Հայ ժողովուրդը գիտի վերածննդի գաղտնիքը
«Դար ապրած լռություն» խորագրով` նկարիչ Մուշեղ Մխիթարյանի ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Այն այս օրերին կազմակեպվել է Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսը նվիրված է այն բոլոր հայերին, ովքեր վերապրել են Ցեղասպանությունն ու անցել են գաղթանականության դառը ճանապարհով, առաջին հերթին` նկարչի պապիկներին և տատիկներին։ Չէ՞ որ, ըստ էության, գրեթե չկա հայկական ընտանիք, որին չի անդրադարձել այս ողբերգությունը։
Նկարիչը «Նովոստի–Արմենիա» պորտալին պատմել է իր ստեղծագործական գործունեության վրա Ցեղասպանության ազդեցության և հայկական ընտանիքի համար ազգային արժեքների դերի մասին։
– Ձեր ցուցահանդեսը մարմնավորում է հայերի գենետիկ հիշողությունը...
– Այո, դա այդպես է, հիմնական շեշտը դրված է հենց դրա վրա։
– Ինչպե՞ս եք իմացել այդ ողբերգության մասին, չէ՞որ ծնվել եք հայ ժողովրդի հետ պատահած աղետից շատ ավելի ուշ։ Ձեր հարազատնե՞րն են պատմել։
– Ոչ, նրանք պարզապես դաստիարակել են ինձ և կրթություն տվել։ Հարազատներիս մի մասը փախել է Մուշից, մյուսը` Կարսից։ Նրանք մեծացրել են ինձ այդ մշակույթի մթնոլորտում։ Նրանցից ես լսել եմ իմաստուն առածներ, որոնցից շատերն օգտագործել եմ որպես կոլաժներիս ստորագրություն։ Արևմտյան Հայաստանից նրանք բերել են իրենց մշակույթը, արժեհամակարգը։ Այսպես, պապիցս լսել եմ ճշմարտությունն այն մասին, որ աշխարհում կա երկու լավ երևույթ` հացի հոտն ու երեխայի բույրը։ Միայն տարիքի հետ հասկանում են, որ այս երկու երևույթների վրա է հիմնվում ազգային արժեհամակարգը, հարազատ մարդկանց միջև հարաբերությունները, օջախի զգացումը։
– Այսինքն, ձեր արվեստի միջոցով դուք անում եք ամեն ի՞նչ, որպեսզի չդադարի ժամանակների, սերունդների միջև կապը։
– Այո, դա շատ կարևոր է։ Մեր ազգային արժեհամակարգն իսկական գանձ է, որը չենք կարողանում ճիշտ տնօրինել։ Միաժամանակ մենք տարված ենք օտար կեղծ, «արհեստական» արժեքներով։ Նրանց արժեքները նման են fast food–ի, որը չի հագեցնում քաղցը։
– Ինչպե՞ ս եք ընտրել ցուցահանդեսի անվանումը։
– «Դար ապրած լռություն» խորագիրը կոլաժի անվանումն է, որի գլխավոր մասը նվիրական իր է`Մուշից փախած Սաթենիկ տատիս գորգի մի կտորը։ Այդ իրը խոսեց հարյուր տարի անց...Այն ավարտելուց հետո ես հասկացա, որ ցուցահանդեսը կկոչվի հենց այդպես։ Չէ՞ որ իմ հարազատները լռել են այդ մասին։ Նրանք երբեք չեն պատմել տեսած դաժանությունների մասին։ Պարզապես փորձել են մեր մեջ սերմանել հիմնական արժեքները, մասնավորապես այն, որ կրթությունն այն բանի երաշխիքն է, որ դու քաղցած չես մնա։ Այսպես, պապս սիրում էր կրկնել, որ ընթերցանությունը նման է ծոցում պահած մի կտոր հացի։ Կարծում եմ, որ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներն առանձնահատուկ մարդիկ են եղել, ովքեր, անցնելով ցեղասպանության դժոխքի միջով, կարողացել են պահպանել իրենց մարդկային կերպարը։ Այսօր մենք շատ ավելի փոքրոգի ենք։
– Հարյուր տարի մենք սգում էինք մեր ազգային ողբերգությունը, զոհերին։ Իսկ ձեր ցուցահանդեսը լի է հույսով, լույսով...
– Չկա գիշեր առանց լուսաբացի։
- Ճի՞շտ եմ, արդյոք, հասկացել, որ ձեր ցուցահանդեսի հիմնական ուղերձն այն է, որ հայ ժողովրդը վերապրել է Ցեղասպանությունն ու վերածնվել:
- Անշուշտ: Դրանից հետո հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, նոր սերունդ դաստիարակել: Ցուցահանդեսն ըստ իր հայեցակարգի բաժանվում է երեք մասի` ակունք, փորձություն և վերածնունդ: Եվ եթե նկատեցիք` հիմնական շեշտը հենց վերածննդի վրա է դրված: Մենք, փառք Աստծուն, գոյություն ունենք որպես ազգ, ունենք ազատագրված Արցախ, պետականություն, եկեղեցի, հավատք, լեզու:
- Հայաստանն այսօր բարդ ժամանակներ է վերապրում: Ի՞նչ եք կարծում` ինչու՞:
- Այսօր Հայաստանում տիրող մթնոլորտն ատելության մթնոլորտ է:
- Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը: Կարո՞ղ է, արդյոք, արվեստը նպաստել դրան:
- Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ասել է, որ երբ մեռնում է բարոյականությունը, սկսում է գործել օրենքը, իսկ երբ սկսում է գործել օրենքը, սկսում են գործել ավանդույթները: Այսօր բարոյականություն չկա, օրենքը չի գործում, միակ հույսը մեր ժողովրդի ավանդույթներն են:
- Հավատու՞մ եք, որ Հայաստանը կրկին բարգավաճող պետություն կդառնա:
- Իհարկե հավատում եմ: Հայ ժողովուրդը գիտի վերածննդի գաղտնիքը, ինչի մասին վկայում է նրա երկար պատմությունը… Հայի մեջ պետք է արթնանա հայը, որպեսզի մեզնից յուրաքանչյուրի մեջ արթնանա էպոսի հերոս Մհերը: –0–

