Հայտնի է Դալմայում գրանցված արտակարգ պատահարի հավանական պատճառը
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ փորձագետները շարունակում են ուսումնասիրել նախօրեին երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում գրանցված արտակարգ պատահարի պատճառները, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱԻՆ մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։
Հինգշաբթի երեկոյան «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում զգացվել են ցնցումներ, ինչից հետո առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցներն ու այցելուները տարհանվել են։ Սեյսմիկ ծառայությունն իր հերթին նշել է, որ հանրապետության տարածքում գրանցված երկրաշարժի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«ԱԻՆ աշխատակիցները շարունակում են մանրակրկիտ զննել շենքն ու հարակից տարածքը` ցնցումների պատճառները պարզելու համար։ Շենքում տեղադրված են սենսորային սարքեր, որոնց միջոցով պետք է պարզվի ցնցումների պատճառը դրանց կրկնության դեպքում։ Այս պահին որևէ նոր ցնցում չի գրանցվել», – ասաց Զարգարյանը։
Նրա խոսքով, փորձագետները հակված են մարդկային գործոնի վարկածին, մասնավորապես հնարավոր են անվտանգության կանոնների խախտումներ։
«Դալմայի գոտում որևէ սեյսմիկ ակտիվություն չի գրանցվել, որևէ արտաքին գործոն չկա», – ասաց նա։
Զարգարյանը նաև ընդգծեց, որ առևտրի կենտրոնի փլուզման որևէ սպառնալիք չկա, այն շահագործման է հանձնվել 2012թ.–ն` քաղաքաշինության պահանջներին համապատասխան և պարբերաբար անցնում է ստուգումներ։–0–

