Կտակե՞լ, թե՞ նվիրատվություն անել. պարզում ենք տարբերությունը
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատկերացրեք, որ ձեր հարազատներից մեկը որոշել է ձեզ տուն նվիրել։ Դուք այն վերանորոգել եք, ապրել այնտեղ շուրջ մեկ տարի, իսկ հետո զրկվել եք դրանից, քանի որ ձեր հարազատը մտափոխվել է և գործարքը վիճարկել է դատարանում։ Արդյունքում դուք կորցրել եք և գումարը, և անշարժ գույքը։ Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է իրավաբանորեն գրագետ ձևակերպել ցանկացած գործարք, որը կապված է ունեցվածքի փոխանցման հետ։ Ունեցվածքի փոխանցման ամենատարածված միջոցներից է նվիրատվությունը։ Նվիրատվության պայմանագրով կարելի է նվիրել գրեթե ամեն ինչ` նկարների հավաքածու, ավտոմեքենա, հողամաս, բնակարան և այլն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է անդրադառնալ Հայաստանում նվիրատվության ընթացակարգին և հնարավոր թաքնված կողմերին։
Ի՞նչ է «Նվիրատվության պայմանագիրը»
Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ գումար։ Հենց անհատույցն է այն հիմնական կետը, որով նվիրատվության պայմանագիրը տարբերվում է պայմանագրերի մյուս ձևերից, քանի որ այս դեպքում նվիրատուն չի հավակնում ստանալ վճար, փոխհատուցում կամ որևէ այլ ծառայություն նվիրառուից։
Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր և պետք է վավերացվի նոտարի կողմից։ Նվիրատվության պայմանագրով անշարժ գույքի (բնակարան, հողամաս) սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման։ Կարևոր է հիշել, որ պետական գրանցման պահից նվիրատուն դադարում է լինել սեփականատեր։ Նվիրատվության ընթացակարգն ու դրա հետ կապված բոլոր հարցերը Հայաստանում կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով (594–605 հոդվածներ)։
Ինչպե՞ս ընտրել ունեցվածքի նվիրատվության ձևը
Դուք չգիտեք, թե ունեցվածքի փոխանցման որ ձևն է պետք ընտրել` ժառանգություն, թե նվիրատվություն, ո՞րն է ավելի լավ` ժառանգությու՞նը, թե՞ նվիրատվության պայմանագիրը։ Այս հարցը չունի միանշանակ պատասխան, բայց կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է հաշվի առնել։
- Կտակը թուլացնում է ժառանգին, որը կարող է դառնալ ունեցվածքի սեփականատեր միայն ժառանգատուի մահից հետո
- Մինչդեռ, նվիրատվության պայմանագիրը, հակառակը, թուլացնում է նվիրատուին, քանի որ նվիրատվություն ստացողը նոր սեփականության տեր է դառնում նվիրատուի կյանքի օրոք
- Եթե կտակը դատարանում բացելուց հետո այն հնարավոր է վիճարկել, այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը վիճարկելը շատ դժվար է:
Եթե դուք ընտրել եք նվիրատվությունը, շատ կարևոր է հասկանալ, որ հենց ստորագրեք պայմանագիրը, որում նշված է, որ ձեր բնակարանը նվիրում եք օրինակ քրոջը, բնակարանը ձեզ այլևս չի պատկանի։ Եվ ձեզ ցանկացած պահի կարող են դուրս գրել և անգամ վտարել ամբողջովին օրինական հիմունքներով։
Զգուշացեք խաբեբաներից
Վերջին շրջանում տարեց մարդիկ տուժում են, քանի որ բավարար չափով իրազեկված չեն այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նվիրատվությունը։ Նրանք իրենց անշարժ գույքը նվիրում են խաբեբաներին, որոնք վստահեցնում են, որ այն բանից հետո, երբ բնակարանը դառնա նվիրառուի սեփականությունը, նրանք կարող են հանգիստ ապրել այնտեղ։ Վստահեցնում են, որ նվիրատվությունը ժառանգության կամ ցմահ ռենտայի պայմանագրի նման բան է, տարեցներին խոստանում են ամսական գումար վճարել և երդվում են, որ բնակարանը կլինի նրանցը մինչև մահ։ Դա դառնում է վճռորոշ փաստարկ, և միամիտ տարեցները ստորագրում են պայմանագիրն ու հայտնվում են փողոցում։ Հենց այդ պատճառով նվիրատվության պայմանագիր ստորագրելուց առաջ լավ մտածեք, հաշվի առեք բոլոր «կողմ» և «դեմ» փաստերը։
Ի՞նչ պետք է անեն նվիրատվության գործարքի մասնակիցները
Գոյություն ունեն նվիրատուի նկատմամբ պարտադիր պահանջներ.
· Գործունակություն. նվիրել կարող է այն անձը, որը գիտակցում է իր գործողություններն ու վերահսկում է արարքները։ Օրինակ, անչափահասը չի կարող նվիրել իր մասնաբաժինը բնակարանում։
- Հոգեկան առողջությունն ու գործողությունների գիտակցվածությունը։ Նվիրատվությունը կարող է համարվել անվավեր, եթե մարդը նվիրել է ճնշման տակ կամ չի գիտակցել, թե ինչ է անում։
- Սեփականության իրավունք փոխանցվող ունեցվածքի նկատմամբ։ Մարդը պետք է տնօրինի այն, ինչ նվիրում է։
Իսկ կարելի՞ է հրաժարվել նվիրատվությունից
Դուք ցանկացած պահի իրավունք ունեք հրաժարվել ձեզ փոխանցվող նվիրատվությունից։ Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված։ Բայց հիշեք, որ նվիրատվությունից հրաժարվելը պետք է իրականացվի նվիրատվության պայմանագրով սահմանված ձևով։ Եթե նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, ապա նվիրատվությունից հրաժարվելը ևս ենթակա է պետական գրանցման։
Կարևոր է նաև իմանալ, որ նվիրատուն կարող է պահանջել նվիրառուից իրական վնասի փոխհատուցում, որը պատճառվել է նվիրատվությունից հրաժարվելու հետևանքով։
Կան դեպքեր, երբ նվիրատվությունը կարելի է վերացնել
Նման դեպքերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601–րդ հոդվածով։ Մասնավորապես, նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ: Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:
Նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրաբերված ունեցվածքը։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–