ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Բանկային քարտի անատոմիան

06.03.2018, 18:20
Այսօր Հայաստանի ամեն երկրորդ բնակիչ ունի առնվազն մեկ քարտ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ են նշանակում քարտի վրա պատկերված թվերն ու սիմվոլները։ «Նովոստի Արմենիա» գործակալությանը որոշել է օգնել հասկանալ այդ ամենը։
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Բանկային քարտի անատոմիան

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ում առաջին անգամ 50–ական թվականներին հայտնված բանկային քարտերն այսօր այնքան են ամուր են մտել մեր առօրյա, որ մարդիկ պարզապես չեն պատկերացնում կյանքն առանց քարտերի: Դրանք դարձել են վիրտուալ դրամապանակ, որի միջոցով մենք գնումներ ենք կատարում խանութներում, վճառում ենք կոմունալ ծառայությունների համար, կատարում ենք բազմաթիվ գործարքներ ինչպես տեղում, այնպես էլ հեռահար: Քարտն ապահովել է հարմարավետ, արագ ու երաշխավորված սպասարկում:

Հայաստանը ևս հեռու չի մնացել միջազգային թրենդերից: 2000 թ.-ին հանրապետությունում ստեղծվեց «Armenian Card» ՓԲԸ Ազգային վճարային համակարգը, որը թողարկում է նաև սեփական` ArCa քարտերը: Ըստ 2017 թ.-ի տվյալների` Հայաստանում շրջանառության մեջ էր գտնվում ավելի քան 1,7 մլն քարտ (9%-ի աճ), վճարային քարտերի միջոցով կատարվել է 1,5 մլրդ դրամի մոտ 36,2 մլն գործարք։

Այսօր Հայաստանի ամեն երկրորդ բնակիչ ունի առնվազն մեկ քարտ, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ են նշանակում քարտի վրա պատկերված թվերն ու սիմվոլները։

«Նովոստի Արմենիա» գործակալությանը որոշել է օգնել հասկանալ, թե ինչ են նշանակում քարտի վրա պատկերված թվերն ու սիմվոլները։

 - рис.1

Քարտի դիմերեսի վրա պատկերված է.

1. Քարտի համարը. քարտի թվերի ամենատարածված քանակը 16–ն է, սակայն կարող է լինել դրանից ավելի քիչ կամ շատ: Ընդ որում, քարտի համարի թվերը նույնպես իրենց նշանակությունն ունեն: Օրինակ, առաջին թիվը ցույց է տալիս պատկանելիությունն այս կամ այն վճարային համակարգին, մասնավորապես` 4–ը պատկանում է VISA համակարգին, իսկ 5-ը` MasterCard-ին: Հարկավոր է նաև հիշել,  որ ձեր քարտի համարը ու ձեր հաշվի համարը նույնը չեն, մեկ հաշվեհամարին կարող է կապված լինել մի քանի քարտ: Հիշեք նաև, որ եթե բանկում ձեզ խնդրել են ասել ձեր քարտի համարը, ապա բավարար է նշել քարտի միայն վերջին 4 թիվը:

2. Վճարային համակարգի տարբերանշանը. եթե դուք երկու վճարային համակարգերի քարտեր ունեք կամ այսպես կոչված քոբեյջինգային քարտեր, ապա տարբերանշանները ևս 2–ը կլինեն:

3. Բանկի անվանումը. նշվում է այն բանկի անվանումը, որը թողարկել է ձեր քարտը:

4. Քարտի վավերականության ժամկետը. բանկային քարտերը վավերականության ժամկետ ունեն: Քարտի դիմերեսին նշված է ժամկետը (ամիս/ տարի), որը նշանակում է քարտի գործողության ամիսը ու տարեթիվը։ Քարտի վավերականության ժամկետը սովորաբար կազմում է 1-5  տարի:

5. Քարտապանի անունը. քարտի վրա սովորաբար լատինատառով գրված է քարտապանի անունը։

6. Էլեկտրոնային չիպ. դա քարտի մեջ ներկառուցված միկրոպրոցեսոր է, որի մեջ զետեղված է տեղեկատվություն քարտի և քարտապանի մասին։ Չիպով ստուգվում են հաճախորդի տվյալները, երբ նա օգտվում է դրանից բանկոմատում կամ տերմինալում։ Չիպով վճարային քարտերը գրեթե անհնար է կեղծել, իսկ դրանում զետեղված տեղեկատվությունն ունի գաղտնագրման բարդ տեսակ։

Քարտի դարձերեսին գտնվում են.

7. Մագնիսական շերտ. մագնիսական շերտն ունի նույն գործառույթներն, ինչ չիպը. այնտեղ զետեղված է տեղեկատվություն քարտի և քարտապանի մասին։ Չիպերից առաջ կար միայն մագնիսական շերտը։ Սակայն այն հեշտությամբ պատճենվում էր խարդախների կողմից, ինչի արդյունքում այսօր օգտագործվում է քարտերի հիբրիդային տարբերակ (չիպ + մագնիսական շերտ)։

8. Ստորագրության համար նախատեսված հատված. այն գտնվում է քարտի հակառակ կողմում, որի վրա նշված է քարտապանի ստորագրությունը։ Առանց քարտապանի ստորագրության քարտն անվավեր է։

9. Իսկության ստուգման գաղտնաբառ. այն իրենից ներկայացնում է վճարային համակարգի կողմից ստուգվող քարտի իսկության եռանիշ գաղտնաբառ համացանցում ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարում կատարելիս։ Այն նաև կոչվում է  CVV (Card Verification Value) կամ CVC (Card Validation Code). հապավումը կախված է վճարային համակարգից, որի շրջանակում թողարկվել է քարտը։ Համացանցում գնում կատարելիս այդ գաղտնաբառը սովորաբար անհրաժեշտ ռեկվիզիտներից մեկն է ապրանքի դիմաց վճարում կատարելու համար ` քարտի համարի, քարտապանի անվան և քարտի ժամկետ հետ մեկտեղ։ Այսպիսով, սա լրացուցիչ պաշտպանական տարր է, որն ապահովում է հեռահար կատարվող գործարքների անվտանգությունը։–0–

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում