Հինգ պատճառ abcfinance.am կայք այցելելու համար

01.08.2018, 18:39
Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը գործարկել է abcfinance.am նորացված կայքը։
Հինգ պատճառ abcfinance.am կայք այցելելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնը գործարկել է abcfinance.am նորացված կայքը։ Թե ինչ նորույթներ կան կայքի այցելուների համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է Կենտրոնի ֆինանսական կրթության և հաղորդակցման մասնագետ Մարիամ Տեր–Սահակյանը։

«Նովոստի–Արմենիա» ինչո՞վ էր պայմանավորված կայքի թարմացումը։

Մ. Տեր–Սահակյան. նախևառաջ, պարզաբանեմ` ինչի համար է ստեղծվել կայքը։ 10 տարի առաջ` 2007 թվականին, ֆինանսական կայունություն ապահովելու համատեքստում ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը մղվեց առաջին պլան։ Եվ հենց դրա համար, որպեսզի սպառողները կարողանային ճիշտ որոշում կայացնել ֆինանսական պրոդուկտներ օգտագործելիս, իմանային և կարողանային պաշտպանել իրենց իրավունքները ֆինանսական որևէ կառույցի հետ խնդիր ունենալու դեպքում, 2009 թվականին ստեղծվեց ֆինանսական կրթության abcfinance.am` «Ֆինանսներ բոլորի համար» կայքը։ Սպառողների իրավունքների պաշտպանության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե ինքը` սպառողը, իրազեկ է ֆինանսկան հարցերի ոլորտում։ Դժվար չէ հաշվել, որ 2009 թվականից արդեն ութ տարի է անցել, և ժամանակն է նորացնել կայքը` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումները, հասկանալի և ճկուն կառուցվածքով ինտերակտիվ կայքերի նկատմամբ սպառողի հետաքրքրությունը։

«Նովոստի–Արմենիա» . ի՞նչ նորամուծություն կտեսնենք կայքում։

Մ.Տեր–Սահակյան. ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների ամբողջ տեղեկատվությունը, որը եղել է մեր կայքում, պահպանվում է։ Անշուշտ, կլինեն նաև նոր բաժիններ, օրինակ, «Իմ էջը»։ Դա անձնական կաբինետի պես բան է, որտեղ այցելուները կկարողանան պահել իրենց հետաքրքրող տեղեկությունը։ Ենթադրենք, օգտվելով հաշվիչից – իսկ մեր կայքում կան ավանդային, վարկային և կենսաթոշակային հաշվիչներ – հաճախորդը կարող է հաշվել վարկի կամ ավանդի տարեկան տոկոսադրույքը և պահել այն` հետագայում օգտագործելու համար։ Այսպիսով, յուրաքանչյուր այցելու կարող է ձևավորել անձնական անկյունը` ելնելով անհատական նախընտրություններից։

Կայքում հայտնվել է նյութի տարածման բաժանորդագրության հնարավորություն։ Եթե ձեզ հետաքրքիր են ֆինանսական շուկայի լուրերը, ապա, բաժանորդագրվելով մեր լրատվական հոսքին, կարող եք ստանալ ողջ տեղեկատվությունը։ Մենք ունենք նոր բաժին, որը նախատեսված է կամավորների համար։ Հաճախ ենք մեր նախագծերին մասնակցություն ունենալու հայտեր ստանում տարբեր անհատներից, և այժմ մեր կայքում կլինի բաժին, որտեղ կարելի է ներկայացնել հայտ կամ թողնել կոնտակտային տեղեկատվություն։ Այդ ամենը պահվում է տվյալների մեր բազայում։ Ճիշտ պահին մենք կարող ենք ընդգրկել ցանկացողներին մեր նախագծերում և նշել նրանց մասնակցությունը հավաստագրերով, որ նրանք որպես կամավորներ օգնել են մեզ այս կամ այն նախագծի իրագործման հարցում։

Կայքում կհայտնվի ֆինանսական թարմացված բառարան։ Ֆինանսական եզրերն ինքնին բավականին բարդ են, և մարդիկ հիմնականում շրջանցում են ֆինանսների թեման հենց այն պատճառով, որ ամեն ինչ բարդ է և անհասկանալի։

