Երևանում 52–ամյա սկեսուրը դանակով հարվածել է 25–ամյա հարսին, ով հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 52–ամյա սկեսուրը դանակով հարվածել է 25–ամյա հարսին։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:
«Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել», –նշվում է գերատեչության հաղորդագրության մեջ:
Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:–0–

