ՔԿ-ն հայտնել է, թե ինչ հատկանիշներով քրվարույթի շրջանակում են քննչական գործողություններ կատարվել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՔԿ-ի մամուլի պատասխանատու Կիմա Ավդալյանը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալությանը հայտնել է, թե ինչ հատկանիշներով քրվարույթի շրջանակում են քննչական գործողություններ կատարվել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։
Ավելի վաղ հայտնել էինք,որ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում խուզարկություններ են կատարվում։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,-նշվել է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մասին
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ի գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Հունիսի 18-ին դատարանը բավարարել է գործարարին երկու ամսով կալանավորելու ՔԿ միջնորդությունը։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։
Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում