Երևանում առաջին անգամ կհնչեն հոլիվուդյան մուլտֆիլմերի մեղեդիները

27.05.2014, 19:07
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երևանում առաջին անգամ կներկայացնի Cartoon Non-Stop համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն սիրելի և հայտնի հոլիվուդյան մուլտֆիլմերի մեղեդիները, տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Երևանում առաջին անգամ կհնչեն հոլիվուդյան մուլտֆիլմերի մեղեդիները

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Երևանում առաջին անգամ կներկայացնի Cartoon Non-Stop համերգային ծրագիրը, որի ընթացքում կհնչեն սիրելի և հայտնի հոլիվուդյան մուլտֆիլմերի մեղեդիները, տեղեկացրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Համերգների ժամանակ, որոնք տեղի կունենան մայիսի 30–31–ին և հունիսի 1–ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեր նվագախումբը կկատարի այնպիսի հայտնի մուլտֆիլմերի մեղեդիներ, ինչպիսիք են` «Վարդագույն պանտերան», «Առյուծ արքան», «Քունգ–ֆու Պանդան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտիկը», «Մադագասկար», «Շրեկ», «Ալադին» և այլն», – երեքշաբթի լրագրողներին ասել է Սմբատյանը։

Cartoon Non-Stop համերգային ծրագիրը դեռ 2012 թ.–ին մեկնարկած Hollywood Non-Stop նախագծի ինքնատիպ շարունակությունն է, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Բոլոր կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի կադրերով և լուսաձայնային հատուկ էֆեկտներով։

«Հուսով եմ, որ այս յուրօրինակ նախագիծը կաջակցի երաժշտական կուլտուրայի նկատմամբ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը, իսկ մուլտֆիլմերի կադրերի և երաժշտության համադրությունն ընդմիշտ կմա փոքրիկ հանդիսատեսի սրտերում», – ավելացրել է նա։

Նվագախմբի տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախագծի մեջ ընդգրկելու նպատակով մուլտֆիլմերի ընտրությունն իրականացվել է հարցման հիման վրա, որն անցկացվել է Facebook սոցիալական ցանցում նվագախմբի պաշտոնական էջում։

Նվագախմբի տնօրենը նաև պատմել է, որ նախագծի շրջանակներում մայիսի 31–ին ժամը 14։00–ին նույն համերգասրահում նվագախումբը կներկայացնի Cartoon Non-Stop նախագիծը, որը նախատեսված է մանկատների սաների և անապահով ընտանիքների երեխաների համար, համերգին ներկա կլինի հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ այս տարի նվագախումբը նախատեսում է նոր նախագիծ պատրաստել, որի շրջանակներում կներկայացվեն հայկական կինոֆիլմերի մեղեդիները։

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.–ի նոյեմբերին, 2005 թ.–ին պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել։ Նվագախմբի կազմում հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը նվագախմբի տեղեկատվական հովանավորն է։–0–