Քանի որ մեր խնդիրն է պատմել ֆինանսների մասին պարզ և մատչելի լեզվով, մենք կարծում ենք, որ կայքում անընդհատ թարմացվող բառարանի առկայությունը չափազանց կարևոր է: Մենք բարելավել ենք դիզայնը, նախապատվությունը տվել ենք գունային զուսպ երանգներին, փոխվել է նաև կայքի կառուցվածքը: Կայքը դարձել է ավելի պարզ և ճկուն: Կարծում եմ` օգտատերերը կգնահատեն այն:

«Նովոստի-Արմենիա» . ո՞րն է abcfinance.am կայքի նշանակությունը, և որ լսարանի համար է այն նախատեսված:

Մ. Տեր-Սահակյան. մեր աշխատանքի հիմնական նպատակն անկողմնակալ թափանցիկ տեղեկատվության տրամադրումն է: Մենք աշխատում ենք բոլոր թիրախային խմբերի համար և այս կայքի միջոցով տեղեկատվություն ենք տրամադրում հանրամատչելի ձևով: Կցանկանայի ընդգծել, որ մենք չենք ներկայացնում որևէ ֆինանսական կառույցի շահերը։ Ամենագլխավոր սկզբունքներից մեկը, որոնց հիման վրա կառուցվում է մեր աշխատանքը, օբյեկտիվությունն է: Ֆինանսական տեղեկատու համակարգում (www.fininfo.am) Մենք տրամադրում ենք սպառողներին պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների մասին չեզոք տեղեկատվություն:

Մեր աշխատանքի հաջորդ կարևոր սկզբունքը տեղեկատվության տրամադրումն է բնակչության` հնարավորինս լայն զանգվածների: Ըստ էության, հարթակը հենց դրա համար էլ գոյություն ունի. դա որքան հնարավոր է մեծ քանակությամբ մարդկանց ներգրավվածության և ծածկույթի ամենահասանելի գործիքն է:

Եվս մեկ կարևոր սկզբունք էլ ինտերակտիվությունն է։ Բացի այդ, որ ֆինանսները շատ հետաքրքիր թեմա է , միաժամանակ, այն բարդ է ըմբռնման և ընկալման համար: Իսկ մենք փորձում ենք ներկայացնել այն հնարավորինս դինամիկ, աշխույժ և հետաքրքիր, որ մարդիկ հաճույքով սովորեն:

Ինչ վերաբերում է լսարանին, ապա, ինչպես արդեն ասել եմ, մենք աշխատում ենք լայն հասարակության հետ, բոլոր շերտերի և տարիքային խմբերի համար: Մեր ծրագրի որոշ մասնակիցներ 80 տարեկան են: Միաժամանակ, մեզ համար ամենակարևոր երեք նպատակային լսարաններ կան` դպրոցականները, ուսանողները և ուսուցիչները: Մենք վստահ ենք, որ ֆինանսների հանդեպ ճիշտ վերաբերմունքի հարկավոր է սովորեցնել մանկուց, այդ իսկ պատճառով է մեզ համար այդքան կարևոր դպրոցականների լսարանը: Այդ նպատակով մենք 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացնում ենք ֆինանսական կրթությունը դպրոցում պիլոտային ծրագիրը: Եթե երեխաները ժամանակին ստանան այդ գիտելիքները, հետագայում հեշտությամբ կկարողանան կողմնորոշվել ֆինանսների աշխարհում:

Ուսանողներն արդեն այն դասին են պատկանում, որն արդեն ինքն է բախվում ֆինանսական շուկային, ոմանք վարկեր են վերցնում: Թե որքան ճիշտ որոշումներ կկարողանան նրանք ընդունել` չմոլորվելով ֆինանսական առաջարկներում, կախված է նրանց ֆինանսական կրթվածությունից, և մենք օգնում ենք նրանց ստանալ անհրաժեշտ տեղեկավտվությունը:

Եվ երրորդ կարևոր լսարանն ուսուցիչներն են, քանի որ հենց նրանք են սովորեցնում աշակերտներին և ուսանողներին: Իսկ դրա համար նրանք ևս պետք է ֆինանսապես կրթված լինեն:

