Google Pay-ը եկել է հայկական շուկա. ներկայացնում ենք դրա առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 15-ից հայաստանցիների համար հասանելի դարձավ Google Pay վճարային համակարգը, որը նոր հնարավորություններ է բացում էլեկտրոնային վճարումների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Google Pay-ի աշխատանքի առանձնահատկությունները, առավելությունները և հարմարավետությունը:
Ի՞նչ է Google Pay-ը
Google Pay-ը էլեկտրոնային վճարումների համակարգ է, որի միջոցով կարելի է վճարել գնումները սմարթֆոնի օգնությամբ ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ սովորական խանութներում և այլ հաստատություններում: Համակարգն աշխատում է NFC պրոտոկոլով տերմինալներում, որոնք ընդունում են անհպում վճարումները (նման սարքերի վրա նշված է PayPass կամ PayWave):
Ինչպե՞ս է աշխատում Google Pay-ը, և ինչպե՞ս դրան կցել բանկային քարտը
Հայաստանում այդ համակարգին միացված են Ամերիաբանկը, Կոնվերսբանկը, Ակբա բանկը, Արդշինբանկն ու Էվոկաբանկը:
Բանկերի քարտապանները, որոնք իրենց հաճախորդներին տրամադրում են այդ վճարային լուծումը, կարող են կատարել անհպում վճարումներ Android հեռախոսներում և Wear OS ժամացույցներով աշխարհի ավելի քան 45 երկրներում գործող առևտրային կետերում և ինտերնետային խանութներում:
Google Pay-ից օգտվելուց առաջ համոզվեք, որ ձեր սմարթֆոնն ունի NFC ֆունկցիա: Դրանից հետո ներբեռնեք Google Pay հավելվածը և կցեք ձեր բանկային քարտը, որը համակարգի գործընկերն է:
Վճարումներ կատարելիս ապաարգելափակեք հեռախոսը, մոտեցրեք այն տերմինալին և սպասեք մինչև հեռախոսի էկրանին հայտնվի նշում: Google Pay-ի լրաացուցիչ հարմարավետություններից է այն, որ վճարումներ կատարելիս անպայման չէ ակտիվացնել հավելվածը:
Որո՞նք են այդ ծառայության առավելությունները
Google Pay-ի հիմնական առավելություններն են անվտանգությունն ու շարժունակությունը, որը թույլ է տալիս գնումներ կատարել անմիջապես ձեր սմարթֆոնի միջոցով, որը միշտ ձեռքի տակ է, ինչի շնորհիվ այլևս անհրաժեշտ չէ միշտ ունենալ բանկային քարտ: Համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն՝ առանց միջնորդավճարի:
Ինչպե՞ս վճարել Google Pay-ով առցանց գնումների համար
Դուք կարող եք վճարել առցանց գնումների համար՝ օգտագործելով Google Pay-ը բոլոր առցանց խանութներում, որոնք ընդունում են վճարումներ այս համակարգի միջոցով: Համոզվեք, որ խանութն ընդունում է վճարման այս եղանակը, ընտրեք նախկինում ավելացված քարտերից մեկը, կարող եք նաև նոր քարտ ավելացնել։ Դրանից հետո վճարման տվյալները վաճառողին կփոխանցվեն անվտանգ խողովակով:
Որքանո՞վ է ապահով Google Pay-ը:
Անվտանգության առումով Google Pay-ի հիմնական առավելությունն այն է, որ խանութներում վճարելիս քարտի համարը ոչ մի տեղ չի փոխանցվում, փոխարենը օգտագործվում է վիրտուալ հաշվի համար։
Որտե՞ղ են ընդունվում վճարումներ Google Pay-ով
Դուք կարող եք վճարել Google Pay-ով մի շարք խանութներում, ռեստորաններում, դեղատներում և այլ վայրերում, որտեղ կան վճարային տերմինալներ, որոնք ընդունում են անհպում վճարումներ և որոնց վրա կա հետևյալ պատկերներից մեկը.
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-