ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արդյոք գիտե՞ք, որ հայկական փողերը առաջին անգամ հատվել են մեր դարաշրջանից առաջ, սակայն դրանց վրա հայերեն գրությունները շատ ավելի ուշ են հայտնվել։ Հայկական փողի առաջացման պատմությունն իր արմատներով գնում է հին ժամանակներ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ը համարվում է ժամանակակից հայկական ազգային արժույթի՝ «դրամի» ծննդյան օրը։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 հետաքրքիր փաստ հայկական փողի մասին։
1. Իսկ դուք գիտե՞ք՝ ինչու են հայկական փողերը կոչվում «դրամ»
Հայկական ազգային արժույթի «դրամ» անվանումը հայերենից թարգմանվում է որպես «փող»։ Համարվում է, որ հայկական փողն իր անվան համար պարտական է հունական «դրախմային»: Դեռևս մեր դարաշրջանից առաջ հատված հայկական մետաղադրամները զարդարված էին հելլենիստական ոճով՝ դիմերեսին պատկերված էր թագավորի պատկերը, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանիշեր, որոնց վրա հունարեն տառերով նշված էին թագավորի անունը և տիտղոսը։ 1991 թվականին Հայաստանի անկախության ճանաչումից հետո երկրում որոշ ժամանակ շրջանառության մեջ էին խորհրդային փողերը։ Սակայն 1993 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը որոշեց շրջանառության մեջ մտցնել ազգային արժույթը, և երկար բանավեճերից հետո որոշվեց այն անվանել «դրամ»:
2. Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական մետաղադրամները հայտնվել են դեռ մ.թ.ա 3-րդ դարում
Հայկական առաջին մետաղադրամները հատվել են Երվանդունիների թագավորության օրոք (Ծոփքը հնագույն հայկական պետություններից է) մ.թ.ա. III դարի 2-րդ կեսից։ Միաժամանակ հայտնի են երկու տեսակի մետաղադրամներ՝ նույն անուններով երկու տարբեր թագավորների։ Մետաղադրամների վրա նույնանման գրություններ են՝ «Արշամ թագավորի փողերը»։ Մետաղադրամների տարբերությունը արքաների գլխազարդերն են. մեկն ունի սրածայր թագ, մյուսը՝ առանց կողային ժապավենների կտրված տիարա հիշեցնող թագ (նման է մ.թ.ա 3-2-րդ դարերի Կապադովկիայի, Պարթևի և Պարսկական տիրակալների գլխազարդին): Ավելին, մետաղադրամների երկրորդ տեսակը շատ ավելի քիչ է տարածված։
3. Իսկ դուք գիտե՞ք , որ մյուսներից ավելի շատ մեզ հասել են Տիգրան Մեծի (Ք.ա. 95-55 թթ.) մետաղադրամները
Արտաշեսյանների դարաշրջանում (մ.թ.ա. 189 - մ.թ. 1) սկսեցին մետաղադրամներ հատել Տիգրան Մեծ թագավորի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.)։ Այդ ժամանակ Մեծ Հայքի քաղաքներում հայտնվեցին մեծ թվով պղնձե և արծաթե մետաղադրամներ։ Մինչ օրս պահպանված Տիգրան Մեծի պատկերով մետաղադրամների թիվը մի քանի անգամ ավել է, քան այս տոհմի մյուս թագավորների բոլոր մետաղադրամները միասին վերցրած։ Տիգրան Մեծի պատկերով գրեթե բոլոր մետաղադրամները հայտնաբերվել են Արտաշատ քաղաքի տարածքում իրականացված պեղումների ժամանակ։ Հատկանշական է, որ ավելի վաղ շրջանի մետաղադրամների վրա Տիգրան II-ը նշված է որպես «արքա», իսկ ավելի ուշ նմուշներում նա արդեն հիշատակվում է որպես «արքաների արքա»։ Մետաղադրամները տարբերվում են նաև դիզայնով։ Կան թագավորի պատկերներ՝ գիսաստղի նշանով (Հալլիի գիսաստղ), արևով և երկու արծիվներով։ Դարձերեսին պատկերված են Նիկե աստվածուհու, արմավենու ճյուղի, նոճու, եռոտանու, մահակի, ձիու պատկերներ։ Մետաղադրամները տարբերվում են նաև քաշով։ Դա վկայում է այն մասին, որ դրանք հատվել են երկար տարիների ընթացքում և տարբեր դրամահատարաններում:
4. Իսկ դուք գիտե՞ք, որ հայերեն գրություններով առաջին մետաղադրամները հայտնվել են XI դարում