«Նովոստի-Արմենիա» . նշեք հինգ պատճառ, թե ինչու է հարկավոր օգտվել abcfinance.am կայքից:

Մ. Տեր-Սահակյան . նախևառաջ, կայքի մատչելիությունը: Նույնիսկ ֆինանսների հետ ոչ մի կապ չունեցող մարդը, կարդալով մեր հրապարակած նյութերը, հասկանում է, թե ֆինանսական որ պրոդուկտները նա կարող է օգտագործել, ինչ պետք է դրա համար ձեռնարկի և ինչպես պետք է անհրաժեշտության դեպքում պաշտպանի իր շահերը: Այդ ամենը մենք բացատրում են մատչելի և հասկանալի լեզվով:

Երկրորդ պատճառը մեր հաշվիչներն են` ավանդային, վարկային կենսաթոշակային և աշխատավարձի: Ինչո՞վ են դրանք լավը: Սովորաբար, երբ մարդիկ դիմում են, օրինակ, ֆինանսական կազմակերպություն վարկ ստանալու նպատակով, նրանց չեն բացատրում տարբերությունը անվանական և փաստացի տոկոսադրույքների միջև: Կամ բացատրում են, բայց ոչ այդքան հասկանալի: Եվ մարդ տեսնում է, ասենք, 18% տոկոսադրույք; Դա նրան ձեռնտու է, նա պայմանագիր է ստորագրում, իսկ երբ սկսում է վճարել, ստացվում է 20-23% տոկոսադրույք, բայց նա չի հասկանում, թե ինչու: Մեր կայքում հաշվիչի միջոցով կարելի է հաշվել փաստացի տոկոսադրույքը, պարզել, թե որքան գումար է հարկավոր հետագայում վճարել և այլն:

Երրորդ` «Ֆինանսական Տեղեկատու»-ի (www.fininfo.am) առկայությունը: Այս բաժինը մեր հպարտությունն է: Այն թույլ է տալիս ժամանակ տնտեսել, չվազել տարբեր բանկերով` անհրաժեշտ պրոդուկտ և պայմաններ որոնելով և չկողմնորոշվել բարեկամների և ծանոթների միջոցով: Դուք մեր կայքում այցելում եք «Ֆինանսական Տեղեկատու» բաժինը, գրում եք ձեզ անհրաժեշտ պրոդուկտի պայմաններըև ստանում եք բանկերի ցուցակ, որոնք տրամադրում են պրոդուկտը կամ ծառայությունը` ձեզ անհրաժեշտ պայմաններով: Ապա կարող եք ընտրել ձեզ համար առավել հարմար տարբերակը:

Չորրորդ` քանի որ կայքը նախատեսված է լայն լսարանի համար, մենք ունենք բաժին կյանքի տարբեր իրավիճակների համար, որոնք ֆինանսական պրոդուկտների կարիք ունեն։ Դա կարող է լինել ուսման վարկ, «Մատչելի բնակարան» ծրագրով հիփոթեք, ապահովագրություն և այլն: Մենք խորհուրդներ ենք տալիս` ինչպե՞ս գործել այս կամ այն իրավիճակում:

Վերջապես, հինգերորդ պատճառը, թե ինչու է օգտակար օգտվել թարմացված abcfinance.am կայքից, իրադարձությունների օրացույցի առկայությունը: Ինչպես գիտեք, մենք բազմաթիվ ֆինանսական միջոցառումներ և ծրագրեր ենք իրականացնում: Այդ միջոցառումներն անցկացվում են խաղերի, սեմինարների, քննարկումների, մրցույթների տեսքով: Մենք կարևորում ենք հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցությունն այդ միջոցառումներին, քանի որ դա թույլ է տալիս մարդկանց կիրառական գիտելիքներ ձեռք բերել: «Օրացույց» բաժնում նշված է մեր միջոցառումների ցուցակը։ Հրավիրում ենք բոլորին միանալ abcfinance.am կայքին և համանուն սոցիալական էջերին տեղեկանալու ֆինանսական անցուդարձին անմիջական և նորարար ձևաչափով, ինչպես նաև մասնակցելու առցանց մրցույթներին և խաղերին: -0-

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։