Ծեծկռտուք՝ Նոր Նորքի թաղապետարանում՝ ակտիվիստի մասնակցությամբ․ ի՞նչ է պատահել

30.04.2025, 13:03
Երևանի Նոր Նորքի թաղապետարանում այսօր միջադեպ է գրանցվել՝ ակտիվիստ Արթուր Չախոյանի մասնակցությամբ
Ծեծկռտուք՝ Նոր Նորքի թաղապետարանում՝ ակտիվիստի մասնակցությամբ․ ի՞նչ է պատահել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Նոր Նորքի թաղապետարանում այսօր միջադեպ է գրանցվել՝ ակտիվիստ Արթուր Չախոյանի մասնակցությամբ։

Սոցցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Արթուր Չախոյանը եկել է թաղապետարան, որպեսզի հանդիպի Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Սակայն թաղապետարանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Տեր-Մարգարյանը չի պատրաստվում դուրս գալ հանդիպման։

Դրանից հետ վեճ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Արթուր Չախոյանին հարվածներ է հասցրել նաև անձամբ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։

Ծեծռկտուքից հետո Տեր–Մարգարյանը մեկնաբանել է իր պահվածքը հետևյալ կերպ․ «Ես վարչական շրջանի ղեկավար լինելուց բացի, տղա եմ։ Երբ որ գալիս են վարչական շրջանի ղեկավարին հայհոյում ու անվայել պահվածք են դրսևորում, կարծում եմ ճիշտ եմ արել», – ասել է Տեր–Մարգարյանը։

Սոցցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ միջադեպից հետո ոստիկանները բերման են ենթարկել Արթուր Չախոյանին։

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանել են այսօրվա միջաեպը։

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում», – նշված է aysor.am–ին քաղաքապետարանից տրամադրված մեկնաբանության մեջ։

Ոստիկանությունից ևս տրամադրել են մեկնաբանություն միջադեպի կապակցությամբ՝ նշելով, որ տեսանյութերին ծանոթ են, այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։

Նշենք, որ ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։

«Թալանի բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել է ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել մեր հասցեին», – նշել է Չախոյանը։