ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ստացել, որ Երևանի մանկապարտեզներից մեկի 11 սան՝ սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», հաղորդում է ՀՀ ԱՆ–ն։
Բժշկական զննության արդյունքում նրանց մոտ նախնական ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ»։ Երեխաների առողջական վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
«Պատճառը պարզելու նպատակով մանկապարտեզում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն։ Լաբորատոր հետազոտության նպատակով իրականացվում են նմուշառումներ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–