«Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն հրապարակել է կինոփառատոնի ժյուրիի կազմը և մրցութային ֆիլմերի ցուցակը

22.06.2016, 16:51
«Ոսկե ծիրանի 2016» երևանյան XIII միջազգային կինոփառատոնի կազմակերպչական կոմիտեն հրապարակել է ժյուրիի կազմը և երեք մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցակը:
«Ոսկե ծիրանի» կազմկոմիտեն հրապարակել է կինոփառատոնի ժյուրիի կազմը և մրցութային ֆիլմերի ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրանի 2016» երևանյան XIII միջազգային կինոփառատոնի կազմակերպչական կոմիտեն հրապարակել է ժյուրիի կազմը և երեք մրցութային ծրագրերում ներառված ֆիլմերի ցուցակը:

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «Ոսկե ծիրանի 2016» ծրագրերի ժյուրիի կազմում ներառվել են ռեժիսորներ, օպերատորներ, պրոդյուսերներ, դերասաններ, կոմպոզիտորներ և կինոքննադատներ Հայաստանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Իրանից, Սերբիայից, Ռուսաստանից, Մակեդոնիայից, Դանիայից: Նրանց թվում են Ֆրեդ Քելեմեն (Գերմանիա), Ստեֆան Կիտանով (Բուլղարիա), Պիեռ Լեոն (Ֆրանսիա), Հոմայուն Էրշադի (Իրան), Պավել Պեչյոնկին (Ռուսաստան), Մարինե Ալես (Հայաստան):

«Միջազգային խաղարկային մրցույթ», «Միջազգային վավերագրական մրցույթ», «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» երեք մրցութային ծրագրերին մասնակցելու համար ներկայացված 900 հայտերից ընտրվել են 43 ֆիլմ», - ասաց Ստամբոլցյանը:

«Ոսկե ծիրան 2016»-ը կանցկացվի հուլիսի 10–17–ը:

Նրա խոսքով, մրցութային ֆիլմերի ընտրությունն այս տարի բավական դժվար էր, քանի որ ներկայացվել էին բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր, և հանձնաժողովում թեժ վիճաբանություններ էին ընթանում:

«Ցանկանում եմ երկու ֆիլմ առանձնացնել, որոնք արդեն ներկայացվել են միջազգային կինոփառատոներում և ներառվել մրցութային ծրագրում: Դրանք «Թոնի Էրդման» և «Գալիք» ֆիլմերն են», - ասաց Ստամբոլցյանը:

Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը ափսոսանքով նշեց, որ հայտագրված վավերագրական ֆիլմերի մեծ մասը բարձր մակարդակի վրա չէր:

«Այսօր խաղարկային և վավերագրական ֆիլմերը հաճախ մոտենում են իրար, ժանրերի միջև սահմանը ջնջվում է», - ասաց Խանջյանը: Նրա խոսքով, «Ոսկե ծիրանի» վավերագրական մրցութային ծրագրում առաջին անգամ կներկայացվի «Կախարդական լեռը» անիմացիոն ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող Ռաֆֆի Մովսիսյանն ասաց, որ կինոփառատոնի շրջանակում կկայանան Աննա Արևշատյանի «Բարի լույս», Ջիվան Ավետիսյանի «Վեջին բնակիչը» և Դավիթ Սաֆարյանի «28:94 Տեղական ժամանակ» հայկական ֆիլմերի պրեմյերաները:

«Այս տարի մրցութային ծրագրում ներառվել են հայկական երեք լիամետրաժ ֆիլմեր, և դա լավ ցուցանիշ է: Հուսանք, որ «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում ներառված ֆիլմերը կցուցադրվեն նաև միջազգային փառատոններում», - ասաց Մովսիսյանը:

Այս տարի կինոփառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25–ամյակին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–