ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 2008-2010թթ.-ի հավաքածուից ընտրված ֆիլմերը մայիսի 6-15-ը կցուցադրվեն Նիդեռլանդներում, հաղորդում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
«The Best of Golden Apricot Film Festival» կարգախոսով այդ օրերին տեղի կունենա Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելու մեջ», Դիանա Կարդումյանի «Աշնան արև» կինոնկարների պրեմիերաները։
Բացի այդ, ցուցադրության շրջանակներում կներկայացվեն նաև վերջին երկու տարիներին կինոփառատոնին մասնակցած ժապավենները՝ Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ և կես սենյակ կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լևան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:
Նույն ժամանակահատվածում այնտեղ տեղի կունենա նաև լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ուրախ օր…» խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է զարգացող հասարակության տառապանքը և ուրախությունը:
Մայիսի 8-ին նախատեսվում է քննարկում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում, որին ներգրավված կլինեն փառատոնի բոլոր հյուրերը: Նախատեսվում է քննարկում տարածաշրջանում համագործակցության, Հայաստանում կինոյի վիճակի մասին:
Հայաստանը կներկայացնեն փառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ռեժիսորներ՝ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը։
Ցուցադրություններին ներկա կլինեն նաև արտասահմանցի ռեժիսորներ, պրոդյուսերներ և տարբեր փառատոների ներկայացուցիչներ։
«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը ամենահեղինակավորներից մեկն է տարածաշրջանում: Այն անցկացվում է 2004 թվականից: Վերջին՝ յոթերորդ կինոփառատոնին, որն անցկացվեց 2010 թվականի հուլիսին, 62 երկրներից ավելի քան 100 կինոնկար ներկայացվեց:
2010 թվականին «Ոսկե ծիրանը» կինոփառատոնը արժանացավ մրցանակի «FICTS PLATE D’HONNEUR 2010»-ի կողմից, որը Կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային դաշնությունն է և միավորում է 103 երկրներ և հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի և օլիմպիական կրթության» ոլորտում: --0-