Կրակոցներ՝ Գյումրիում․ կան վիրավորներ, կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի է

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրի քաղաքում կրակոցներ են հնչել, կա վիրավոր:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում գործող «Գյումրի» հացատան դիմաց, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։ Ըստ օպերատիվ տվյալերի՝ 1 մարդ վիրավորում է ստացել կրակոցից, 2 մարդ էլ՝ ծեծկռտուքի հետևանքով:
Շիրակի մարզի քրեական ոստիկանները ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետությունում գործող բժշկական հաստատություններից պարզել են, որ ոչ մի վիրավոր չի տեղափոխվել հիվանդանոց, սակայն մեկ այլ օպերատիվ տեղեկությամբ վիրավորները բուժումներ են ստանում տնային պայմաններում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվում։
Ոստիկաններն արդեն գիտեն մասնակիցների և կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի է և բազմիցս ներգրավված է եղել քրեական պատմությունների մեջ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։