ մեկ օրում, չնայած՝ այդ ուղղությամբ կարելի է աշխատել։ Գլոբալ առումով տնտեսական իրավիճակը շատ ծանր է լինելու, այդ պատճառով մենք հիմա չենք կարող ասել, որ սա լավ հնարավորություն է հայկական տնտեսության համար, և նա շատ կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ կվերափոխվի ինչ-որ նոր կացութաձևի։ 

Հարց. դուք արդեն խոսեցիք բիզնեսին հանդիպող դժվարությունների մասին: Բայց, ընդհանուր առմամբ, կառավարությունը ևս իրականացնում է աջակցության բազմաթիվ միջոցառումներ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար՝ օժանդակություն ցուցաբերելով ՓՄՁ-երին, ագրոհատվածին և այլ ոլորտներին: Կարո՞ղ է դա խթանել կապիտալ ներդրումներ տարբեր ոլորտներում:

Մ. Հերգնյան. կորոնավիրուսի պայմաններում տնտեսության խթանման բոլոր փաթեթները, որոնք ընդունվել են Հայաստանի կառավարության կողմից, հիմնականում, ուղղված են մարտի սկզբին առաջացած շոկային իրադրությունը հարթելուն: Դրանք նպատակաուղղված չեն ռազմավարական զարգացմանը: Ամենայն հավանականությամբ, զարգացմանն ուղղված փաթեթները կներկայացվեն դրանից հետո: Կառավարության կողմից ընդունված միջոցառումները, որոնք ուղղված են շոկային իրավիճակը հարթելուն, իհարկե, կունենան որոշակի ազդեցություն, բայց, իմ գնահատմամբ, շոկը հարթելու համար նման ռեսուրսների անհրաժեշտությունը կարող է հասնել ՀՆԱ-ի մինչև 10 տոկոսի: 

Բացի այդ, հարց է առաջանում որոշ միջոցառումների հասցեականության վերաբերյալ: Այդ միջոցառումները, ըստ էության, պետք է ուղղված լինեն այս իրավիճակի հետևանքով տուժած շերտերին, ոչ թե պարզապես սոցիալական լարվածության նվազեցմանը կամ բիզնեսը խթանելուն: 

Բերեմ օրինակ. առաջին փաթեթը, որն ուղղված է վարկունակ ընկերություններին վարկային ռեսուրսների տրամադրմանը: Առաջինը, ռեսուրսների ծավալը չի փոխի տնտեսության դինամիկան, քանի որ դրանք շատ փոքր են` տնտեսության մեջ վարկավորման ընդհանուր ծավալի համեմատ: Դրանք էական ռեսուրսներ չեն: Երկրորդը, վարկերը տրամադրվում են բանկերի միջոցով, և ներկայացված չափանիշների հիման վրա` այդ վարկերը կարող են ստանալ միայն ամենավարկունակ ընկերությունները, որոնք առանց այդ էլ կարող են վարկ ներգրավել: Տվյալ իրավիճակում շեշտը պետք է դնել այն ընկերությունների վրա, որոնք վարկի գրավման հարցում բախվել են խնդիրների կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։  

Հարց. իսկ զարգացման ի՞նչ ծրագրեր կառաջարկեիք կառավարությանը, և ո՞ր ոլորտի վրա է պետք շեշտադրում անել՝ գոնե ՀՆԱ-ի զրոյական ցուցանիշ ապահովելու համար: 

Մ. Հերգնյան. դա հիմնականում կապիտալ շինարարության խթանումն է և մեծ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք կպահանջեն խոշոր կապիտալ ներդրումներ: Միևնույն ժամանակ պետք է սկսել զանգվածային հանրային աշխատանքների ծրագրեր, մասնավորապես ամբողջ երկրի լանդշաֆտը աղբից մաքրման, զանգվածային ծառատունկի աշխատանքներ (սրա մասին հայտարարվեց, սակայն մասշտաբները էականորեն պետք է մեծացվեն)։ 

Հարց. բայց շինարարությունը, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, վերջին տարիներին մեծ արդյունքներ չի գրանցում, իսկ անշարժ գույքի շուկան բավականին թանկ է միջին սպառողի համար, չնայած տարբեր ծրագրերին: Գները չեն իջնում, այլ միայն բարձրանում են: Արդյոք կապիտալ շինարարությունը հեռանկարներ ունի՞ նման պայմաններում: 

Մ. Հերգնյան. Կարծում եմ, որ հեռանկարներ ունի, և այստեղ նույնպես անհրաժեշտ է շեշտադրել սոցիալական կողմը: Օրինակ, խթանիչ համակարգն ավելի ուժեղացնել ինչպես հիփոթեքի, այնպես էլ կառուցապատողների համար որոշակի արտոնությունների տրամադրման տեսանկյունից: Դրան են նաև գումարվում պետական-մասնավոր գործընկերության ծրագրերը, որտեղ մասնավոր ներդրողը միջոցներ է ներդնում, իսկ պետությունը հանդես է գալիս որպես համաներդրող որոշ նախագծերի համար: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային նախագծերին, ապա այստեղ որպես հիմնական դերակատար պետք է հանդես գա պետությունը: Ներկա իրավիճակում պարզապես անհրաժեշտ է մասշտաբային ձևով ավելացնել կապիտալ ծախսերը, այդ թվում` ենթակառուցվածքներում՝ ճանապարհներ, կամուրջներ, ջրամբարներ, ռազմական օբյեկտներ: 

