Հայաստանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքից ստացված 218,000 դոլարի փողերի լվացման դեպք

04.07.2025, 14:13
Հանցավոր խմբի անդամները Հայաստանում առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր են իրացրել՝  կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում
Հայաստանում բացահայտվել է թմրանյութերի վաճառքից ստացված 218,000 դոլարի փողերի լվացման դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ-ում հանցավոր խմբի անդամները առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր են իրացրել ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում (ավելի քան 218 հազար դոլար), հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թթ.-ի ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց:

Զ.Ա.-ն և հանցավոր խմբի մյուս անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 84 մլն 861 հզր 546 ՀՀ դրամին համարժեք  ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու նպատակով գնորդներին տրամադրել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու համար: Արդյունքում, հանցավոր խմբի անդամները կանխիկացրել և տնօրինել են կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցված գումարները՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

Նախաքննության ընթացքում Զ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում