Շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշները

19.08.2020, 10:45
Շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշները
Շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշները

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ամենաանհարմար պահին ձեր գումարը վերջացե՞լ է, այո–այո, բոլորիս ծանոթ իրավիճակ է: Իսկ քանի անգամ ենք մեղադրել ինքներս մեզ անվերահսկելի ծախսերի և փողերն աջ ու ձախ ցփնելու մեջ: Չնայած, մեր թեստի շնորհիվ կարծում ենք` հնարավորություն ունեցել եք պարզելու, թե ինչ տիպի մարդ եք: Եթե, այնուամենայնիվ, կասկածներ են մնացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է ծանոթանալ շռայլ ծախսելու 5 «թաքնված» հատկանիշներին, որոնք կարևոր է ժամանակին բացահայտել ու արմատախիլ անել:

1. Դժվար է վերահսկել ծախսերը

 - рис.1

Շռայլ ծախսելու հատկանիշներից մեկն այն է, երբ ձեզ դժվար է հաշվարկել ծախսերը և հստակ ֆիքսել ծախսած յուրաքանչյուր գումար: Որոշ դեպքերում բյուջեի վերահսկման նման ձևն ընդունելի է, սակայն երբ դուք աշխատավարձից աշխատավարձ եք ապրում կամ ձեզ երբեք չի հաջողվում գումար կուտակել, ապա դա վկայում է այն մասին, որ ժամանակն է հետևել ծախսերի ամեն կետին:

Դուք կարող եք չնկատել, թե որքան գումար է ծախսվում տաքսու, սրճարան այցելելու, տարբեր մանր, իմպուլսիվ գնումների վրա, թե ինչպես են դրանք ազդում բյուջեի վրա: Ձեր ծախսերը գրագետ ձևով հաշվարկելու դեպքում հնարավոր է սովորել ծրագրել և պարզել, թե ամիսը որքան կարելի է ծախսել ուտելիքի, ժամանցի, հագուստի և մնացածի վրա:

2. Հաշիվների վճարումները թողնում եք մինչև վերջին պահը

 - рис.2

Շռայլ ծախսողները փորձում են հետաձգել անխուսափելի ծախսերը՝ պատկերացնելով, թե շատ գումար ունեն: Այդ պատճառով սառնարանի նորոգումը, կոմունալ վճարումները նախընտրում են թողնել մինչև վերջին պահը: Նման մարդիկ անհրաժեշտ ծախսերի համար նախատեսված գումարը ծախսում են ավելի պակաս անհրաժեշտ իրերի վրա:

Նման դեպքերում հաշիվները կարող են կուտակվել, ինչը հանգեցնում է սթրեսի և մեծ ծախսերի, երբեմն անգամ պարտք վերցնելու անհրաժեշտության (սա նույնպես շռայլության հետևանք է): Այս ամենի հետևանքով փող ունենալու ակնթարթային պատրանքը կարող է վերածվել իրական պարտքերի:

3. Չեք կարողանում գումար կուտակել խոշոր ծախսերի համար

 - рис.3

Երկար ժամանակ պլանավորում եք մեքենա գնել, բայց ոչ մի կերպ չեք կարողանում գումար կուտակել, չէ՞ որ մեծ գնումների համար խնայելն ավելի դժվար է, քան փոքր ու առօրյա ծախսերը: Եթե ​​ մշտական ու իմպուլսիվ ծախսերը երկար ժամանակ խանգարում են միջոցներ կուտակել ավելի կարևոր և անհրաժեշտ գնումների համար, դուք պետք է ուշադրություն դարձնեք այս խնդրին և լուծում գտնեք:

Սկսեք հաշվարկել սեփական բյուջեն, ֆիքսել ծախսերը, կարող եք խնայողական հաշիվ բացել բանկում, որը կօգնի գումար կուտակել մեծ գնումներ կատարելու համար:

4. Շատ կրեդիտային քարտե՞ր եք կուտակել

 - рис.4

Կրեդիտային քարտերը և մատչելի սպառողական վարկերը հնարավորություն են տալիս կատարել գնումներ՝ հետաձգելով վճարման պարտավորությունները: Կրեդիտային քարտեր օգտագործելիս մարդիկ առնվազն 10% ավել են ծախսում, քան դեբետային քարտերով կամ կանխիկով վճարելիս: Պատճառն այն է, որ վարկային գումարները չեն ընկալվում որպես սեփական փող, ուստի ավելի հեշտ է դրանց հրաժեշտ տալը: Կրեդիտային քարտերով նաև հեշտ է խրվել պարտքերի մեջ «ծախսիր այսօր, վճարիր հետո» սկզբունքի պատճառով:

Եթե դուք դժվարանում եք մարել վարկային քարտի ամսական վճարը և ստիպված եք օգտվել խնայողություններից, ապա սա արդեն առիթ է, որպեսզի հրաժարվեք վարկային քարտերից՝ նախընտրելով դեբետային քարտերը:

5. Գայթակղվում եք զեղչերով

 - рис.5

Զեղչերն ուշադրություն են գրավում գունեղ գովազդային վահանակներով, բայց խանութների առաջարկները հաճախ այնքան էլ շահավետ չեն, որքան թվում են: Կարևոր է հիշել, որ այդ ամենը մարկետինգային հնարքներ են, որոնք հաճախ ստեղծում են պատրանք և ստիպում են գնել ապրանքներ, որոնք ձեզ իրականում հարկավոր չեն:

Նույնիսկ եթե դուք գնեք անպետք իր իրական 50% զեղչով, դա, միևնույնն է, ավելորդ ծախս է: Եվ հաճախ, գնումներից հետո տուն վերադառնալով, հասկանում եք, որ նոր իրը ձեզ այնքան էլ պետք չէ:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–