Ինչպես ճիշտ ընտրել ապահովագրական ընկերություն․ 8 հիմնական գործոններ

10.02.2025, 11:37
Ներկայացնում ենք 8 հիմնական գործոններ, թե ինչպես ընտրել ճիշտ ապահովագրական ընկերություն, որը կօգնի նվազագույնի հասցնել վնասը և պահպանել խնայողությունները չնախատեսված իրավիճակներում
Ինչպես ճիշտ ընտրել ապահովագրական ընկերություն․ 8 հիմնական գործոններ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Թերևս ոչ ոք ձեզ չի առաջարկի ապահովագրություն ճակատագրի հարվածներից։ Բայց ապահովագրության շնորհիվ միանգամայն հնարավոր է պաշտպանել ձեզ և ձեր մտերիմներին ֆինանսական կորուստների ռիսկերից և ֆորսմաժորային իրավիճակներից։ Այս կարևոր ծառայությունից ուղղակիորեն կախված է, թե արդյոք դուք կկորցնեք ձեր ունեցվածքը, փողը, առողջությունը և երբեմն նույնիսկ կյանքը: «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 8 հիմնական գործոններ, թե ինչպես ընտրել ճիշտ ապահովագրական ընկերություն, որը կօգնի նվազագույնի հասցնել վնասը և պահպանել խնայողությունները չնախատեսված իրավիճակներում։ 

Страхование кошелек

Ընտրություն կա

Որպեսզի ձեր ընտրությունը լինի հիմնավոր և շահավետ, առաջնորդվեք հետևյալ պարամետրերով.

1. Համոզվեք, որ ընկերությունը հուսալի է, կարող է երկար ժամանակ աշխատել և վճարել իր պարտավորությունները: Հարցրեք լիցենզիայի առկայության և դրա գործողության ժամկետի մասին:

2. Ուշադրություն դարձրեք նաև ընկերության հեղինակությանը, թե որքանով է այն հայտնի և որքան ժամանակ է գործում շուկայում, մասնագիտացված ֆորումներում փնտրեք կարծիքներ ընկերության աշխատանքի մասին, ինչպես նաև վարկանիշեր՝ հիմնված նրա ֆինանսական ցուցանիշների վրա։

3․ Հետաքրքրվեք, թե ովքեր են ընկերության հիմնադիրները, արդյոք կարող են անհրաժեշտության դեպքում օգնել:

4․ Երբ կողմնորոշվել եք ընկերության ընտրության հարցում, և արդեն պետք է ապահովագրական պայմանագիր կնքել, ուշադիր ուսումնասիրեք այն, այդ թվում՝ մանր տառերով գրված հատվածները: Եթե ​​պայմանագրում ինչ-որ բան ձեզ չի գոհացնում, առաջարկեք փոփոխություններ կատարել, իսկ եթե ապահովագրողը համաձայն չէ, հրաժարվեք նրա ծառայություններից և դիմեք այլ ընկերության:

5. Ուշադիր ուսումնասիրեք, թե անձնական ունեցվածքի կոնկրետ որ օբյեկտներն են ենթակա (կամ ենթակա չեն) այս ընկերության կողմից ապահովագրության և ինչ ռիսկերից են դրանք ապահովագրվում։ 

6.Ուսումնասիրել այն պայմանները, որոնց դեպքում ընկերությունը պարտավորվում է փոխհատուցել վնասը, կամ, ընդհակառակը, կարող է հրաժարվել վճարումից: 

7. Պարզեք ապահովագրական ծածկույթի ծավալը և ապահովագրողի պարգևավճարի չափը: Այս բոլոր տվյալները պետք է նշվեն ապահովագրության պայմանագրում: 

8. Մի ամաչեք ապահովագրական գործակալին ուղղել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, պահանջեք նրանից հստակ և սպառիչ պատասխաններ՝ հաստատված նորմատիվ փաստաթղթերով։ 

Страхование кошелек

Մեդալի երկու կողմերը 

Ապահովագրությունն ունի իր դրական և բացասական կողմերը։ 

Դրական կողմեր

  • Ֆինանսական կայունություն. օրինակ, ավտովթարի դեպքում մեքենայի վերանորոգման ծախսերը կարող է հոգալ ապահովագրական ընկերությունը: Եթե ​​ձեր հարևանները ջուր են լցրել ձեր բնակարան, ապահովագրական ընկերությունը կվճարի բնակարանի վերանորոգման համար: Ճանապարհորդական ապահովագրությունը կարող է օգնել ճանապարհորդելիս չնախատեսված իրավիճակների դեպքում:
  •      Էմոցիոնալ կայունություն. եթե ​​բիզնեսն ապահովագրված է, ձեռնարկատերը կարող է կենտրոնանալ իր բիզնեսի աճի վրա։
  •    Աջակցություն դժվարին իրավիճակներում․ օրինակ, ապահովագրությունը կօգնի ստանալ որակյալ բժշկական օգնություն:

Բացասական կողմեր 

  •      Ապահովագրության արժեք. ապահովագրության արժեքը կախված է բազմաթիվ գործոններից՝ ապահովագրության տեսակ, ռիսկի աստիճան, պայմանագրի տևողություն և շատ այլ գործոններ: Մանրամասն տեղեկություններ պետք է նախապես ստանալ ապահովագրական գործակալից կամ ապահովագրական ընկերությունից:
  •    Վճարումներ ստանալու դժվարություններ. որոշ դեպքերում ապահովագրական ընկերությունները կարող են մերժել պահանջները:
  •     Սահմանափակ ծածկույթ․ ոչ բոլոր ռիսկերը կարող են ծածկվել ստանդարտ ապահովագրությամբ։

 Եվ վերջում

Հիշեք, որ ապահովագրությունը ոչ միայն լրացուցիչ ծախս է, այլև ներդրում ձեր ֆինանսական կայունության մեջ: Որքան շուտ սկսեք օգտվել ապահովագրական գործիքներից, այնքան ավելի ապահով կդառնա ձեր կյանքը: Ժամանակ տրամադրեք հասկանալու տերմիններն ու պայմանները: Այդ դեպքում դուք չեք հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ ապահովագրական ընկերությունն ասի, որ ձեր գործը չի համապատասխանում ապահովագրական պայմաններին։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։