Ուկրաինացի ռեժիսոր Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը ճանաչվել է Երևանի «Ոսկե ծիրան» XI կինոփառատոնի հաղթողը

21.07.2014, 11:01
Ուկրաինացի ռեժիսոր Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը ճանաչվել է Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի հաղթողը՝ «Խաղարկային կինո» անվանակարգում:
Ուկրաինացի ռեժիսոր Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը ճանաչվել է Երևանի «Ոսկե ծիրան» XI կինոփառատոնի հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինացի ռեժիսոր Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը ճանաչվել է Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնի հաղթողը՝ «Խաղարկային կինո» անվանակարգում:

Երևանի «Ոսկե ծիրան» XI միջազգային կինոփառատոնը մեկնարկել է Երևանում հուլիսի 13-ին և եզրափակվել է նախօրեին:

Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել վրացի ռեժիսոր Լևան Կոգուաշվիլու «Կույր ժամադրություններ» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել իտալացի ռեժիսոր Ռոբերտո Պազոլինիի «Նատյուրմորտ» ֆիլմը:

Վավերագրական ֆիլմերից առաջին տեղին է արժանացել իտալացի ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակի է արժանացել լեհ ռեժիսորներ Էլվիրա Նևերայի և Պյոտոր Ռոսոլովսկու «Դոմինոյի էֆեկտը» ֆիլմը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակին է արժանացել պաղեստիցնի ռեժիսոր Օմար Ռոբերտ Համիլթոնի «Թեև գիտեմ, որ գետը չորացել է» ֆիլմը: «Կորիզ» մրցույթում հատուկ մրցանակի է արժանացել հույն ռեժիսոր Ասմինա Պրոյեդրուի «Կարմիր Հալքը» ֆիլմը:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում «Ոսկե ծիրան» մրցանակի են արժանացել հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը և Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը: «Արծաթե ծիրան» մրցանակի է արժանացել հայ ռեժիսորներ Շողիկ Թադևոսյանի և Արեգ Ազատյանի «Ռոմանտիկները» լիամետրաժ-խաղարկային ֆիլմը:

Ամերիկացի ռեժիսոր Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» ֆիլմն արժանացել է պատվոգրի:

Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի է արժանացել Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» ֆիլմը:

ՖԻՊՐԵՍԻ մրցույթում այս տարի հաղթել է մրցութային ծրագրի առաջատարը՝ «Ցեղը» ֆիլմը:

Էկումենիկ մրցույթում գլխավոր մրցանակին է արժանացել հայ ռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» ֆիլմը, իսկ խրախուսական մրցանակի է արժանացել «Կույր ժամադրություններ» ֆիլմը:
Կինեմատոգրաֆիստների միության «Թագուհի Նուարդ» մրցանակի են արժանացել ամերիկացի ռեժիսոր Հայկ Քոչարյանի «Նորմալ եղիր, խնդրում եմ» և չինացի ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմերը:

Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել հայ ռեժիսոր Ալեն Մանուկյանի «Հարություն» դեբյուտային ֆիլմը:

Կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակին են արժանացել աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեն և հայտնի կինոգետ Մարկո Մյուլլերը, իսկ Փարաջանովի հատուկ մեդալ է հանձնվել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվեց «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով:

«Չնայած մենք անհամբերությամբ սպասում էինք, թե երբ կանցնեն փառատոնի պատասխանատու յոթ օրերը, սակայն այսօր մենք բոլորս տխուր ենք, քանի որ շատ դժվար է հրաժեշտ տալ: Մենք փակում ենք հաջողված փառատոնը, որը հիանալի հյուրեր ունեցավ», - ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր երաժշտական համարներով, ելույթ ունեցավ նաև հայտնի ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը:

Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:-0-