Աջակցության 20-րդ և 21–րդ միջոցառումներ. կառավարության օժանդակությունը COVID-19–ի պայմաններում
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների դեմ պայքարի շրջանակում արդեն հաստատել է 22 միջոցառում, որոնցից մի քանիսն ունեն տնտեսական ուղղվածություն, իսկ մի քանիսն էլ` սոցիալական։ Միաժամանակ իշխանությունները պատրաստում են նոր` երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրեր
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների նյութերի շարքում ներկայացնում է աջակցության 20–րդ և 21–րդ միջոցառումները։

Այս միջոցառման շահառու կարող են դառնալ մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատակիցները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Նմանատիպ միջոցառում արդեն անցկացվել է, սակայն 20–րդ միջոցառման մեջ ներառված է ավելի շատ ոլորտ, բացի այդ այն ընդգրկում է ավելի երկարատև ժամանակահատված։
Սահմանված ցանկում ներառվել են հետևյալ ոլորտները. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեություն:
Վարձու աշխատողները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, անգամ, եթե 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։ Աջակցությունը տրամադրվում է նաև այն դեպքում, եթե ձեռներեցները գործում են միանգամից մի քանի ոլորտներում, սակայն տուժած ոլորտները կազմում են նրանց ընդհանուր գործունեության 40%–ը։
Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թ.-ին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թ.-ի 1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։
Նպաստը ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային հայտ հետևյալ կայքում, ինչը հնարավոր է անել հունիսի 22–ից։ Նախատեսվում է, որ ծրագրի շահառու կդառնա 36,8 հազար մարդ, աջակցության ծավալը կկազմի 2,5մլրդ դրամ։ Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Հերթական` 21-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող), միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց 2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և 2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը, 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը, 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:
Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը. աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը, հարկման բազան (բացի նպաստներից), հարկման բազայի նվազեցման գումարը։ Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:
Նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները` 2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:
Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)` միանվագ դրամաշնորհ ստանալու համար: Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին. բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին, դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:
ՊԵԿ–ից նաև խորհուրդ են տալիս դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի) ճշտությունը:
Այս պահին արդեն ընթանում է հայտերի ընդունման գործընթացը։ Դրանք կարելի է ներկայացնել մինչև հուլիսի 10–ը ներառյալ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