Հարց. բազմաթիվ գործարարներ հիմա խնդիրներ ունեն, այդ թվում`կապված հարկային պարտավորությունների կատարման հետ, և ոչ բոլորն են կարողանում լինել բարեխիղճ հարկատուներ: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է նման պայմաններում հարկային արձակուրդ տրամադրել, որը թույլ կտա կատարել պարտավորությունները երկարաժամկետ հեռանկարում` այս դժվարին ժամանակահատվածը հաղթահարելու համար։ 

Մ. Հերգնյան. հարկային արձակուրդի մեխանիզմն ընդհանուր առմամբ կիրառվում է բազմաթիվ կառավարությունների կողմից: Բայց ես համարում եմ, որ դա ոչ այնքան արդյունավետ գործիք է այս իրավիճակում: Հարկային արձակուրդներ կարելի է կիրառել այն ոլորտներում հետևանքները մեղմելու համար, որոնք ամենից շատն են տուժել այս իրավիճակում, որտեղ պահանջարկը լրիվ զրոյացել է, օրինակ, այնպիսի ոլորտում, ինչպիսին տուրիզմն է: Բայց այստեղ ծագում է հարկային պարտավորությունների կատարման կարգապահության պահպանման հարցը, այդ պատճառով չի կարելի շատ բացառություններ անել: 

Հարց. Բազմաթիվ միջազգային կառույցներ պատրաստակամություն են հայտնել ավելացնել բյուջետային աջակցությունը: Արժե՞, արդյոք, Հայաստանին այս փուլում ներգրավել այդ ռեսուրսները: 

Մ. Հերգնյան. կարծում եմ, որ պետք է վերցնել այն միջոցները, որոնք այսօր առաջարկվում են լավ պայմաններով: Հիմա այն ժամանակը չէ, երբ պետք է չափազանց պահպանողական մոտեցում ցուցաբերել պետական պարտքի ավելացման հարցում: Հիմա անհրաժեշտ է իսկապես արագ գնալ դրա ավելացման, որպեսզի մենք ունենանք ռեսուրսներ` տնտեսության երկարաժամկետ աջակցության ծրագրերի համար: 

Հարց. իսկ մինչև ո՞ր սահմանաչափը կարող ենք ավելացնել պետական պարտքը:  

Մ. Հերգնյան. սահմանաչափի հարցում կարելի է տարբեր գնահատականների հանգել: Իմ կարծիքով կարելի է հասնել անգամ ՀՆԱ-ի մինչև 70 տոկոսի: Պետք է վերցնել միջազգային կազմակերպությունների միայն երկարաժամկետ վարկերը, որոնք առաջարկում են միջոցներ բավականին շահավետ պայմաններով: Հիմա անհրաժեշտ է պարտք վերցնել հետագա սերունդներից, հակառակ դեպքում տնտեսությունն այնպես կփլուզվի, որ մեզ հետագայում շատ դժվար կլինի այն վերականգնել, ինչ միջոցներ էլ ներդնենք: -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
25 Մարտի 2024
Ամուսնության համար սխալ օրը կարող է ճակատագրական լինել․ աստղաբան Աննէ Հախվերդյան (ՎԻԴԵՈ)
Որո՞նք են սիրառատ ամիսներն՝ ըստ աստղակերպի նշանների․ պարզաբանում է աստղաբան, էզոթերիկ Աննէ Հախվերդյանը․ ՎԻԴԵՈ
19:37
15 Մարտի 2024
10 քայլ դեպի առողջ քուն․ բժիշկ-հոգեթերապևտի խորհուրդներն անքնությունից ազատվելու համար (ՎԻԴԵՈ)
Բժիշկ- հոգեթերապևտ Սոնա Հայրապետյանի հետ զրուցել ենք անքնության պատճառների, քնին նպաստող գործոնների մասին, որոնք կօգնեն ազատվել անքնությունից. ՎԻԴԵՈ
19:37
14 Մարտի 2024
Ես գժվում եմ էս երկրի համար․ 33 հարց՝ Գարիկ Սեփխանյանին (ՎԻԴԵՈ)
«33 հարց» հաղորդաշարի շրջանակում Գարիկ Սեփխանյանը պատասխանում է կարճ հարցերի, որոնք կհետաքրքրեն նրա երկրպագուներին և ոչ միայն. ՎԻԴԵՈ
19:37
13 Մարտի 2024
Ինչպե՞ս է բուժվում անպտղությունը. գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգը պարզաբանում է զույգերին հուզող հարցերը (ՎԻԴԵՈ)
Ե՞րբ դիմել բժշկի, հնարավո՞ր է արդյոք հղիանալ մեկ սաղմիկով, իսկ առանց արգանդի կինը կարո՞ղ է երեխա ունենալ, ո՞րն է միֆը, և ո՞րը՝ իրականություն, , այս հարցերը և ոչ միայն պարզաբանում է Պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը. ՎԻԴԵՈ
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում