ԱՄՆ պետքարտուղարը խոստովանել է, որ հոգնել է հրապարակայնությունից

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հինգշաբթի խոստովանել է, որ հոգնել է հրապարակայնությունից և պատրաստ է ցանկացած պահի ստվեր մտնել:
«Կարծում եմ, որ ամերիկյան քաղաքականության ձգված լարի վրա քսան տարի մնալուց հետո, իսկ շուտով լրանում է քսան տարին, և հաշվի առնելով դրա հետ կապված բոլոր դժվարությունները՝ դուք կարող եք հասկանալ, թե որքան եմ ես հոգնել», - վաշինգտոնյան Politico թերթը մեջբերում է Քլինթոնի խոսքերը, որոնք ուղղված են Պետդեպարտամենտի աշխատակիցներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը բազմիցս նշել է, որ 2012 թվականի ընտրություններից հետո ցանկանում է զբաղվել կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված նախագծերով և չի ծրագրում զբաղեցնել որևէ բարձր պաշտոն:
Քլինթոնը խոստովանել է, որ ինքը չի կարող չմասնակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավին:
«Ինձ համար տարօրինակ կլիներ ընտրությունների ժամանակ մի կողմում մնալ», - ասել է նա՝ հերքելով խոսակցություններն այն մասին, թե ինքը կարող է մասնակցել ընտրություններին որպես փոխնախագահի թեկնածու:-0-