Ինչպե՞ս կազմել բիզնես պլան. ինքնուրույն մշակե՞լ, ներբեռնել համացանցի՞ց, թե՞ պատվիրել պրոֆեսիոնալներին. ներկայացնում ենք մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գլխումդ հիանալի գաղափար է ծագել, ուզում ես այն միանգամից իրականացնել։ Գաղափարդ ներկայացնում ես տնօրենին, իսկ նա մելամաղձոտ հայացքով նայելով` հարցնում է. «Իսկ բիզնես պլան ունե՞ք։ Ցույց տվեք ձեր բիզնես պլանը, հետո կխոսենք»։ Ծանոթ է չէ՞ նման իրավիճակը։ Կամ օրինակ որոշել եք զբաղվել սեփական բիզնեսով և ոչ ոքից կախված չլինել։ Դե ինչ եկել է բիզնես պլանից խոսելու ժամանակը։ Պատմում ենք,թե ինչ է բիզնես պլանը և ինչպես այն կազմել։
Իսկ բիզնես պլան անհրաժե՞շտ է
Առաջին հայացքից կարող է թվալ, որ բիզնես պլանի մշակումը ժամանակի զուր վատնում է։ Չէ՞ որ հնարավոր չէ պլանավորել և հաշվարկել բոլոր հանգամանքներն ու ընթացքում առաջացող անկանխատեսելի ռիսկերը։ Ինչ–որ մեկը կարծում է, որ դժվար է որևէ բան պլանավորել այս անկայուն և փոփոխական ժամանակներում, իսկ մեկ–մեկ պարզապես ալարում ես գլուխ դնել տխուր հաշվարկների հետ։ Իհարկե, իրավունք ունեք նման կարծիք ունենալ։ Բայց, ամեն դեպքում, ճիշտ կլինի ցանկացած նախագիծ սկսելուց առաջ մշակել բիզնես պլան, որում կարող եք մանրամասն ներկայացնել ձեր հայեցակարգն ու ապացուցել դրա արդյունավետությունն ինչպես կազմակերպչական հարցերի, այնպես էլ ֆինանսների տեսակետից։ Այսպիսով, բիզնես պլանը փաստաթուղթ է, որն ընդհանուր առմամբ բնութագրում է ձեր ապագա բիզնեսը։ Ըստ էության, բիզնես պլանն օգնում է ապացուցել` արդյոք արժե՞ զարգացնել բիզնես հայեցակարգը։ Այն օգնում է մեկ քայլ հետ կատարել, նայել գաղափարին բոլոր կողմերից և նախօրոք ապահովագրվել հնարավոր խնդիրներից։
Ի՞նչ խնդիրներ է լուծում բիզնես պլանը
Կան բիզնես պլանի բազմաթիվ տարբերակներ` կախված նրանից, թե ում է այն հասցեագրված։ Եթե փաստաթուղթը կազմում եք ինքներդ ձեզ համար` նախատեսելով ինքնուրույն բացել բիզնես, ապա պետք է, չխաբելով ինքներդ ձեզ, ներկայացնեք իրական իրավիճակը, առավելություններն ու թերությունները, ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բացահայտել խնդիրներն ու ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ձեր բիզնես գաղափարի իրականացման ընթացքում և նախօրոք գտնեք դրանց լուծման ուղիները։ Բացի այդ, բիզնես պլանը հնարավորություն է տալիս վերլուծել սպառման շուկան, գաղափարի ակտուալությունը, մրցակիցներին, գնահատել բիզնեսի հնարավոր շահույթը, որոշել վերահսկիչ ցուցանիշները։
Եթե բիզնես պլանը մշակվում է պոտենցիալ վարկատուների, սուբսիդավորման տեսքով` աջակցություն ցուցաբերող մարմինների, հնարավոր համահիմնադիրների համար, ապա դրա գլխավոր նպատակն է ներկայացնել նախագծի հիմնավորված լինելը և դրամական միջոցների արդյունավետ կիրառումը։ Այս դեպքում հիմնական շեշտը պետք է դրվի խնդիրների սահմանման ու դրանց իրագործման, ինչպես նաև ձեր կողմից ձեռնարկվող գործողությունների տրամաբանության վրա։ Խորհուրդ է տրվում բիզնես պլանը մշակել հստակ կառուցվածքով և քայլերի հստակ պլանավորմամբ, պետք չէ ներդրողներին գցել մոլորության մեջ հնարավոր խնդիրների և ռիսկերի հարցում։ Իհարկե, կարող եք ինչ–որ բան չափազանցնել, բայց դա պետք է լինի գլոբալ մասշտաբներում։ Նման բիզնես պլանը պետք է լինի հստակ, տրամաբանական և կոկիկ։
Ի՞նչ է տալիս բիզնես պլանը
Բիզնես պլանի վրա իրականացվող աշխատանքը թույլ է տալիս.
