Ի՞նչ կիբերսպառնալիքներից պետք է զգուշանա ֆինանսական հատվածը 2020թ.–ին. փորձագետների կանխատեսումները

11.02.2020, 13:23
Ի՞նչ կիբերսպառնալիքներից պետք է զգուշանա ֆինանսական հատվածը 2020թ.–ին. փորձագետների կանխատեսումները
Ի՞նչ կիբերսպառնալիքներից պետք է զգուշանա ֆինանսական հատվածը 2020թ.–ին. փորձագետների կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են գլխապտույտ արագությամբ և պետք է դրանց հետևից հասցնեն ոչ միայն տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները, այլև ֆինանսաբանկային հատվածը։ Տեխնոլոգիաներին զուգահեռ զարգանում են նաև տարբեր կիբերսպառնալիքները, որոնք սպառնում են ֆինանսական հարցերով զբաղվող կառույցներին։ Մասնագետները նշում են մի քանի հիմնական միտումներ, որոնք ակտուալ կլինեն 2020թ.–ին։ Նշվում է, որ ֆեյքերի և իրականության սահմանը դառնում է ավելի «լղոզված» նոր տեխնոլոգիաների արդյունքում, իսկ բազմաթիվ խելացի տներն ու քաղաքները կարող են բախվել կիբերանվտանգության հետ կապված մի շարք խնդիրների հետ։

 Անձնական տվյալներ

 - рис.1

Ինչպես նշում են կիբերանվտանգության ոլորտի փորձագետները, չարագործները 2020թ.–ին կշարունակեն գողանալ ու օգտագործել օգտատերերի անձնական տվյալները, ինչպես նաև կոտրել մասնավոր ընկերությունների ու պետական կառույցների ցանցերը։ Այս խնդիրն առավել ակտուալ կդառնա սպասվող ընտրական գործընթացների ֆոնին։ Փորձագետները կանխատեսում են տվյալների զանգվածային արտահոսք, չարագործները կփորձեն կոտրել ընկերությունների ու պետական կառույցների համակարգչային ցանցերը։ Հետևաբար 2020թ.–ին մրցակիցների նկատմամբ առավելություն կունենան այն ընկերությունները, որոնք ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը։ Խնդիրն այն է, որ նման արտահոսքի հետևանքով առաջանում է անվստահություն ընկերությունների նկատմամբ, որոնք աշխատում են օգտատերերի տվյալների հետ։ Այդ պատճառով իրավիճակը բարելավելու համար այդ ձեռնարկություններն ու կազմակերպությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումը պրոդուկտների և ծառայությունների մշակման նկատմամբ` հաշվի առնելով իրենց հաճախորդների տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը։

 Կրիպտոարժույթ

  - рис.2

Կրիպտոարժույթի շուկան այսօր վայելում է մեծ պահանջարկ ու հետաքրքրություն հասարակ օգտատերերի շրջանում, սակայն այն նաև գտնվում է կիբերհանցագործների ուշադրության կենտրոնում։ Նրանք կարողանում են օգտագործել կրիպտոարժույթի թաքնված մայնինգի համար նախատեսված համակարգերը կամ վերահսկել դրանք` հետ գնելու պահանջով։ Բացի այդ, Libra–ի և Gram–ի նման կրիպտոարժույթի ստեղծումը, միջազգային շուկայում համատարած հայտնվելու դեպքում, կգրավի չարագործների ուշադրությունը։ Հաշվի առնելով կիբերհանցավորության զգալի աճը, Bitcoin–ի և Altcoin–ի աճող տարածվածության ֆոնին, փորձագետները կարծում են, որ 2020թ.–ին Libra–ի և Gram–ի շուրջ կստեղծվի նմանատիպ իրավիճակ։ Այդ շուկայի խոշոր դերակատարները պետք է առավել զգուշավոր լինեն, քանի որ կրիպտոակտիվները հետաքրքրում են այնպիսի կիբերհանցավոր խմբավորումների, ինչպիսիք են Wild Neutron–ը և Lazarus–ը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կգտնեն իրավիճակից օգտվելու միջոցներ։

 Տրոյանցիները՝ գործի մեջ

  - рис.3

Տարբեր ստվերային հարթակների ուսումնասիրություններն ու մոնիթորինգը թույլ է տալիս փարձագետներին ենթադրել արտահոսքի մասին, որի հետևանքով ավելի հաճախ հանդիպող բանկային տրոյանցիների ելքային կոդը հայտնվել է հասանելի տիրույթում: Հաշվի առնելով դրանց տարածվածությունը` սպասվում է ZeuS և SpyEye ելքային կոդի արտահոսքի հետ կապված իրավիճակի կրկնությունը. կավելանա հավանական գրոհների թիվը, իսկ վարակի աղբյուրները կտարածվեն գրեթե ողջ աշխարհում: 

