Ինչպես արագ և էժան ծանրոց ստանալ Հայաստանում

06.02.2020, 11:47
Ինչպես արագ և էժան ծանրոց ստանալ Հայաստանում. մի քանի խորհուրդ
Ինչպես արագ և էժան ծանրոց ստանալ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2020թ.–ի հունվարի 1–ից ուժի մեջ են մտել ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպման նոր կանոնները, ինչն առաջացրել է ոչ միանշանակ արձագանք հասարակության շրջանում` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում մեծ տարածում են գտել առցանց գնումները։ Շատ հայաստանցիներ կարծում են, որ նոր կանոնները լրջորեն կազդեն այդ գնումների արժեքի վրա, իսկ ոմանք նշում են, որ փոփոխություններն այդքան էլ զգալի չեն, որպեսզի ունենան բացասական ազդեցություն։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց պարզաբանել իրավիճակը։ 

Մաքսային տուրքի նոր հաշվարկ 

 - рис.1

Ավելի վաղ գործող նորմերի համաձայն, անտուրք մաքսային սահմանաչափը 200 հազար դրամ էր առավելագույնը 31 կգ քաշով ծանրոցների համար։ Մաքսատուրքը վճարվում էր սահմանաչափը գերազանցող գումարի 30%–ի չափով։ 

Միաժամանակ այս սահմանափակումը կուտակային կերպով տարածվում էր ամսվա ընթացքում ստացվող բոլոր ծանրոցների վրա։ Այսինքն, եթե դուք ամսվա սկզբում ստացել եք 150 հազար դրամի ապրանք, իսկ ամսվա վերջում` 80 հազար դրամի, հետևաբար պատվերների ընդհանուր գումարը կազմել է 230 հազար դրամ, և ստացողը պետք է վճարի 30%–ի տուրք։ 

Այս տարվա հունվարի 1–ից անտուրք սահմանաչափը նվազել է` հասնելով 200 եվրոյի (մոտ 105 հազար դրամ), սակայն միաժամանակ նվազեցվել է նաև սահմանաչափի գերազանցող տուրքը`15%։ Բացի այդ, նոր սահմանափակումը գործում է ոչ թե մեկ ամսվա ընթացքում, այլ յուրաքանչյուր ստացվող ծանրոցի համար։  

Այսինքն, նոր կանոններով, եթե ծանրոցի ապրանքների արժեքը կազմել է 150 հազար դրամ, ապա հարկավոր է վճարել 45 հազար դրամի (մաքսային սահմանաչափը գերազանցող գումար) 15%–ը։ 

Էքսպրես առաքման ծառայություն 

 - рис.2

DHL–ը, FedEx–ը, UPS–ն էքսպրես առաքման օպերատորներ են, որոնք ապահովում են ապրանքի արագ առաքում մոլորակի ցանկացած անկյունից։ Բայց այստեղ կա մեկ էական թերություն. էքսպրես առաքումը շատ թանկ է։ Առանձին դեպքերում տվյալ ծառայությունների միջոցով առաքումը կարող է փոխհատուցվել արտերկրում ապրանքի գնման շահավետության հաշվին։ 

Միջնորդներ

 - рис.3

Հայաստանում մեծ տարածում ունեն միջնորդ–ընկերությունների ծառայությունները, որոնք գործում են արտերկրից ապրանքի առաքման ոլորտում ։ Այդ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել նրանց կայքում, ինչից հետո ձեզ կտրամադրվեն այն երկրների ներքին հասցեները, որտեղից պատրաստվում եք ապրանք պատվիրել։ Հետո ձեզ մնում է միայն կայքում, որտեղից ապրանք ենք գնում, նշել ընկերության կողմից տրամադրված հասցեն։ 

Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ միջնորդները ծառայություններ են մատուցում ոչ բոլոր երկրներից պատվեր կատարելու դեպքում։ Հաճախ նրանց գործունեության աշխարհագրությունը սահմանափակվում է Ռուսաստանով, Եվրոպայի խոշոր երկրներով, ԱՄՆ–ով, Չինաստանով։  

Խնդիրը ծագում է հայերի ամենասիրված չինական հարթակից` AliExpess–ից պատվեր կատարելու դեպքում։ Բանն այն է, որ AliExpess–ը նախատեսված է բացառապես Չինաստանի սահմաններից դուրս ապրանքի վաճառքի համար և ի սկզբանե չունի Չինաստանի հասցեով պատվերը ձևակերպելու հնարավորություն։

Այս պատճառով գնումն արժե ձևակերպել միայն վաճառողի հետ անմիջական շփումից և պարզելուց հետո, թե կարող է արդյոք վերջինս ապրանքն առաքել Չինաստանի հասցեով։ 

Հարկ է հաշվի առնել, որ որոշ խանութներ, որոնք իրենց ապրանքն արտերկիր մատակարարելն անցանկալի են համարում, մշտապես հետևում են նման հասցեներին և կարող են արգելափակել առաքումը։ Նման դեպքերում միջնորդ կազմակերպություններն առաջարկում են որոշակի գումարի դիմաց իրենց վրա վերցնել պատվերի ձևակերպման բոլոր բարդությունները։ 

Ընդհանուր առմամբ, գին–որակ–սպասելաժամանակ հարաբերակցության տեսանկյունից ամենառացիոնալ ընտրությունը հենց նման ընկերությունների ծառայություններից օգտվելն է։ Առաքման արագությամբ նրանք էապես գերազանցում են ազգային փոստային ծառայությունները`միաժամանակ հետ չմնալով էքսպրես առաքումներից ու առաջարկելով ավելի ձեռնտու գին։ 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-