Գյումրու բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դի
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հուլիսի 4-ին ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:
Կայքի տեղեկություններով, նշված հասցե է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:
Կայքի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում:
Ըստ կայքի տեղեկությունների, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-