 Բացի այդ, վերջին երկու տարիներին կիբերհանցավոր խմբավորումների շրջանում մեծ տարածում է գտել JavaScript կոդի խլումը: Կիբերգրոհների հարթակը բավականին ընդարձակ է. առցանց առևտրի կայքէջերը խոցելի են չարագործների համար, իսկ JavaScript-ը խլելու գործիքների գներն անհավանականորեն ցածր են (տարբեր էջերում՝ 200$-ից սկսած): Ներկա պահին առանձնանում են նվազագույնը 10 տարբեր խմբավորումներ, որոնք կանգնած են նմանատիպ գրոհների հետևում, և դրանց թիվը շարունակում է աճել:  Ամենավտանգավորը կարող են դառնալ հարձակումները, որոնք կազմակերպվում են առցանց առևտրի ծառայությունների մատակարարների վրա, քանի որ դա կվարկաբեկի հազարավոր այլ ընկերությունների:

 Windows 7. կիբերսպառնալիք բանկերի համար

  - рис.4

Փորձագետների գնահատականներով, Windows 7 և Windows Server 2008-ի տեխնիկական աջակցման դադարեցումը մեծացրել է ռիսկը, որ բանկերը կբախվեն կիբերսպառնալիքներին այն պատճառով, որ, հնարավոր է, ոչ բոլոր բանկերն են իրենց սարքերը փոխել Windows 10-ի:  Նման իրավիճակ է եղել նաև Windows XP օպերացիոն համակարգի հետ, որը 2017թ.-ին չէր գործում, բայց շարունակում էր օգտագործվել: 

WannaCry գաղտնագրող վիրուսի համաճարակի ժամանակ XP–ի որոշ օգտատերեր բախվում էին մի իրավիճակի հետ, երբ վնասատուն հայտնվում էր համակարգչում, արգելափակվում և ջնջվում հակավիրուսի կողմից: Այնուամենայնիվ,  նորից ու նորից փորձում էր հայտնվել համակարգչում և նորից արգելափակվում էր, ինչն իր հերթին ծանրաբեռնում էր ցանցը, պրոցեսորը, դիսկը: Սարքերը սկսում էին աշխատել այնքան դանդաղ, որ դրանցով ինչ-որ բան անելն անհնար էր դառնում: Այդ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է արագ թարմացնել Windows 7-ը` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակավիրուսները կարող են պաշտպանել արդեն չգործող համակարգը, իսկ Microsoft-ը երբեմն թողարկում է patcher («կարկատան» ծրագրեր)՝ կրիտիկական խոցելիության դեպքերի համար:

 Մեքենայական ուսուցում և խելացի տուն

 - рис.5

Մեկ այլ տարածված խնդիր կարող է դառնալ մի իրավիճակ, երբ կիբերհանցագործներն օգտագործում են մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները։ Շեշտը հատուկ դրվում է կեղծ տեսանյութերի (fake) տարածման վրա, որը հիմնված է deepfake տեխնոլոգիաների վրա։ Այն թույլ է տալիս ստեղծել իրատեսական տեսանյութեր` անհրաժեշտ բառերը դնելով արդեն գոյություն ունեցող տեսանյութերի վրա կամ հակառակը։ Նման տեխնոլոգիաներն ակտիվորեն կիրառվում են օրինակ հանրային անձանց վարկաբեկելու նպատակով։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս թերահավատորեն վերաբերվել անգամ իրատեսական տեսանյութերին և ցանկացած այլ տեղեկատվության։

2020թ.–ին կանխատեսվում է սպառնալիքների ավելացում խելացի քաղաքների և տների համար։ Այսօր շատ տներում կան համացանցի տարրեր, սակայն սարքերի մեծ մասը չունի նույնականացման հուսալի հաղորդակարգեր կամ պաշտպանված չէ։ Ինչպես նշում են փորձագետները, այն, որ խելացի տների և քաղաքների համակարգերը չեն օգտագործվում համացանցում էջերը կամ էլեկտրոնային փոստը դիտելու համար, չի նշանակում, որ դրանք չեն կարող ենթարկվել վնասակար ծրագրերի գրոհների։

 Ցանցերի հասանելիություն

 - рис.6

2020թ.–ին կանխատեսվում է, որ  կավելանա այն խմբավորումների թիվը, որոնք վաճառում են ցանցերի հասանելիություն Աֆրիկայում և Ասիայում, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում։ Խարդախների հիմնական թիրախը ոչ մեծ բանկերն են, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունները, որոնք վերջերս են ձեռք բերվել խոշոր ընկերությունների կողմից և կարգավորում են կիբերանվտանգության համակարգերը` համապատասխանեցնելով դրանք նոր սեփականատերերի չափանիշներին։ Եթե հանցագործներին չի հաջողվում վաճառել կազմակերպության ցանցերի նկատմամբ հասանելիությունը կամ գրոհից ստացվող եկամտի հավանականությունը նվազում է, ապա այդ հասանելիությունը դրամայնացնելու ամենատրամաբանական միջոցը դառնում է շորթող ծրագրի օգտագործումը։ Բանկերի նման կազմակերպություններն ավել շուտ կվճարեն «փրկագին» և թույլ չեն տա, որպեսզի իրենց թանկարժեք տվյալներն անհետանան, այդ պատճառով փորձագետները կարծում են, որ 2020թ.–ին շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհների թիվը կշարունակի աճել։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-