Թրամփը հայտարարել է Իրանի հետ «ինտենսիվ բանակցությունների» և հնարավոր գործարքի մասին. Թեհրանը հերքել է

24.03.2026, 09:46
Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ
Թրամփը հայտարարել է Իրանի հետ «ինտենսիվ բանակցությունների» և հնարավոր գործարքի մասին. Թեհրանը հերքել է

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող ակտիվ բանակցությունների մասին, որոնք կարող են հանգեցնել պատմական համաձայնագրի արդեն առաջիկա հինգ օրվա ընթացքում, փոխանցում է segodnya-ն։

Չնայած Սպիտակ տան լավատեսությանը, իրանական կողմը պաշտոնապես հերքում է որևէ անմիջական շփման փաստը։

Բանակցություններ՝ հարվածների սպառնալիքի ներքո

Թրամփի փոխանցմամբ՝ Իրանի էլեկտրակայաններին հարվածելու որոշումը հետաձգվել է 5 օրով՝ դիվանագիտական լուծմանը հնարավորություն տալու համար։ Նախագահը զգուշացրել է՝ եթե առաջընթաց չգրանցվի, ԱՄՆ-ն կվերսկսի զանգվածային ռմբակոծությունները։

Հնարավոր գործարքի 15 կետերը

Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերն արդեն փոխըմբռնման են հասել 15 առանցքային կետերի շուրջ, որոնցից հիմնականներն են.

·       Իրանի հրաժարումը միջուկային զենքի մշակումից և ուրանի հարստացումից։

·       Հարստացված ուրանի առկա պաշարների հանձնումը ԱՄՆ-ին։

·       Բացել Հորմուզի նեղուցը։

·       Զսպվածություն հրթիռային ծրագրի հարցում։

«Սա կլինի Իրանի վերականգնման սկիզբը և երկարաժամկետ խաղաղություն կապահովի Իսրայելի համար»,- նշել է Թրամփը։

Թեհրանի դիրքորոշումը և միջնորդները

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ որևէ շփում չի եղել, իսկ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը բանակցությունների մասին լուրերն անվանել է «կեղծ լուրեր»։ Այնուամենայնիվ, ըստ միջազգային աղբյուրների, բանակցություններն ընթանում են Եգիպտոսի, Թուրքիայի և Պակիստանի միջնորդությամբ։