«Իրականում չգիտենք՝ ինչ է մեր գյուղատնտեսությունը, որովհետև մարդ կարող ա բակում մի քանի հատ ծառ ունենա, երկու հատ էլ կով, դա ներառենք գյուղատնտեսության մեջ»․ Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կոչ է արել չհավատալ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսությանը վերաբերող ցուցանիշներին։
«Գյուղատնտեսության հետ կապված, ես դրա մասնագետն ինձ չեմ համարում, բայց ինչքանով հասցրել եմ թեմային ծանոթանալ, մենք գյուղատնտեսության ցուցանիշների մասին պետք է շատ զգույշ խոսենք, որովհետև այն ցուցանիշները, որոնք ներկայացնում է Վիճակագրական կոմիտեն, «հալած յուղի» տեղ ընդունելը սխալ է, որովհետև մենք իրականում չգիտենք՝ ինչ է մեր գյուղատնտեսությունը, որովհետև մարդ կարող է իր բակում մի քանի հատ ծառ ունենա, երկու հատ էլ կով, մենք դա ներառենք գյուղատնտեսության մեջ», – ասել է նա՝ Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով այն հարցը, որ վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտն աճ չի գրանցել։
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,8%-ով և կազմել 628 664,6 մլն դրամ։ Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների սպանդանոցային միս է իրացվել 69,2 հազար տոննա քաշով (կենդանի քաշ)՝ 8 տոկոս աճով, արտադրվել է 493,7 հազար տոննա կաթ (3,2 տոկոսի անկում) և 587,6 միլիոն ձու (նվազումը՝ 3 .8%)։ Աճեցվել է 221,1 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն (22,9 տոկոսի անկում), կարտոֆիլ՝ 173,3 հազար տոննա (անկումը՝ 8,1 տոկոս), բանջարեղեն՝ 502,3 հազար տոննա (աճը՝ 2,4 տոկոս), բոստանային արտադրանք՝ 119,2 հազար տոննա (աճը՝ 17,9%), միրգ և հատապտուղներ՝ 226,0 հազ. տոննա (8.1%–ի անկում), խաղողը՝ 122.1 հազ․ տոննա (աճը՝ 10.5%)։