Երևանում անցնում է հայկական ազգային ֆիլատելիստական ցուցահանդես

09.10.2007, 19:55
Երևանում անցնում է հայկական ազգային ֆիլատելիստական ցուցահանդես

Երևանում հեկտեմբերի 9-ին բացվեց Հայկական ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը, նվիրված  նորանկախ Հայաստանի 1-ին նամականիշի թողարկման 15-ամյակին և Փոստի միջազգային օրվան:

«Այսօր հիշարժան օր է Հայաստանի ֆիլատելիստական միության համար, որովհետև երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ նման ցուցահանդես։ Միայն այդ եղանակով են ֆիլատելիստները հնարավորություն ստանում նեկայացնել իրենց հիանալի հավաքածուն»,-երեքշաբթի ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Հայաստանի ֆիլատելիստական միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքերով, վերջին տարիներին որոշ բարդությունների պատճառով նման ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորություն չի եղել։

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր դա մեզ հաջողվեց, չէ որ նամականիշներն ինչ-որ իմաստով խորհրդանշում են մեր անկախ պետականությունը»,-ասաց նա։

Իր հերթին ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ նման միջոցառումները կնպաստեն հանրապետությունում ֆիլատելիայի զարգացմանը։

«Դա անկրկնելի արվեստ է, չէ որ նամականիշների միջոցով մենք ներկայացնում ենք մեր երկիրը, մասնավորապես, մեր մշակույթը, բնությունը, գիտությունը և արժեքները»,-ընգծեց Մանուկյանը։

Նրա խոսքերով, որոշ ժամանակ երկրում ֆիլատելիայի մշակույթին արժանի ուշադրություն չէին դարձնում։

«Ես վստահ եմ, որ ֆիլատելիան մեր երկրում կսկսի զարգանալ, և մենք միջազգային ցուցահանդեսներում կկարողանանք ներկայացնել մեր հավաքածուները, որոնց մեջ արտացոլված է մեր երկիրը և մեր պատմությունը»,-ասաց Մանուկյանը։

Փոստի համաշխարհային օրվա առիթով փոստային շրջանառության մեջ դրվեց «Ծիծեռնակաբերդ» գեղաթերթիկը և Փոստի միջազգային օրվան նվիրված հատուկ դրոշմակը։

Ցուցահանդեսի երկրորդ օրը նվիրված կլինի հայ երիտասարդությանը, կհայտարարվեն ՅՈւՆԵՍԿՈ-ի հետ համատեղ Համաշխարհային փոստային միության կողմից կազմակերպված «Նամակ գրիր ընկերոջդ և պատմիր, թե ինչու է աշխարհը հանդուրժողականության կարիք զգում» թեմայով մրցույթի արդյունքները։

Հոկտեմբերի 11-ը նվիրված է լինելու սկաուտական շարժման 100-ամյակին: Այդ առիթով Հայփոստը գործողության մեջ կդնի հատուկ դրոշմակ:

Հոկտեմբերի 12-ին նախատեսվում է փոստային շրջանառության մեջ դնել Մատենադարանի 50-ամյակին նվիրված նամականիշը:

Հայաստանում ԽՍՀՄ կապի ժողկոմի լիազոր ներկայացուցիչ Բագրատ Նալբանդյանին նվիրված նամականիշը ծրագրավորվում է շրջանառության մեջ դնել ցուցահանդեսի վերջին օրը` հոկտեմբերի 13-ին:

Ցուցահանդեսում, որը կտևի մինչև հոկտեմբերի 13-ը, ներկայացված են նամականիշների 36 հավաքածուներ։ Կազմակերպիչը Հայաստանի ֆիլատելիստների միությունն է, գլխավոր հովանավորները՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն և «Ցիտադել» բիզնես-կենտրոնը։—0—