Քրեական գործ է հարուցվել երևանյան ԲԿ–ում մահացած նորածնի կապակցությամբ

23.06.2016, 16:41
Քրեական գործ է հարուցվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան կապակցությամբ:
Քրեական գործ է հարուցվել երևանյան ԲԿ–ում մահացած նորածնի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում նորածնի մահվան կապակցությամբ, հինգշաբթի լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Հայկական ԶԼՄ–ներում օրեր առաջ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Լրատվամիջոցների տվյալներով, հունիսի սկզբին Արարատի մարզի 32–ամյա բնակչուհին տղա է ունեցել, ով ընդամենը մեկ օր է ապրել։ Միաժամանակ, ծննդկանի խոսքով, ծննդաբերությունից հետո բժիշկները հավաստիացրել էին նրան, թե երեխայի առողջությունը նորմալ է, սակայն հաջորդ օրը հայտնել են նրա մահվան մասին։

«Մանկական մահացության հետ կապված բոլոր դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են։ Կարող եմ ասել, որ այս փաստով տվյալ պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,– ասաց Մուրադյանը։ --0--