Իսպանիայում արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի. հայտարարվել է եռօրյա սուգ
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Իսպանիայի հարավում տեղի ունեցած խոշոր երկաթուղային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 122-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է եռօրյա սուգ, գրում է BBC-ն։
Սանչեսը նաև խոստացել է պարզել, թե ինչու է տեղի ունեցել բախումը։
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Ադամուզի շրջանում, երբ Մադրիդ մեկնող գնացքի վագոնները դուրս են եկել գծերից և անցել հակառակ ուղղությամբ՝ բախվելով հանդիպակաց գնացքին։
Երկաթուղային իշխանությունների տվյալներով՝ 2 գնացքներում եղել է 400 ուղևոր և անձնակազմի անդամներ։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները բուժօգնություն են ցուցաբերել 122 մարդու, որոնցից 41-ը, այդ թվում՝ երեխաներ, դեռևս հիվանդանոցում են։ Նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն նախազգուշացրել է, որ զոհերի թիվը դեռ վերջնական չէ։
Թեև Պուենտեն միջադեպը որակել է «չափազանց տարօրինակ», սակայն «Reuters» լրատվական գործակալությունը, մեջբերելով նախնական հետաքննություններին ծանոթ անանուն աղբյուր, հայտնել է, որ փորձագետները ռելսերի վրա հայտնաբերել են անսարք միացում, որի պատճառով գնացքների երթևեկության ժամանակ ռելսերի հատվածների միջև եղած բացը ընթացքի ժամանակ կարող է լայնանալ։
Վթարի պատճառով Մադրիդի և հարավային քաղաքների միջև բոլոր արագընթաց երկաթուղային ծառայությունները մինչև ուրբաթ օրը դադարեցվել են։
Հիշեցնենք, որ այս միջադեպը Իսպանիայի երկաթուղային ոլորտի ամենախոշոր աղետն է 2013 թվականից ի վեր, երբ Գալիսիայում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր 80 մարդ։

