Օշականում 4 տարեկան երեխան ընկել է գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

28.04.2025, 10:29
Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք
Օշականում 4 տարեկան երեխան ընկել է գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 27-ին, ժամը 17։47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու, հրշեջ-փրկարարական ջոկատի երկու օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Գետի դժվարամատչելի հատվածների դիտարկման նպատակով օգտագործվել է անօդաչու թռչող սարք։ 

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել են Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։ 

Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։