Չնայած, որ հայկական պետությունում դարեր շարունակ մետաղադրամներ են հատվել, դրանցից շատերը հայերեն գրություններ չեն ունեցել։ Մետաղադրամների վրա առաջին անգամ հայերեն գրություններ են հայտնվել Կյուրիկե II թագավորի օրոք (1048-1089թթ.): 10-րդ դարի 70-ական թվականներից մինչև 12-րդ դարի սկիզբը Կյուրիկյան թագավորությունը կարևոր քաղաքական միավոր էր տարածաշրջանում։ Այն հիմնադրվել է 10-րդ դարի երկրորդ կեսին Գուգարք գավառում Բագրատունյաց թագավորական տոհմից առաջին Գուրգեն թագավորի կողմից (տեղական բարբառով՝ Կյուրիկե)։ Մետաղադրամը հատվել է պղնձից և իր դիզայնով նմանվել է բյուզանդական պղնձե մետաղադրամներին։
5. Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ կապ ունեն Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան հայկական ազգային արժույթի հետ
Տարբեր պատերազմների և տարածաշրջանում հողերի վերաբաշխման պատճառով փողի թողարկման երկար «դադարից» հետո հայկական թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ 1918 թվականին Անդրկովկասյան կոմիսարիատը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) թողարկեց «բոն»՝ 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի արժողությամբ թղթադրամներ, որոնց վրա առաջին անգամ հայտնվեցին հայերեն գրություններ։ Հայ դրամագետներն այս թղթադրամները համարում են հայկական առաջին թղթադրամները։ Նոր փողերը տպվեցին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում: Բայց շատ շուտով, Հայաստանի խորհրդայնացումից հետո, դրանք հանվեցին շրջանառությունից։ 20-րդ դարի վերջին՝ 1991 թվականին Հայաստանի անկախության ճանաչումից հետո, խորհրդային ռուբլին շարունակեց շրջանառվել։ Երկու տարի անց՝ 1993 թվականին, ՀՀ կենտրոնական բանկի հիմնադրումից հետո, որոշում կայացվեց թողարկել ազգային արժույթը՝ հայկական դրամը։ Հայկական նոր թղթադրամների առաջին խմբաքանակը տպվեց Գերմանիայում:
6. Իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում թղթադրամների անվանական արժեքները մի քանի անգամ փոխվել են
1993 թվականին Հայաստանում հայկական դրամի ներդրումից հետո Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց թղթադրամներ, իսկ 1995 թվականից ավելացան նաև 1000 և 5000 դրամանոց թղթադրամները։
1998 թվականին թողարկվեցին երկրորդ սերնդի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ։ 2001 թվականին շրջանառության մեջ դրվեց 50.000 հոբելյանական դրամանը, որը նվիրված էր ՀՀ-ի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Իսկ 2009 թվականին թողարկվեց 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը։
Երրորդ սերնդի թղթադրամները թողարկվեցին 2018 թվականին՝ ի հիշատակ հայկական ազգային արժույթի 25-ամյակին։ Այդ ժամանակ Կենտրոնական բանկը ներկայացրեց նոր՝ 2000 դրամանոց թղթադրամը՝ թարմացնելով մնացած բոլոր թղթադրամները, բացառությամբ 100 000 դրամանոց թղթադրամի։
7. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ նյութից են պատրաստված հայկական մետաղադրամները
Մետաղադրամների պատրաստման համար օգտագործվում են տարբեր նյութեր՝ կախված դրանց անվանական արժեքից։ Այսպես, օրինակ, 20, 50, 100 դրամանոց մետաղադրամները պատրաստված են պողպատից (երկաթի համաձուլվածքից) և ունեն պղնձի, արույրի, բրոնզի, նիկելի և այլ ծածկույթներ։ Երկաթի պարունակության պատճառով այս մետաղադրամները ենթարկվում են մագնիսական դաշտի ազդեցությանը։ Միաժամանակ 10 դրամանոց մետաղադրամը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, 200 դրամը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածքից։ 500 դրամանոց մետաղադրամի կենտրոնական մասը պատրաստված է պղնձի և նիկելի համաձուլվածքից, կողքերը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածքից։ Այս մետաղադրամները (10, 200, 500) չեն ենթարկվում մագնիսական դաշտի ազդեցությանը:
8. Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական դրամներն ունեն կեղծիքից պաշտպանվածության բարձր աստիճան
Հայկական առաջին թղթադրամները հայտնվել են 1993 թվականին, իսկ արդեն 1994 թվականի հունվարին արձանագրվել է կեղծման առաջին դեպքը՝ 10 դրամանոց թղթադրամը մեկ զրո ավելացնելով վերածվել է 100 դրամանոցի։ Այդ ժամանակից ի վեր բավականին ժամանակ է անցել, ստեղծվել են պաշտպանվածության բարձր մակարդակով թղթադրամների նոր սերունդներ։ Օրինակ՝ 2018 թվականին Կենտրոնական բանկը թողարկել է հայկական կոմպոզիտային (հիբրիդային) թղթադրամների նոր շարք։ Նրանց առավելությունն անվտանգության բարձր աստիճանն է, քանի որ նման թղթադրամները գրեթե անհնար է կեղծել, ինչպես նաև դրանք երկարակյաց են և ամուր:
Նոր թղթադրամներն ունեն պաշտպանության մի քանի մակարդակ, այդ թվում՝ ջրանիշ, որը ցույց է տալիս թղթադրամի վրա պատկերված անձի դիմանկարը և անվանական արժեքները (բացառությամբ 50000 դրամանոց թղթադրամի, որտեղ խաչեր են պատկերված): Կան նաև համընկնող պատկերներ, մասնավորապես՝ թղթադրամի դիմերեսին և դարձերեսին տպված տարրեր, որոնք լույսի ներքո դիտելիս ստեղծում են ամբողջական պատկեր և լրացնում միմյանց։ Թղթադրամները պարունակում են երկու անվտանգության թելեր, հոլոգրաֆիկ պատկեր, միկրոտեքստ, մետաղացված ժապավեն և շատ այլ տարրեր, որոնց առկայության շնորհիվ այդ թղթադրամները գրեթե անհնար է կեղծել:
9. Իսկ դուք գիտե՞ք, թե հայկական որ թղթադրամներն են ներառվել 2019 թվականի լավագույն թղթադրամների հնգյակում
Երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են 2019 թվականի լավագույն թղթադրամների հնգյակում՝ դուրս գալով Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի (IACA - International Association of Currency Affairs) «2019 թվականի լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ։ Լավագույն հնգյակում են ներառվել նաև Ավստրալիայի պահուստային բանկի նոր թղթադրամը (50 դոլար), Կանադայի բանկի թղթադրամը (10 դոլար), մեքսիկական թղթադրամը (500 պեսո) և Նորվեգիայի բանկի թղթադրամը: Մրցույթին մասնակցել է 55 մասնակից։
10. Իսկ դուք գիտե՞ք, որ հայկական թղթադրամները կարելի է վաճառել իրենց անվանական արժեքից կրկնակի թանկ
Իհարկե, խոսքը խարդախ սխեմայի կամ ընդհանրապես բոլոր թղթադրամների մասին չէ։ Խոսքը դրամագետների մասին է, ովքեր հավաքում են հազվագյուտ մետաղադրամներ կամ թղթադրամներ։ Որքան հին է հայկական թղթադրամը, այնքան ավելի հազվադեպ է համարվում։ Կոլեկցիոներների շրջանում պահանջարկ ունեն 1993-1995 թվականների թղթադրամները, ինչպես նաև շրջանառությունից հանված 1998-2015 թվականների 50, 100, 500 դրամանոցները, որոնք արդեն ձեռք են բերում կոլեկցիոն կարգավիճակ և տարեցտարի ավելի են արժևորվում։ Արդեն հիմա տարբեր անվանական արժեքի թղթադրամները կարելի է վաճառել 600 դրամից մինչև 20000 դրամով։ Իսկ, օրինակ, 100 000 թղթադրամի համար (որոշակի թողարկման) դրամագետները պատրաստ են վճարել անվանական արժեքից առնվազն երկու անգամ ավել՝ մոտ 230 հազար դրամ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (
www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-