Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» մրցանակի լոնգ–լիստում

09.06.2016, 20:55
Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի լոնգ–լիստում «21–րդ դար» անվանակարգում։

Նարինե Աբգարյանի վեպը` «Յասնայա պոլյանա» մրցանակի լոնգ–լիստում
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի լոնգ–լիստում «21–րդ դար» անվանակարգում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, «21–րդ դար» անվանակարգում ժյուրիի որոշմամբ լոնգ–լիստում ընդգրկվել են 42 ստեղծագործություններ, ընդ որում` Պյոտր Ալեշկովսկու «Ամրոցը», Յուրի Բույդայի «Ցեյլոնը», Անդրեյ Գելասիմովի «Տասը պատմություն սիրո մասին», Ռոման Սենչինի «Ուղղակիորենը», Սերգեյ Սնեգիրյովի «Ի՞նչ էր նրա անունը», Սերգեյ Սոլոուխի «Պատմություններ կենդանիների մասին», Լեոնիդ Յուզեֆովիչի «Ձմռան ճանապարհը»։

Նարինե Աբգարյանը հայազգի ռուսաստանաբնակ հայտնի գրող է, «Արարում» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նրա գրական ուղին սկսվել է «Կենդանի ամսագրի» բլոգից։ Առաջին անգամ նա էջ է բացել 2005 թվականին, բայց երկու ամիս անց դադարել է գրել և միայն 2009 թվականի գարնանը վերսկսել է գրառումները` Մանյունյայի մասին պատմություններով։

Դրանցով հետաքրքրվել է գրող Լարա Գալը, ով ծանոթացրել է Նարինեին «Астрель-СПб»–ի խմբագիր Իրինա Կոպիլովայի հետ։ Այդպես արգասաբեր գործակցության արդյունքում լույս են տեսել Աբգարյանի երեք առաջին գրքերը` «Մանյունյա», «Մանյունյան ֆանտաստիկ վեպ է գրում», «Понаехавшая»։ -0-