«Անորայի» տրիումֆը․ հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացել է 5 «Օսկարի», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

03.03.2025, 09:18
Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, դարձել է «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը
«Անորայի» տրիումֆը․ հայ դերասանների մասնակցությամբ ֆիլմն արժանացել է 5 «Օսկարի», այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որտեղ հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, դարձել է «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը։

Ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակի 97-րդ հանդիսավոր արարողությանը, որը կայացավ նախօրեին Լոս Անջելեսում, «Անորան» արժանացավ հինգ արձանիկի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սցենար», ինչպես նաև «Լավագույն կանացի գլխավոր դերակատար» (Մայկա Մեդիսսոն) անվանակարգերում։

«Լավագույն երկրորդ պլանի տղամարդու դեր» անվանակարգում ներկայացված Յուրա Բորիսովը զիջեց Կիրան Քալկինին («Իրական ցավը» ֆիլմ)։

«Անորայի» մասին

Ֆիլմը պատմում է նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին։ Որոշ առումով այն կարելի է համարել հանրահայտ «Սիրունիկը» ֆիլմի ժամանակակից վերապատմումը։ Սակայն այս անգամ պատմությունը դժբախտ ավարտ է ունենում գլխավոր հերոսուհու համար։ «Քաղցր դառնություն»՝ այսպես են բնութագրում ֆիլմի ավարտը կինոքննադատները։

Ավելի վաղ «Անորան» արժանացել էր 2024 թվականի Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու», Բրիտանական կինո և հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) «Լավագույն քաստինգ» մրցանակին, երեք Independent Spirit Awards մրցանակի, ինչպես նաև ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆիլմը՝ World of Reel-ի վարկածով։