Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)

20.09.2017, 17:11
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։
Օռնելա Մուտին Երևանում է. ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին և ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը Երևանում են։

Համաշխարհային աստղերը նախօրեին մասնակցել են «Ծագումով հայեր» հեռուստահաղորդման 10–ամյակին նվիրված համերգին։

«Ես Հայաստանում եմ արդեն երկրորդ անգամ, շատ հայ ընկերներ ունեմ։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայկական խոհանոցը, այն հիասքանչ է, կարծում եմ, որ կանայք հիանալի են»,– ասել է Մուտին։

Համերգի ժամանակ իտալացի դերասանուհին անսպասելիորեն բեմ են հրավիրել և երկար ծափահարել նրան։

«Մի փոքր հուզված եմ և լի եմ զգացումներով։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, և հպարտ եմ, որ ինձ հրավիրել են իմ ընկերները, ովքեր պատմում են ինձ հրաշալի Հայաստանի մասին։ Նրանց պատմությունների շնորհիվ ես ինձ Հայաստանի մասնիկ եմ զգում»,– ասել է դերասանուհին։

Առաջին անգամ Մուտին եկել էր Հայաստան «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու համար։ Հայաստան երկրորդ այցի ժամանակ ակնկալվում է, որ նա նաև կմասնակցի Հայաստանի անկախության 26–ամյակին նվիրված համերգներին։

Հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանն իր հերթին պատմել է իր հայկական արմատների և մանկական հիշողությունների մասին։

«Իմ պապը միշտ պատմում էր իր հայրենիքի մասին, և ահա ես այստեղ եմ` Հայաստանում։ Նա պատմում էր իր գյուղի, իր ընտանիքի մասին, որը զոհվել է։ Նա միշտ ներկա է եղել իմ մանկության մեջ, ցավոք, 10 տարեկան էի, երբ մահացավ։ Նա սազահար էր»,– ասել է Լեգրանը լրագրողների հետ զրույցում։ -0-