Սպանություն Լոռու մարզում. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի շտապօգնությունից, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Վահագնի գյուղ, որտեղ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանն էր, ով մահացել է գլխի մասում ստացած հրազենային կրակոցից, գրում է կայքը։
Սպանության վայրում հայտնաբերվել են նաև ՏՏ տիպի ատրճանակից կրակված 7.2 տրամաչափի 1 փամփուշտի պարկուճ և 1 չկրակված փամփուշտ:
Կայքը նշում է, որ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները որոնում են նույն գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Կախյանին, ով սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող HUMMER ավտոմեքենայով:
Արմենն ու Նվերը երկար ժամանակ միասին գործարքներ են արել ՌԴ-ում, հետո վերադարձել են և իրար մեջ ունեցել են պարտք ու պահանջ, իսկ այսօր հանդիպել են Վահագնի գյուղի սկզբնամասում, որտեղ էլ տեղի է ունեցել սպանությունը:
Կախյանի ընտանիքի 7 անդամներին 16 տարի առաջ սպանել էին, այդ թվում՝ կանանց և մանկահասակ երեխաներին, նշում է կայքը։
Փաստի առթիվ Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ Կախյանին հայտնաբերելու ուղղությամբ:–0–