- Համակարգել նախագծի մասին տեղեկություններն ու ձեր ընդհանուր մտքերը և գաղափարները
- սահմանել փուլերի հետևողականությունն ու շարունակականությունը, ինչը հետագայում դյուրացնում է նախագծի վերահսկողությունը
- ուսումնասիրել ապագա շուկան և մրցակիցներին, իսկ դա նշանակում է` ավելի լավ մշակել ապրանքի կամ ծառայության հայեցակարգը
- վերլուծել ռիսկերն ու մտածել դրանք նվազեցնելու միջոցները
- սահմանել նախագծի թիրախային ցուցանիշները, ինչը թեթևացնում է վերջնական նպատակին հասնելը։
Բիզնեսի պլանի կառուցվածքը. ահա այն ստանդարտ բաժինները, որոնք պետք է լինեն ցանկացած բիզնես պլանում
1. Ամփոփ տեղեկատվություն նախագծի մասին
2. Նախագծի և ոլորտի նկարագրություն
3. Ապրանքի/ծառայության հայեցակարգը
4. Մարկետինգային պլան կամ շուկայում առաջխաղացման պլան
5. Արտադրության/վաճառքի պլան
6. Հաստիքային ցուցակ
7. Ֆինանսական պլան
8. Նախագծի եկամտաբերությունն ու ծախսերը ծածկելու ունակությունը
9. Նախագծի ռիսկերը
Ի՞նչն է ավելի լավ. ինքնուրույն մշակե՞լ բիզնես պլան, թե՞ ներբեռնել այն համացանցից
Սկսնակ ձեռներեցների մոտ, ովքեր նախատեսում են հիմնել սեփական բիզնեսը, հաճախ հարց է առաջանում` գրե՞լ բիզնես պլանը, թե՞ ներբեռնել։ Իհարկե, ավելի լավ է գրել սեփական, բացառիկ բիզնես պլանը։ Դրա համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ և հմտություններ։ Բայց եթե նման հմտություններ չունեք, կարող եք համացանցում փնտրել բիզնես պլանների ձևանմուշներ։
Դժվար թե ստացվի ուրիշի բիզնես պլանով ստեղծել սեփականը, բայց այն կարելի է օգտագործել որպես նմուշ և հիմք` սեփական բիզնեսի պլանի համար, բիզնեսի անծանոթ ոլորտի ուսումնասիրության նպատակով։ Ինչպես ցույց է տալիս փորձը, հնարավոր է փոքր բիզնես հիմնելու դեպքում օգտվել ստուգված աղբյուրից վերցված պատրաստի բիզնես պլանից` լրամշակելով այն` ըստ ձեր տվյալների և շուկայի կոնյուկտուրայի։ Բացի այդ, խորհրդատվական ընկերություններում կարելի է պատվիրել անհատական բիզնես պլան։
Մի քանի խորհուրդ սկսնակ գործարարին
1. Ցանկացած նոր նախագիծ պետք է սկսել բիզնես պլանից կամ թեկուզ պարզ ֆինանսական հաշվարկից։ Այդ դեպքում ձախողման հավանականությունը շատ ավելի ցածր կլինի
2. Եթե բիզնես պլանը նախատեսված է արտաքին ներդրողի, բանկի կամ պետական մարմնի համար, միանգամից ճշտեք, թե ինչ չափորոշիչներով է այն պետք մշակել
3. Եթե նախատեսում եք աշխատել բիզնես պլանով, ապա մասնակցեք դրա մշակման կամ լրամշակման պրոցեսում։
4. Հիշեք` ցանկացած նախագիծ անհատական է։ Օգտագործեք պատրաստի բիզնես պլաններ միայն որպես աշխատանքային նյութ։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

