14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ստեղծվել են բազմաթիվ կամավորական խմբեր

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 8–ին ժամը 17–ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղից անհետ կորած 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։
ԱԻՆ–ի և ոստիկանության հաղորդմամբ, Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը, ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք:
Նշվում է, որ ԱԻՆ–ը ստացված ահազանգը փոխանցել է ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել են, որ ոստիկանները համապատասխան աշխատանքներ արդեն իրականացնում են, ու փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միացել է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորագավիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվել են մինչև լուսաբաց:
Հաջորդող օրերին կորած երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոստիկանության և կամավոր քաղաքացիների ուժերով, իսկ ՀՀ ԱԻՆ արձագանքող ուժերը մշտական կապ էին պահպանում ոստիկանության հետ՝ իրավիճակը ճշտելու համար և բերված էին բարձր պատրաստականության՝ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին միանալու համար:
Այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանության խնդրանքով, փրկարարական ուժերը կրկին ներգրավվել են որոնողական աշխատանքներում՝ ստանձնելով դժվարմատչելի վայրերում համապատասխան աշխատանքների իրականացումը:
Ժամը 16.00-ի փրկակարները վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի արևելյան հատվածից:
Այս միջադեպը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում։ Օգտատերերը ստեղծել են բազմաթիվ կամավորական խմբեր և ինքնուրույն իրականացնում են երեխայի որոնողական աշխատանքները։
Օգտատերերն իրենց գրառումներում նշում են, որ երեխան տառապում է աուտիզմով, տանից դուրս է եկել ոտաբոբիկ-0-