Հայաստանում կկազմակերպվեն ֆինանսական խաղեր, բրեյն–ռինգ և մրցույթներ «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի շրջանակում

16.04.2018, 20:55
Հայաստանում մեկնարկել է «Իմ Ֆինանսների Ամիս» մասշտաբային միջոցառումների ծրագիրը։
Հայաստանում կկազմակերպվեն ֆինանսական խաղեր, բրեյն–ռինգ և մրցույթներ «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է «Իմ Ֆինանսների Ամիս» մասշտաբային միջոցառումների ծրագիրը։

Ինչպես ծրագրի մեկնարկի ժամանակ նշեց ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, միջոցառումն արդեն դառնում է ավանդական և անցկացվում է 5–րդ անգամ։

Загружается новость ... "Лево"

«Միջոցառման հիմնական նպատակն է զարգացնել ֆինանսական գիտելիքներն ու հմտությունները, տրամադրել մատչելի տեղեկատվություն առավել կարևոր թեմաներով, այդ թվում ` ինչպես արդյունավետ տնտեսել, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքերի կուտակումից, ում դիմել ֆինանսական ոլորտում սեփական իրավունքները պաշտպանելու համար, ինչպես խուսափել ֆինանսական խարդախություններից և կեղծիքներից», – ասաց Դարբինյանը։

ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կոորդինատոր Սևակ Միքայելյանն իր հերթին նշեց, որ բնակչության ակտիվ մասնակցությունը միջոցառումներին աճում է։ Միայն 2017 թ.–ին մասնակցել է մոտ 10 հազար մարդ` սկսած դպրոցականներից և ուսանողներից մինչև բնակչության տարբեր խմբեր։

 - рис.1

«Այս տարի մենք նախատեսել ենք ինչպես ավանդական, այնպես էլ նոր միջոցառումներ թիրախային տարբեր խմբերի համար` հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները և զարգացումները», – ասաց Միքայելյանը։

Նրա խոսքով, կանցկացվեն արդեն ավանդական դարձած միջոցառումները` «ֆինանսական շրջագայություններ», որոնց շրջանակում մասնակիցներն այցելում են բանկեր, ապահովագրական ընկերություններ, ֆինանսական հաշտարարի գրասենյակ, ֆոնդային բորսա, կարող են տեղում ծանոթանալ կառույցների գործունեությանն ու տալ իրենց հետաքրքրող հարցերը։

Նախատեսվում է կազմակերպել նաև մի շարք բաց սեմինարներ, որոնք ԿԲ–ն կազմակերպում է ինչպես Երևանում, այնպես էլ Դիլիջանում։ Կկազմակերպվեն նաև ֆինանսական թեմանով տարբեր մրցույթներ, այդ թվում` ֆինանսատնտեսական բրեյն–ռինգ, որի ընտրական փուլին մասնակցել են 150 դպրոցների աշակերտներ։

 - рис.2

Նորարարությունների թվում նա նշեց Վիքիպեդիայի հետ համատեղ անցկացվող մրցույթը, որի շրջանակում կպատրաստվեն ֆինանսական թեմայով տարբեր նյութեր, որոնցից լավագույնները կտեղադրվեն ռեսուրսի հայկական տարբերակում։

Բացի այդ, ուսանողների համար նախատեսված է «Խնայողություններ» խաղը` նրանց շրջանում տնտեսելու և խնայելու մշակույթը սերմանելու նպատակով։ Նախատեսվում է նաև կազմակերպել քննարկումներ փորձագետների հետ, Բաց դռների օրեր կուտակային կենսաթոշակային ֆոնդերում, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կգործարկի բջջային և վիրտուալ բորսայի խաղ։

«Առաջին անգամ կներկայացվի նոր խաղ, որը կանցկացվի Սիթիզեն մանկական քաղաքում: Խաղը երեխաների մոտ կզարգացնի անձնական ֆինանսները կառավարելու բազիսային կարողություններ», – նշեց Միքայելյանը։

 - рис.3

Նրա խոսքով, երեխաների համար նախատեսված է նաև բյուջետիկ խաղ, որը թույլ կտա երեխաներին ծանոթացնել ֆինանսական ոլորտի հիմունքներին։ Այս համագործակցության շրջանակում նախատեսված է անցկացնել Երեխաները ֆինանսների մասին ծրագիրը, որի ընթացքում 7-13 տարեկան երեխաները հարցազրույցների ընթացքում կստանան սպառիչ պատասխաններ խնայողություն, վճարային քարտեր, վարկ, փող և ապահովագրություն թեմաների վերաբերյալ: Երեխաների հարցերին պատասխանելու են ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետները: 

Կկազմակերպվի նաև ՖինՄարզում ծրագիրը, որի ընթացքում 6 մարզերում կիրականացվեն սեմինարներ 7 հիմնական թեմաներով (տնտեսություն, անձնական բյուջեյի կառավարում, խնայողություն, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն, զեղծարարություններ և խարդախություններ)։

Միջոցառմանը կմասնակցեն ԿԲ–ի, Հայաստանի բանկերի միության, Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, NASDAQ OMX Armenia–ի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն առկա է www.abcfinance.am կայքում, ինչպես նաև համանուն facebook-յան, twitter-յան և Instagram-յան էջերում:

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում